Նոյեմբեր ամիսը Կենդանակերպի բոլոր նշանների տակ ծնվածներին պարգևելու է և՛ հաճելի, և՛ (դժբախտաբար) տհաճ պահեր:
Մորակների և աստղաբույլերի աննախադեպ դասավորության շնորհիվ նշանների ամբողջ համակարգը շարվելու է կտրոնավորված հացի հերթերում, բայց ո՛չ տիեզերական գեղեցիկ հաջորդականությամբ, այլ՝ դրա զուտ երևանյան դրսևորումներով: Այլ խոսքով ասած, ամենևին պարտադիր չէ, որ հերթի մեջ Խոյն առաջինը լինի, իսկ Այծեղջյուրը՝ տասներկուերորդը: Կարող է լրիվ հակառակը պատահել: Այնուամենայնիվ, ավելորդ վեճերից ու բախումներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս տեղն ու տեղը ճշտել ձեր հերթակից անձի նշանը: Այսպես օրինակ, եթե դուք Առյուծ եք, իսկ նա՝ Աղեղնավոր, ուրեմն ձեր հերթակցությունը բախտավոր է ու ներդաշնակ: Բայց աստված ոչ անի, եթե դուք Ցուլի տարում եք ծնվել, իսկ նա՝ Վագրի: Դա հույժ անհամատեղելի հերթակալություն է, և ձեզանից մեկն անմիջապես պետք է նորից հերթ կանգնի: Զիջողն այս դեպքում Վագրն է, և լավ կլինի, եթե նա տեղ գրավի Վիշապի տարում ծնվածի կողքին:
Այնուհետև, նրանք, ովքեր Հորթ են, շատ ավելի մեծ հավանականությամբ են ենթակա գազամատակարարման խափանումների: Իսկ Կարիճների ու Զրհոսների լույսերի շախմատային գրաֆիկը կարող է բարենպաստ լինել՝ երեկոյան ժամերին նրանք ավելի մեծ հավանականություն կունենան Մարիաննայի արցունքները անվերջորեն հաշվելու։ Բայց թող նրանք չուրախանան, քանզի նոյեմբերի երկրորդ կեսին ջուր չեն ունենալու: Ինչ վերաբեբում է Երկվորյակներին ու Կշեռքներին, ապա նրանց համար խիստ անհրաժեշտ են սպորտային վարժությունները, մանավանդ թևերի մկանները կոփելու նպատակով, քանզի հենց նրանք են ամենից շատ կախվելու ավտոբուսների դռներից կամ տրամվայների ետնասանդուղքներից:
Նոյեմբերի երկրորդ շաբաթում բոլոր նշանների համար անխտիր կսկսեն անհետանալ ալյուրը, միսը, ձուն, պանիրը, սխտորը, շոկոլադեղենը, սուրճը և այլն: Ավելի ճիշտ, դրանք կլինեն սեղանիկներին ու շուկաներում, բայց ոչ մարդկանց սառնարաններում ու պահարաններում, որովհետև վերջիններիս մոտ խիստ կպակասի կրկնապատկված աշխատավարձը: Իհարկե, կյանքն առանց բացառությունների չի լինում և կհանդիպեն որոշ Կապիկներ, որոնք այդ ամենից կշարունակեն օգտվել նախկին առատությամբ: Թող նրանք չզարմանան, որ մանավանդ Առյուծները և Կույսերը իրենց ավելի վատ են զգում: Չմոռանանք, որ առայժմ Կապիկի տարի է, և բախտը ժպտում է նրանց, ովքեր ճարպիկ են ու ժամանակին կարողանում են ճյուղից ճյուղ թռչել:
Ձկները ու Խեցգետինները նոյեմբերի վերջին երեկոները թող տանը մնան, բայց խնայեն էլեկտրականությունը, որպեսզի հետո, դեկտեմբերի 31-ին, լիուլի լույս ունենան: Իսկ եթե ըստ մասնագիտությունների ու խավերի գուշակելու լինենք, ապա բիզնեսմենների համար լավ է Սատուրնի ու Յուպիտերի սպասվելիք մերձեցումը, որն էլ, սակայն, վատ է ուսանողների համար, քանի որ թանկանում է տրանսպորտային երթևեկությունը: Բայց շատ վատի դեպքում միշտ լավի հերթն էլ է գալիս, ուստի ուսանողները պարզապես չեն վճարի տրոլեյբուսի պոչից հերոսաբար կառչելու արժեքը:
Միով բանիվ, Նոյեմբերը թող ձեզ շատ չհուսահատեցնի, որովհետև, եթե շատ եք վհատվել, գնեցեք ակնթարթային վիճակախաղ և քերելու պահին, անշուշտ, հույսի շող կճառագի ձեր սրտում: Իսկ կշահեք թե ոչ, դա արդեն երկրորդական է, քանզի ձեզ կմխիթարի «Այո՛» հեռուստաշոուի զրնգուն «Օքեյը», որն այդքան հրճվանքով ասում է «Ֆրոնտ-Սանդինայի» հեղափոխականի արտաքինով ժպտերես մի երիտասարդ: