Ծնվել եմ 1907 թվականին, հուլիսի 19-ին Խարբերդում, իրավաբանի ընտանիքում:
1915 թվականին հայերի բռնի տեղահանության ժամանակ մեր ընտանիքը Խարբերդից տեղահանվելով օթևան գտավ Հալեպում /հայրս նահատակվել է Խարբերդի մտավորականների հետ: 1924 թվականին ավարտել եմ Հալեպի Հայկազյան վարժարանը: Նույն թվականի նոյեմբերին Խորհրդային Հայաստան ներգաղթողների առաջին քարավանով մեր ընտանիքը եկել է Երևան:
Իմ բեմական առաջին քայլերը կատարել եմ դեռևս Հալեպում - «Անդրանիկ» թատերախմբում: Իսկ 1924 թվականին Հայկազյան վարժարանի ավարտական դասարանի աշակերտներս, մեր երկու ուսուցիչների ղեկավարությամբ պատրաստեցինք Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգությունը, որը ներկայացրինք քաղաքի «Սինեմա պաթեյում»:
Ես խաղացի Շայլոկի դերը:
Նույն թվականին հյուրախաղերով Հալեպ եկած կովկասահայ դերասան Հայկ Արծիվի բեմադրած Գ. Գեի «Տրիլբի» դրամայի ներկայացման մեջ կատարեցի Բիլլիի դերը:
Ի դեպ, իր «Աշխարհով մեկ» գրքում Հայկ Արծիվը հիշատակել է այդ ներկայացման մասին: Գիրքը հրատարակվեց Երևանում 1962 թվականին:
1932 թվականին նույն դերը Բիիլլին, ես խաղացի Երևանում Արուս Ոսկանյանի /Տրիլբի/ և Միքայել Մանվելյանի /Սվենգալի/ մասնակցությամբ ներկայացված տեսարանների մեջ:
1925 թվականից մինչև 1948 թթ. որպես դերասան աշխատել եմ հետևյալ թատրոններում.
Երևանի Պետական առաջին թատրոնում 1925-27թթ.
Բանվորական շրջիկ թատրոնում /որի հիմնադիրներից եմ եղել/1928-30թթ.
Ա. Ի. Միկոյանի անվան Պատանի Հանդիսատեսի թատրոնում1930-1948 թթ:
1949 թվականից ի վեր մինչև օրս աշխատում եմ Գեղարվեստա-թատերական ինստիտուտում սկզբում, որպես դերասանական ֆակուլտետի դեկան, հետո` ասիստենտ, բեմադրական մասի ղեկավար, իսկ 1959 թվականից ի վեր աշխատում եմ որպես ինստիտուտի գիտական քարտուղար:
Իմ դերասանական գործունեության 25տարիների ընթացքում խաղացել եմ շուրջ 100 դերեր:
1948 թվականից ի վեր Հայկական Թատերական ընկերության անդամ եմ:
Նկարահանվել եմ նաև Հայֆիլմ կինոստուդիայի «Վերադարձ» գեղարվեստակյան կինոնկարում /Քեռի Մովսեսի դերում/ և «Երևան» միավորման «Մորգանի խնամին» հեռուստատեսային գեղարվեստական կինոնկարում /Հմայակի դերում/:
Պարգևատրվել եմ մեդալներով և ՍՍՀՄ կուլտուրայի աշխատողների արհմիության կենտկոմի, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի վարչության, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի վարչության, ՀՍՍՀ կուլտուրայի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի և Դաղստանի ԻՍՍՀ կուլտուրայի մինիստրության պատվոգրերով:
Դերասանական իմ գործունեության տարիներին միաժամանակ ղեկավարել եմ մի շարք թատերական խմբակներ - Երևանի գործարանային ակումբներում ու կուլտուրայի տներում, որտեղ բեմադրել եմ Ա. Շիրվանզադեի «Չար ոգի», Ա. Պ. Չեխովի «Առաջարկություն», Վ. Թոթովենցի «Երկու սուր», Մ. Քոչարյանի «Կույր երաժիշտը», «Ուսադիրներով կինը» պիեսները:
Ղեկավարել եմ նաև Երևանի Պիոներների ու դպրոցականների պալատի, մանուկների գեղարվեստական դաստիարակության տան ու մի շարք դպրոցների թատերական ասմունքի խմբակները:
Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում եղել եմ երկու բեմադրությունների հարակից ռեժիսոր ասիստենտ: Իսկ Գեղարվեստա - թատերական ինստիտուտում աշխատել եմ որպես ասիստենտպրոֆեսոր Վ. Աճեմյանի ղեկավարած դերասանական կուրսերից մեկում:
Իմ սույն հուշագրությունները, որոնք կրում են «Օրերի վարագույրը» ընդհանուր խորագիրը, ընթերցողին են ներկայացվում հետևյալ նպատակամղումով՝ պատմել մեր մշակույթի մեծ երախտավորներից մի քանիսի կյանքից առանձին դրվաներ, որոնց հետ անձամբ առնչվել եմ՝ մոտիկ շփման մեջ լինելով նրանց հետ։
1915-ին մեծ եղեռնից փրկված, օթևան գտած մի հայ գաղթօջախի մշակութային կյանքը, ի վերջո պատմել պոլսահայ դերասանուհու մասին, որի հետ 1924 թվականին սկսվեց իմ բեմական կենսագրությունը: Տաղանդավոր արվեստագետուհին իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել էր Կոնստանտինոպոլսում արևելյան երաժշտական թատրոնում: Երկամյա աշխատանքից հետո թողել էր Կոնստանտինոպոլիսը և մեկնել Հալեպ: Սակայն չգտնելով դերասանական մշտական աշխատանք` իր և իր մոր գոյությունը պահպանելու համար ստիպված դարձել էր, շահբենդիր արևելյան կաֆեշանտանի երգչուհի-պարուհի:
Հուշագրություններիս այն էջերը, որոնք նվիրված են այդ դերասանուհու և իմ փոխադարձ սիրո անավարտ պատմությանը, գրված են ոչ թե անձնական սիրային, հաջողությունները ցուցադրելու, այլ իմ պատանեկան տարիների ռոմանտիկան վերհիշելու ներքին անմիջական մղումով: Ես վստահ եմ, որ ընթերցողն այդ էջերը ավելորդ չի համարի և ինձ չի հանդիմանի:
Ի դեպ 1924 թվականի գարնան Հայկազյան վարժարանի ավարտական դասարանի աշակերտներս Հալեպի «Սինեմա պաթե» կինոթատրոնում ներկայացրինք, «Վենետիկի վաճառականը» թատերգությունը: Ներկայացումը նվիրված էր հանճարեղ անգլիացի դրամատուրգի ծննդյան 360 ամյակին: Պիեսը բեմադրեցին հայոց լեզվի ու գրականության դասատու Ուլուբեյանը, ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի Շեքսպիրի թատերգությունների անվանի թարգմանիչ Մասեհյանի քույրը` տիկին Քաջբերունին: Ներկայացման մեջ ես կատարեցի Շեյլոկի դերը: Ի դեպ Պորցիայի ու Ջեռերայի դերերը խաղացին մեր դասարանի երկու տղաներ, քանի որ ոչ մի ծնող չէր համաձայնվել, որպեսզի իր դուստրը բեմ բարձրանա:
Թեև շուրջ 60 տարի է անցել այդ օրից, բայց իմ հիշողության մեջ դեռևս վաղ է մեր դպրոցի տնօրենի, մայրենի լեզվի իմ առաջին ուսուցչի արևմտահայ արձակագիր անվանի Երուխանի միշտ բարի ժպտացող դեմքը:
Եվ արագ մտովի ես վերադառնում եմ իմ ծննդավայրը, քայլում Խարբերդի ծանոթ փողոցներով, հասնում այն փողոցը, որտեղ իմ հայրենի տունն էր, մտնում հարազատ մեր օջախի շեմից ներս, արցունքն աչքերիս շրջում բոլոր անկյունները: Վարդագույն պարտեզը, որը Թոթովենցների պարտեզի մեր բաժանականն էր միջնապատերով: Մեծ թթենու մոտ գտնվող հնամենի ջրհորի ձողափայտից կախված հնօրյա մեր դույլից խմում անհագուրդ ասես նոր հանված սառնորակ ջուրը: Քայլերս ուղղվում են մեր տնից ոչ հեռու գտնվող եկեղեցին, որի բակում էր գտնվում մեր դպրոցը: Ես, ասես նստած մեր դասարանում, իմ դպրոցական նստարանին, լսում ուսուցչիս` Երուխանի հանդարտ ձայնը: Նա գրատախտակի վրա կավիճով գրում էր վանկ առ վանկ Միքայել Նալբանդյանի«Ազատություն» բանաստեղծության առաջին քառյակը։
Ազատ աստված այն օրից
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել
Ես անբարբառ մի մանուկ
Երկու թևքս պարզեցի
Եվ իմ ազատ թևերով
Ազատություն գրկեցի
Աչքերիս առաջ կինոժապավենի նման անցնում են 1915 թվականի ապրիլյան մեծ եղեռնի դժնդակ օրերը: Ինձ թվում է, թե ես վեց տասնամյակների հեռավորությունից հասել եմ իմ կյանքի առաջին տասնամյակի այն օրը, երբ կանգնած իմ ծննդավայրի բանտի երկաթաձողերի մոտ, արցունքն աչքերիս նայում էի սիրելի հայրիկիս և իմ առաջին ուսուցչին` Երուխանին, որոնք մյուս հայ մտավորականների հետ թուրք ոստիկանների հսկողության տակ բանտային խցիկներից մի քանի րոպեով դուրս էին բերվել բակ բացօթյա վերջին զբոսանքի: Նույն օրը մթնշաղին շուրջ 300 հայ մտավորականներ շղթայակապ տարվել էին Եփրատի ափերը և հանձնվել յաթաղաններով զինված թուրք ասկյարների ու ենիչերների դատաստանին:
Լուսաբացին Եփրատով հոսել էր նրանց արյունը:
Ես մի պահ սթափվում եմ մղձավանջային այդ տեսիլից... սակայն հիշողությանս մեջ դարձյալ վերակենդանանում են իմ մանկության տարիների հուշերը և ինձ թվում է, որ ես դեռևս նստած եմ աշակերտական իմ նստարանին, մտովի մոտենում եմ մեր դասարանի պատուհանին, իմ դիմաց մեր դարավոր եկեղեցին է, որի զանգակատնից կարծես լսում եմ իրիկնային ժամերգության կանչող զանգերի ղողանջները: Իմ ականջին են հասնում նվիրական սուրբ սուրբի քաղցրալուր հնչյունները: Հետո հայացքս մի պահ հառում եմ կապույտ երկնակամարին և աչքերիս առաջ կարծես տեսնում աղվնիկ խաղցնող Հակոբի սպիտակ աղավնիների կողքին սավառնող գույնզգույն օդապարիկներ, որ մասին պատմում է իմ հայրենակից Վահան Թոթովենցը «Կյանքը հին Հռովմեական ճանապարհի» վրա իր վիպակում: Որոնց երկարաձիգ կապիչներն իրենց ձեռքերում էին պահել մեր թաղի տղաները` տանիքների վրա կանգնած: Ու նրանց մեջ կարծես տեսնում եմ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի» վրա վիպակի ապագա հեղինակին` Վահան Թոթովենցին, կանգնած իրենց տանիքի վրա, գունագեղ իր օդապարիկի երկարուձիգ կապիչը ձեռքում:
ՍԵՖԵՐԸ
Հիշում եմ. յերեկվա նման դեռ թարմ և հիշողությանս մեջ. հինգ տարի յե անցել այն որերից հետո, բայց նա թվում ե, թե նույնն ե և այսոր:
Սեֆեր. քսան տարեկան մի արաբ յերիտասարդ` վորի կյանքի յերեք քառորդը անցել եր Սահարայի կիզիչ արևի տակ, վորի սիրտը տաք եր, ինչպես այդ անապատի միջորեն:
Հինգ տարի առաջ եր Հալեբում /Սիրիա/. ամեն յերեկո հանդիպում եյի. միշտ տխուր, մտածկոտ` յերբեմն դժգոհ, յերբեմն ել յերազող աչքերով դիտում եր արևի վերջին, մարվող շողերը և հրճվում. ի՞նչ եր վորոնում, կամ ի՞նչ եր տենչում – չեյի կարողանում հասկանալ նրա հույզերն ու հույսերը:
Ընկերներ եյինք յես և նա. իր ապրումների գաղտնիքը վոչ վոքի չեր ասում. իսկ իմ հետաքրքրությունը գնալով վարարում էր և հորդում. ամեն րոպե մտածում եյի այդ տժգույն, մելամաղձոտ տղի մասին. ուզում եյի սողոսկել նրա հոգու խորքերը` զգալու այն, ինչ վոր նա յեր զգում:
Այսպես սահեցին ամիսներ. յես պատրաստվում եյի մեկնելու: Անձրևոտ մի գիշեր պատահում եմ Սեֆերին` Բաբել Ֆարաջ հրապարակի արաբական սրճարաններից մեկի առաջ: Այդ փոքրիկ սրճարանը արաբ աշուղների ժամադրավայրն եր, այն աշուղների, վորոնց շատերի աչքերը արցունքից կուրացել եյին, վորոնք որ ու գիշեր շրջում են փողոցից - փողոց, տներում, պատուհանների տակ` իրենց ջարդված գործիքների վրա նվագելու և յերգելու, յերգելու և լաց լինելու… Մեկիկ մեկիկ վերհիշում եմ այդ ալեվոր յերգիչներին, վորոնց ծիծաղն ել հեկեկանք եր:
Յերկուսով մտանք սրճարան. պահ մի լուռ մտածում եյինք, սակայն յերկար չտեվեց` ու Սեֆերը շշուկով ասաց`
Ուրեմն գնում ես, ե՞լի:
Յես լուռ եյի…
Լա՛վ, շարունակեց նա, թող տարoրինակ չթվա, միայն ասա` թե ու՞ր:
Տատանվում եյի…
Լռու՞մ ես, հարցրեց նա: Իսկ յես գիտեմ…
Մի սարսուռ անցավ. քարացել եյի:
Սեֆերի աչքերը ջրակալվեցին ուրախության արցունք եր կաթում. ամբողջ մարմնով հրճվում եր, շրթները խաղում եյին:
Պատասխանեցի`
Մեկնում եմ S. S. R.
Ներիր, վոր գիտեմ, - ասաց նա, ու բացականչեց հազար յերանի քեզ. բարի ճանապարհ դեպ Կարմիր Հորիզոն:
Ինչպիսի՜ շեշտ, ինչպիսի՜ յերաժշտություն կար նրա խոսքերի յուրաքանչյուր բառի ամեն մի վանկի մեջ - ասես` հոգին եր թելադրում, սիրտն եր խոսում:
Ու այսպես խոսեց.
- Լսիր, իմ յերազանքի գաղտնիքը քեզ անհայտ ե. այս որվանից դու իմ մտերիմն ես: Մի քանի տարի յե լսում եմ քո գնալիք յերկրի մասին. յե՛ս ել եմ յերազել սլանալ, հասնել, թեկուզ տարիներից հետո ծերացած. բայց իզուր… ո՞վ ինծ թևեր կտա, և կամ թե մի փայտ, վոր խարխափելով գոնե վորոնեմ…
Լռեց:
Ու հայացքը ինձ սևեռած` կարծես սպասում եր թեվեր առնելու և սավառնելու: Գլուխը ձեռների մեջ` լացակումած մրմնջում եր.
Ի՞նչու յեմ ծնվել, այն ել ինչու արաբ…:
Բայց այնտեղ բոլորն ել մեկ են, - պատասխանեցի նրան:
Սեֆերը հրճվանքով նայեց աչքերիս…
Նրա ուրախությունը անչափ եր, անչափ` և ի՛մը…
Վերջին որն եր, վերջին անգամ պատահեցի: Նրա առաջին խոսքը այս եր.
- Յես մենակ չեմ, ինձ հետ շատերն են. յեթե բախտը չժպտա, վոչինչ, կաշխատենք, վոր մեր հողն ել կարմրի:
Նրա ձայնի մեջ բողոքի շեշտ կար:
Սեֆերը ինձ եր սպասում. յես միայն մի խոսք կարողացա ասել.
Պայքարեցեք անվախ:
Հինգ տարի յե անցել, թեև չգիտեմ թե ու՞ր ե նա, ի՞նչ ե դարձել, նույնը մնա՞ց թե վոչ, վո՞ղջ ե թե մեռած, քանի վոր իմպերիալիզմի դեմ մղված կռիվներում շատերն ընկան իրենց յերիտասարդ հասակում:
Հինգ տարի: Շատ եմ մտածել, վերհիշել, տխրել: Միայն նա չեր, ուրիշներ` ամբողջ Արևելքում, բյուրավորներ, վորոնք իրենց աչքերը սևեռում եյին դեպի մեծ, հաղթական Մոսկվան: Նրանց մեջ պայքարի գաղափարը դարձել եր միս և արյուն:
1924 թվականի ամառային ամիսներին Հալեպում ներկայացումներ տվեցին Պարսկաստանից եկած կովկասյան դերասանական խումբը և Եգիպտոսից եկած պարսկահայ դերասան Օնիկ Վոլտիրն ու Փարիզի դրամատիկ թատերախմբի դերասան Շահան Սարյանը: Վերջիններս, Սինեմա օրիենտալում ներկայացրին հատվածներ Լ. Շանթի «Հին Աստվածներ» թատերգությունից: Աբեղայի դերում հանդես եկավ Շահան Սարյանը, կույր վանականի դերում Օնիկ Վոլտիրն: Իսկ վանահոր դերը խաղաց դերասան Տիրան Աճեմյանը: Ներկայացված հատվածներում Աբեղայի, կույր վանականի և վանահոր տեսարանների հետ կապված դերերը կատարեցին «Անդրանիկ» թատերախմբի մի քանի դերասաններ: Կովկասահայ դերասանական խումբը «Լունա-պարկ» ամառային թատրոնում ներկայացրին Շիրվանզադեի «Չար ոգին», Հ. Պարոնյանի «Բաղդասար ախբար», Ջիոկոմիտիի «Կորրադո» և «Շերլոք Հոլմս» պիեսը (հեղինակի անունը չեմ հիշում):
1924 թվականի գարնանը Հալեպ եկավ կովկասահայ դերասան, երգիչ Հայկ- Արծիվը «Աշուղ ղարիբ» և «Ուշ լինի նուշ լինի» երաժշտական ներկայացումներից հ ետո Հայկ Արծիվը ձեռնամուխ եղավ Գեի «Տրիլբի» դրամայի բեմադրմանը: Դրամայի հերոսուհու Տրիլբիի դերը կատարելու էր պոլսահայ երիտասարդ սիրված դերասանուհի երգչուհի և պարուհի Էֆրազը, որը մինչ այդ Հալեպի Անդրանիկ թատերախմբի «Լեբլեբիջի հոր-հոր աղա» երաժշտական ներկայացման մեջ մեծ հաջողությամբ կատարել էր Ֆաթիմայի դերերգը:
Ի դեպ, «Անդրանիկ» թատերակազմը սիրողական դերասանախումբ էր և գործում էր հասարակական հիմունքներով: Խմբի անդամները աշխատավարձ չէին ստանում, նրանք հիմնականում կիլիկյան վարժարանի ուսուցիչներ և ուսուցչուհիներն էին: Ներկայացումների հասույթը հատկացվում էր վարժարանի ուսումնական կարիքներին: Շատ չափավոր աշխատավարձ էր ստանում միայն թատերախմբի ղեկավար բեմադրիչը, պոլսահայ դերասան, նկարիչ Հակոբ Առաքելյանը, որը միաժամանակ խաղում էր ներկայացումների գլխավոր դերերը: Ինչպես, օրինակ, Օթելլո և Ռոմեո (Շեքսպիրի): Առաքելյանն ինքն էր կատարում ներկայացումների նկարչական ձևավորումը:
…. և ահա Էֆրազն իր և իր մոր գոյությունը պահպանելու համար հարկադրված էր որպես երգչուհի, պարուհի ելույթներ ունենալ« Շահբինդիր կաֆե արևելյան շանթանում: «Տրիլբի» ներկայացման մեջ ինքը` Հայկ Արծիվը, կատարում էր Սվենգալիի դերը, Բիլլի դերը վստահված էր ինձ, իսկ մնացած դերերը հանձն էին առել «Անդրանիկ» թատերախմբի համապատասխան ուժերը: Ներկայացման նախնական փորձերը կատարում էինք Հայկ Թորոսյանի «Քոնթինենտալ» հյուրանոցում, Էֆրազի զբաղեցրած մշտական սենյակում: Մի անգամ փորձերից մեկի ժամանակ Էֆրազը, վրդովված ցույց տալով «Lasyrie» ֆրանսերեն լրագրի նույն օրվա համարը, ինձ խնդրեց կարդալ իր մասնակցությամբ մի քանի օր առաջ կատարած «Լեբլեբիջի հոր-հոր աղա» ներկայացման թատերախոսկանը, որտեղ հեղինակը բարձր գնահատելով Էֆրազի մարմնավորած Ֆաթիմայի կերպարի դերակատարումը, միաժամանակ նրան պարսավել էր այն բանի համար, որ տաղանդավոր երիտասարդ դերասանուհին ելույթներ ունեցավ Շահբենդիր կաֆեշանտանի արվեստագետուհու կոչումը գցում է իր բարոյական արժանիքների վրա: Հոդվածը ես անմիջական թարգմանաբար` որոշակի կարդում էի հայերեն, քանի որ Հայկ Արծիվը ֆրանսերեն չգիտեր: Էֆրազը սաստիկ հուզված սկսեց խոսել.
-Մեկը հարցնի այդ պարոն հոդվածագրին, իսկ ո՞ր թատրոնում ես կարող եմ աշխատել, գոյությունս պահպանելու համար, չ՞է որ Սուրիո ոչ մի քաղաքի մեջ հայկական թատրոն չկա և ինչու միայն Սուրիո: Իսկ «Անդրանիկ» թատերախմբի ելույթների համար իմ ստացած գումարով կրնա՞մ միթե ապահովիլ ընտանիքիս ապրուստը: վերջին բառերի ժամանակ Էֆրազի աչքերից արցունքներ սահեցին: Այդ օրվա մեր փորձը չկայացավ, բայց և Հայկ Արծիվը և ես կարողացանք հուսադրել Էֆրազին:
Սինեմա Օրիենտալում մի օր հետո նա մեծ հաջողությամբ հանդես եկավ «Տրիլբի» ներկայացման մեջ` ուրախացնելով հայ և օտար հանդիսականների խանդավառ ընդունելությունն ու բուռն ծափահարություններին: Մեր ներկայացումից մեկ շաբաթ անց Էֆրազը Դամասկոսի «Պալաս» կաֆե շանթանի հրավերով մեկնեց Հալեպից: Կայարանում Էֆրազը տխուր տրամադրությամբ մեզ հրաճեշտ տալիս ասաց.
-Պարոն Արծիվ անգամ մը Էդվարդի հետ քանի մը օրով Դամասկոս եկեք: Աղվոր քաղաք է:
-Ինչու չէ, կարող ինք գալ և այնտեղ պալասում «Տրիլբի» ներկայացնել:
-Ինչ կասեք պարոն Արծիվ«պալասի բեմը շատ փոքր է և թատերական հարմարություններ չունի: բացի այդ ան զվարճավայր է միայն և հաճախորդները մեծ մասամբ արաբներ են:
Միասին օտար ազգիներ հատկապես նույնիսկ չկային ֆրանսիացիներ: Հայերը հազվադեպ կուգան «պալաս:
-Ոչինչ օրիորդ Էֆրազ, մենք ալ արաբերեն ու ֆրանսերեն լեզվով կներկայացնինք, – ասաց Հայկ Արծիվը և շարունակեց, – Դուք և Էդվարդը ինձ իսկ սովորիցնիք երկու լեզուներն էլ:
Հայկ Արծիվն խորհրդանշական նայեց ինձ:
– Պարոն Արծիվ,–ասաց Էֆրազը չկարողանալով զսպել իր ծիծաղը,– Դուք կատակ կնիք, թե լուրջ կխոսիք: Քանի տարի պիտի մնաք Դամասկոս, որ երկու լեզուներն ալ սովորիք:
– Իհարկե կատակում եմ թանկագին Էֆրազ, որպեսզի Ձեր տրամադրությունը բարձրացնեմ, – հաստատեց Արծիվը: Եվ մենք երեքս էլ ուրախ ծիծաղեցինք: Նույն ուրախ տրամադրությամբ էլ Էֆրազը մեզ ջերմագին հրաժեշտ տվեց ու բարձրացավ վագոն: Մենք երկար ժամանակ կանգնած հետևում էինք հետզհետե հեռացող գնացքի ընթացքին:
1924 թվականի հոկտեմբերին ես Հալեպից գնացքով ուղևորվեցի Յաֆա` միանալու մորեղբորս ընտանիքին ու Սովետական Հայաստան ներգաղթող առաջին քարավանով մեկնելու Երևան: Քարավանը կազմված էր երկու հարյուր հիսուն հայ որբերից և մի քանի ընտանիքներից: Պաղիստանի նավահանգստից մեզ «Յաֆա ափերն էր տանելու սովետական «Կերչ» շոգենավը:
Գնացքով Յաֆա մեկնելուն պես մի քանի օրով կանգ առա Դամասկոսում, որտեղ հյուրընկալվեցի մեր ընտանիքին մոտիկ մի բարեկամի տանը: Ես չէի կարող մտնել Դամասկոս` առանց վերջին անգամ հրաժեշտ տալու Էֆրազին, որի հետ սկսեց բեմական իմ առաջին լուրջ քայլերը և որն իմ պատանեկան հոգում արթնացրել էր գեղեցիկ հույզեր ու տխուր …
Նույն օրը երեկոյան սպիտակ վարդերի փունջը ձեռքս ես մտա «Պալաս» և կաֆե շանթան բեմի մոտիկ դրված մի սեղանի մոտ: Էֆրազն այդ շանթանի առաջին աստղն էր:
Սրահը լեփ լեցուն էր զվարճասերներով: Սրահի տարբեր անկյուններում դրված սեղանների մոտ նստած էին տխրադեմ, որոնք մաստիկան օղիյով մի պահ մոռացության էին տալիս իրենց չարքաշ անուրախ կյանքի հոգսերը: Գարսոնները զվարճասերներին սկուտեղներով մատուցում էին պատվիրված խմիչքներն ու խորտիկներ: Ինձ մոտեցող գարսոնին խնդրեցի բերել մի բաժակ սուրճ նարինջի օշարակ և Դամասկոսի նշանավոր փախլավան: Բեմի խորքում նստած երաժշտական խումբը նվագում էր արաբական քաղցրալուր մի մեղեդի: Ես անհամբեր սպասում էի Էֆրազի հայտնվելուն: Սակայն մինչև նրա ելույթը բեմում հանդես եկավ մի արաբ մի պարուհի, որն իր ճկուն գեղեցիկ շարժումներով կատարեց մի պորտապար: Ապա եվրոպական երաժշտության ներքո հանդես եկավ ֆրանսուհի Բլանշը` ֆրանսիական մի սիրերգի կատարմամբ: Նրան հաջորդեց հույն երգչուհի-պարուհի Աֆասսայադին հունական կենսախինդ կատակ պարով երգով: Զվարճասերները խանդավառ ծափերով էին ընդունում շանսոնիտների ելույթները: Փոքր դադարից հետո երաժշտական հնչյունների տակ բեմ մտավ Էֆրազը: Սպիտակ շքեղ զգեստով: Նա երգեց արաբական մի սիրերգ և Լեբլեբիջի հոր-հոր աղա Ֆաթիմայի «գարուն եկավ» մեներգը թուրքերեն լեզվով: Սրահը թնդում էր ծափահարություններից զվարճասերների «յա այոննի» «յա հաբիբի» բացականչություններով էին վարձատրում աննման երգչուհուն: Օտարազգի զվարճասերները նույնպես «բրավո» «բրավիսիմո» բացականչություններով ու ծափահարություններով արտահայտում էին իրենց հիացմունքը: Էֆրազը կանգնած բեմում խոնարհում էր իր գլուխը, ես մոտեցա բեմին, վարդերի փունջը երկարեցի դեպի Էֆրազը: Նա մոտեցավ, փունջը վերցրեց ու մի պահ նայելով ինձ հանկարծ ասես արձանացավ տեղում: Հետո նա բեմի առջևում դրված աստիճանով իջավ ցած, մոտեցավ ինձ: Մենք նստեցինք սեղանի մոտ:
–Այդ որուն կարոտը քեզ բերեց իմ Բիլլի Դամասկոս իմ թե՞ Հերմինեի:
–Ձեր միայն, Ձեր կարոտը իմ Տրիլբի: Եվ հետո եկել եմ հրաժեշտ տալու Ձեզ:
–Հրաժեշտ, զարմացած հարցրեց Էֆրազը:
–Այո: Շուտով կմեկնեմ Հայրենիք` Խորհրդային Հայաստան, Երևան:
–Երանի քիզի Էդվարդ ջան, երջանիկ կլլաս, – ասաց Էֆրազը փոքր ինչ տխրելով ու շարունակեց, –Ինձ չիս մոռնար իմ Բի՜լլի:
–Չիմ մոռնար, միշտ կհիշեմ Ձիզ:
–Տես իմ Բի՜լլի դերասան, անպայման դերասան կդառնաս:
–Այդպիս ալ որոշած իմ:
–Նամակ կգրիս ինձ: Ով գիտի, գուցե օր մըն ալ ես գամ Հայրենիք, հոծ միասին Տրիլբի կներկայացնինք, ֆաթիմը կերգեմ այս անգամ հայիրին, մինք միասին կթարգմանինք Լեբլեբիջին այո՞ իմ Բիլլի: Էֆրազը չարաճճի ժպիտով թարթեց աչքերը: Նա այդ անում էր այն դեպքերում, երբ որևէ հարցում իր համաձայնությունն էին խնդրում: Նման պահերին նա դառնում էր ավելի չքնաղ ու հմայիչ:
–Անպայման անպայման իմ Տրիլբի՜:
Մեր զրույցի ժամանակ ելույթ էր ունենում Հերմինեն: Նա երգում էր արաբական տխուր մի երգ: Էֆրազը վեր կացավ:
–Իմ վերջին ելույթն է: Վարդերը կբերես ինձ մոտ, իմ սենյակը: Տես կսպասեմ:
Նա բեմին մոտիկ դռնով գնաց կատարելու իր վերջին երգը: Երաժշտախումբը սկսեց նվագել արաբական թախծալի մի մեղեդի: Դանդաղ քայլերով բեմ մտավ Էֆրազը: Նա տխուր էր: Գալով բեմի կենտրոն, նա հայացքը մի պահ սևեռեց ինձ ապա սկսեց արաբերեն երգել: Դա երկու սիրող սրտերի բաժանման երգն էր, որը ես այն գիշերը թարգմանեցի հայերեն:
Մենք բաժանվեցինք, ու ես մնացի իմ վշտի հետ լուռ անապատում
Արցունքներն իմ դարձան օազիս տոթ անապատում
Մենք բաժանվեցինք ախ գուցե մի օր կվերադառնաս
Եվ ինձ գտնես իմ օազիսի լացող ջրերում:
Երգը վերջացավ: Էֆրազը ծափերի ու հիացական կանչերի տակ դանդաղ քայլելով ուղղությամբ գնաց դեպի կուլիսները: Ես սպիտակ վարդերի փունջը վերցրի և բեմի մոտ գտնվող դռնով գնացի դեպի Էֆրազի հանդերձարանը:
Գիշեր: Դամասկոսյան աստղազարդ գիշեր, զովասուն գիշեր էր: Ես և Հերմինեն Էֆրազի կառքով ուղեկցում էինք նրան դեպի հյուրանոց: Հյուրանոցում Էֆրազն ասաց.
– Վաղը նորեն կուգա՞ս «պալաս» իմ Բի՜լլի: Իսկ մյուս օրն ալ ես կուգամ կայարան քեզ ճանապարհիլու:
–Անպայման կգամ:
Կառապան Աբու Աշրաֆը կառքով ինձ տանում էր Հեջալ կայարանից ոչ հեռու բնակվող բարեկամիս մոտ:
Ճանապարհին, Աբարա գետի ափերի մոտ տեղ-տեղ երևում էին արաբ ֆիլլահներ ու բիդուիններ, որոնց իրենց սիրալիր գիշերային լռության մեջ ներդաշնակվելով մեղմ զեփյուռի խշշոցի հետ շոյում էին մեր լսողությունը: Աբու Աշրաֆը քարավանների հետ շատ անգամ էր անցել Սահարայով, խմել օազիսների կենարար ջուրը, ննջել ավազաբլուրների վրա, ուղտերի կողքին, նա շատ անգամ էր դիմադրել անապատի մահաբեր մրրիկներին ու խորշակներին: Սակայն ճակատագիրը ծանր վիշտ էր հասցրել նրան խզելով կնոջ և սպասվող առաջին զավակին կյանքը: Ահա թե ինչու Աբու Աշրաֆը թախծոտ լալագին ձայնով երգում էր իր տիրուհու բաժանման տխու՜ր երգը, որի հնչյունները Դամասկոսյան աստղազարդ, զովասուն այդ գիշերին ասես միախառնվում էին Աբադայի կարկաչող, ջրերին որպես իրիկնային մեղմ օրօր:
Հաջորդ օրը երեկոյան Էֆրազը եկավ կայարան: Մի պահ երկուսով լուռ նայում էինք միմյանց: Լռությունն այդ խզեց կայարանի հաղորդավարուհու ձայնը, որը ուղևորներին խնդրում էր գնացքում գրավել իրենց տեղերը:
–Էդվարդ սիրելիս, քեզի նորություն մը կուզիմ հայտնիլ, ես առաջարկ մը ունիմ, թեև քիչ մը ուշ է արդեն ասաց Էֆրազը` տարակուսանքով հայացքը աչքերիս հառած:
–Ասացեք իմ Տրիլբի՜:
–Այսօր ցերեկվա մոտ հանդիպումին հետո նամակ ստացա ֆրանսիական սինեմայի ստուդիայի կողմե։ Անոնք ինձ կրավիրին նկարահանվիլու ֆիլմ մը միջ: Գլխավոր հերոսուհու դերով։ ֆիլմի քանի մը տեսարաններ պիտի նկարահանվին այստեղ Դամասկոսին մեջ։ Ես մտածեցի իմ Բիլլի՜, որ եթե գուցե դու հետաձգիս Հայրենիք միկնելտ և ինձ հետ գաս Փարիզ: Ես կխոսիմ, որ դուն ալ հարմար դիր մը ունինաս ֆիլմի մեջ։ Իսկ հետո ես քիզ ընդունիլ կուտամ Փարիզի քոնսիրվաթուրաը, որը քանի մը տարին կավարտիս ու կդառնաս ֆրանսիական թատրոնի և սինեմայի դիրասան։
Էֆրազն, ավարտելով իր խոսքը, հարցական թախծոտ ժպիտով նայեց աչքերիս: Ես չէի կարող մի կտրուկ պատասխանով մերժել նրա առաջարկը, քանզի նույնիսկ այդ պահին կյանքն առանց նրան չէի պատկերացնում: Ես զգուշորեն Էֆրազին հիշեցրի իր առաջարկի առաջին բառերը
–Իմ Բիլլի՜, չէ որ ինքդ ասացիր, թե քիչ մը ուշ է արդին: Եվ հետո որքան վիշտ պատճառած կլինիմ իմ հարազատներիս լքելով նրանց: Չի որ մայրս ու երկու եղբայրներս նույնպես մեկ տարի հետո գալու են Հայրենիք:
Հնչեց կառամատույցի առաջին զանգը: Մի պահ Էֆրազը ցնցվեց: Հետո բացեց ձեռքի պայուսակը, հանեց իր լուսանկարը և տվեց ինձ: Լուսանկարի վրա գրված էր «Իմ Էդվարդին, իմ Բիլլիին ինձ միշտ հիշելու համար: Իր Էֆրազից, իր Տրիլբիից» Հալեպ-Դամասկոս 1924 թվական: Լուսանկարի ետևում գրված էին արաբական այն երգի տողերը, որոնք ես թարգմանել էի իր խնդրանքով: Իմ լուսանկարը ես նրան տվել էի դեռևս Հալեպում: Հնչեց կառամատույցի երկրորդ զանգը, մեր հրաժեշտի զանգը: Էֆրազը նորից բացեց պայուսակը և այնտեղից հանելով վարդագույն հակինթով մի գնդասեղ, ամրացրեց փողկապիս:
Հետո նա ձեռքը դրեց ուսերիս ու փարվեց ինձ…
Այտերիս վրա սահեցին նրա արցունքի տաք կաթիլները, որոնք միախառնվում էին իմ արցունքներին…
Մենք բաժանվեցինք…
Լսվեց կայարանի հերթապահի սուլիչը և գնացքը դանդաղ վերցրեց իր ընթացքը: Ես վագոնի պատուհանի անդառնալի սիրո մորմոքը սրտիս մեջ լուռ թափահարում էի գլխարկս որպես վերջին հրաժեշտ կառամատույցում կանգնած իմ Տրիլբիին, որը սպիտակ թաշկինակով սրբում էր մշտաժպիտ իր աչքերի արցունքները: Նրա մոտ էին իր անբաժան ընկերուհին` Հերմինեն և հավատարիմ կառապան Աբու Աշրաֆը:
1924 թվականի հոկտեմբերի 20-ին Հայրենիք ներգաղթողների շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած քարավանը միջերկրականի Յաֆա նավահանգստում նստեց սովետական «Կերչ» շոգենավը, որը մեկ ժամ հետո բարձրացնելով իր խարիսխը` դանդաղ սահեց ծովի վրայով և ուղղություն վերցրեց դեպի Օդեսսա: Նավ նստելու առաջին իսկ րոպեներից սկսած ճանապարհորդության ամբողջ ընթացքում Հայրենիք ներգաղթողներս շրջապատված էինք նավի ողջ անձնակազմի ռուս ծովայինների ջերմ, բարեկամական հոգատար և ամենօրյա ուշադրությամբ: Նավաստիների մեջ կային մի քանի հայ տղաներ, որոնք սկսեցին սիրով թարգմանչի պարտականություն կատարել մեր նոր ռուս բարեկամների ու ներգաղթողներիս միջև: Օրվա ազատ ժամերին այդ հայ տղաները մեզ ռուսերեն էին սովորեցնում, և մենք հետզհետե կարողանում էինք մասամբ ռուսերեն բառերով արտահայտել մեր մտքերը: «Կերչը» գրեթե մեկ շաբաթ նավարկում էր Էգեյան և Հունական ծովերով, և մենք ոչ մի ցամաքի գոտու չհանդիպեցինք, մինչև Կրետե և Ռոդոս, կղզիներին, հին Հունաստանի հելլադայի մշակույթի հնադարյան դեմ առ դեմ վեհորեն բազմած այդ լուռ վկաներին շոգենավի երկարատև շչակով ողջույն տալը: Հոկտեմբերի 29-ին, «Կերչը»՝ անցնելով Մարմարայի ափերով, հասավ Կոնստանտինոպոլիս և խարիսխ գցեց նավամատույցից հեռու բաց ծովում: Մոտորային նավակով նույն պահին մեր շոգենավին մոտեցավ թուրք ոստիկանների մի եռյակ, որը հայտնեց տեղական իշխանության հրահանգը, որի համաձայն նավի ուղևորները պարտադիր քարանտինը պետք է անցնեին Կ.Պոլսից երկու ժամվա հեռավորության վրա գտնվող Տուզլու սանիտարական կայանում: «Կերչը» հարկադրված նավարկեց դեպի Տուզլու: Անցնելով պարտադիր քարանտինը` մեր նավը վերադարձավ Կ.Պոլիս և երկրորդ անգամ խարիսխ գցեց բաց ծովում: Մեզ` հայ ուղևորներիս, չէր թույլատրված մուտք գործել քաղաք: Թուրքական տեղական իշխանության նման վերաբերմունքը ոչ այլ ինչ էր, քան անբարյացակամություն մեր` հայերիս նկատմամբ: Կ.Պոլիս հասնելու երրորդ օրը մեր նավը, վերջացնելով առևտրական բեռների բարձունքը և վերցնելով Ռուսաստան մեկնող մի խումբ օտարազգի ուղևորներ, բարձրացրեց խարիսխը ու, ճեղքելով մայրամուտի կապույտ ջրերը, ընթացք վերցրեց դեպի սև ծովեր` ետևում թողնելով սպիտակ մինարեների քաղաքը` Ստամբուլը: Նավի շարժման պահին ես, նավեզրի բազրիքներին հենված, աչքերս հառել էի դեպի վաղամեռիկ Պետրոս Դուրյանի և իմ Տրիլբիի` էֆրազի ծննդավայրը: Իմ ձեռքին էր հարազատներիս, դասընկերներիս, նշանավոր արվեստագետների ու գրողների բազմաթիվ լուսանկարներով ծանրացած ալբոմ, որի մեջ էր նաև Էֆրազի ինձ նվիրած լուսանկարը: Շոգ էր նավի շարժման ժամանակ մի պահ ձեռքս դողաց և ալբոմս մի ակնթարթում ընկավ ծովը` անհետանալով ալիքների մեջ: Ինձ անզոր զգալով փրկել ալբոմս` ես սկսեցի հեծկլտալ` նման այն երեխայի, որի ձեռքից խլում են իր ամենասիրելի տիկնիկը: Շոգենավը շարունակում էր իր ընթացքով, իսկ ես նույն բազրիքների մոտ կանգնած, աչքերս հառած ծովի այն կետին,որտեղ թաղվեց պատանեկան իմ` տարիների նվիրական հիշատակարանը: Նավը շարունակում էր իր ընթացքը գեղատեսիլ Վոսփորի ջինջ ալիքների վրայով: Անցնելով նեղուցը` «Կերչը» մտել էր Սև Ծով և լողում էր դեպի հայրենի ափը Օդեսսա: Հասնելով Օդեսսա հայտնեցին ներգաղթողներիս տեղափոխեցին «Չիչերին» շոգենավը, որը մեզ տանելու էր Բաթում, 1924 թվականին նոյեմբերի 7-ին մենք հասանք Սևաստոպոլ: Քաղաքը զարդարված էր տոնականորեն, շենքերի վրա ծածանվում էին ալ կարմիր դրոշներ: Ներգաղթողներս խմբերով վազվզում էինք Սևաստոպոլի փողոցներով, որոնք աշխույժ եռուզեռի մեջ էին: Մեզ հանդիպող ռուս մարդիկ, հավանաբար կռահելով, որ մենք արտասահմանից Հայրենիք ներգաղթող հայեր ենք, սովետական նոր քաղաքացիներ սիրալիր ժպիտներով ողջունում էին մեզ: Յուրաքանչյուր քայլափոխին մենք լսում էինք, «здравствуйте» «с приездом» մեզ ուղղված այդ ջերմ ողջույններն մենք նույնպես պատասխանում էինք ռուսներին «здравствуйте», «спасибо» բառերով, որոնք մեզ սովորեցրել էին «Կերչի» հայ նավաստիները: Քաղաքի տեսարժան վայրերը դիտելուց և ուրախ զբոսանքից հետո մենք նորից վերադարձանք նավ, որը նույնպես զարդարված էր տոնական: Այդ օրը նոյեմբերի 7-ի երեկոյան շոգենավի հանգստի սրահում առաջին անգամ մենք մասնակցեցինք հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 7-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ժողովին: Բոլոր ծովայինները հագել էին իրենց տոնական զգեստները: Նավում նույնպես, ինչպես Սևաստոպոլում վառ տրամադրություն էր: Մարդիկ երգում էին, պարում, նավաստիներից մի քանիսը բալալայկաների, կիթառների վրա նվագում էին ռուսական հին ու նոր երգեր ու պարեղանակներ: Մեր տղաներից մի քանիսը նույնպես իրենց մանդոլինաների վրա նվագակցում էին նավաստիներին` ջանալով սովորել մեզ անծանոթ ռուսական այդ երգերը: Հանդիսավոր ժողովն ավարտվեց «Ինտերնացիոնալ» հեղափոխական հիմնի կատարմամբ: Նավաստիները հոտնկայս երգում էին ռուսերեն: Շոգենավի ռուս կապիտանը նույնպիսի ուշադրություն և հոգատարություն էր ցուցաբերում մեր նկատմամբ, ինչպիսին «Կերչի» կապիտանը: Նկատելով մեր լռությունը` հավանաբար կռահել էր, թե ինչու մենք չենք ձայնակցում նավի անձնակազմին, և նա մոտենալով մեզ` սրահում նստած ներգաղթողներիս, սիրալիր ասաց.
–Գուցե դուք ևս կցանկանայիք որևէ բեմական երգով մասնակցել մեր տոնախմբությանը: Նա խոսեց ֆրանսերեն:
–Իսկ մենք կարող ենք երգել «Մարսելյեզը» կարելի՞ է, – պատասխանեցի ես նույնպես ֆրանսերեն:
–Մեծ սիրով ձեզ կլսենք, և ես հաճույքով կնվագակցեմ դաշնամուրով:
Նա անձնակազմին հայտարարեց այդ մասին և ինքը նստեց դաշնամուրի մոտ: Կապիտանը վերցրեց առաջին ակորդները և ժպտալով շարժեց գլուխը: Մեր տղաներից շատերը,հատկապես Սիրիայից եկած որբերը գիտեին ֆրանսիական հեղափոխության հիմնը «Մարսելյեզը» և մենք սկսեցինք ոգևորությամբ երգել: Կապիտանը իր նվագակցությամբ ավելի հնչեղ էր դարձնում հիմնի կատարումը, որի վերջին բառերի վրա սրահում բուռն թնդաց ծափահարությունը: Ծովայիններից շատերը մոտեցան մեզ, շնորհավորեցին մեր ելույթը: Ինքը` կապիտանը անձնակազմի անունից շնորհակալություն հայտեց, իսկ մենք փոխադարձորեն շնորհավորեցինք նրան իր նվագակցությամբ մեզ ոգևորելու համար: Հետո մի խումբ նավաստիների ռուսական «Խնձորիկ» պարով սկսվեց հանդիսավոր ժողովի գեղարվեստական բաժինը, որը տևեց մինչև ուշ գիշեր: Հաջորդ առավոտյան «Չիչերինը» բարձրացրեց խարիսխը և ճեղքելով Սև ծովի ալիքները, ընթացք վերցրեց դեպի Բաթում: Նոյեմբերի 13-ին խարիսխ գցեց Բաթում հանրապետություն մայրաքաղաքի Բաթումի նավահանգստում:
Հայրենիք ներգաղթողներիս առաջին քարավան դիմավորելու համար Բաթում էր ժամանել Խորհրդային Հայաստանի կառավարական հանձնաժողովը: Նրանց հետ մեզ դիմավորեցին նաև Բաթում քաղաքի ղեկավարության ներկայացուցիչները, որոնք Հայաստանի հանձնաժողովին խնդրեցին ընդառաջել իրենց ցանկությանը, որպեսզի ներգաղթողներս ծովային երկարատև ճամփորդությունից հետո մի քանի օր մնանք Բաթումում հանգստանալու և քաղաքին ծանոթանալու համար: Հայաստանի հանձնաժողովը սիրով տվեց իր համաձայնությունը: Մեզ` բոլոր ներգաղթողներիս, տեղավորեցին նավահանգստին մոտիկ մի հյուրանոցում: Եռօրյա հանգստի ժամանակ երեք հարյուր ներգաղթողների սնունդը ապահովելու համար Բաթումի քաղաքային խորհուրդը համապատասխան գումար էր փոխանցել հյուրանոցի ճաշարանին: Մեր հանգստի երեք օրերին մենք եղանք քաղաքի և մերձակա ծովափնյա տեսարժան վայրերում Մախինչաուրի,Կանաչ հրվանդան«Չակվա և Կոբուլետի առողջարաններում: Քաղաքի կինոթատրոններից մեկում դիտեցինք գեղարվեստական երկու ֆիլմեր, մոտորային նավակներով զբոսնեցինք ծովի վրայով: Նոյեմբերի 16-ին երեկոյան կայարանում ներգաղթողներս գնացք նստեցինք Երևան մեկնելու համար: Մեզ ճանապարհելու էին եկել Բաթումի քաղաքի մի խումբ ղեկավարներ: Սովետական Հայաստանի կառավարական հանձնաժողովը շնորհակալություն հայտնեց նրանց մեզ ցույց տրված բարեկամական հոգատարության և հյուրընկալման համար: Մի քանի րոպե անց փողային նվագախմբի երաժշտական հնչյունների տակ գնացքը մեկնեց Բաթում քաղաքից:
Հաջորդ առավոտյան մենք հասանք Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիս: Արևելահայ մշակույթի նախասովետական շրջանի կենտրոնը: Արևելահայ նշանավոր գրողների հանճարեղ Հ.Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Նար-Դոսի, Դերենիկ Դեմիրճյանի, Լեոի, Գրիգոր Արծրունու, Գևորգ Բաշինջաղյանի, դերասաններ Չմշկյան ամուսինների, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի ուրիշ շատ հայ գրողների և արվեստագետների գրական ու թատերական գործունեության կենտրոնը: Թիֆլիսում նույնպես մենք եղանք տեսարժան վայրերում, դիտեցինք Ֆունի կլյորը, Սուրամի բերդը, Խոջիվանքում քաղաքի արտիստական և Մարջանաշվիլու այլ թատրոններում (այժմ Ռուսթավելու անվան) Մետեխի բանտ և այլն: Գնացքը նույն օրը երեկոյան մեկնելով Թիֆլիսից մեզ տանում էր դեպի մեր հայրենի հանգրվանը` Երևան, Խորհրդային Հայաստան: Մենք սրտատրոփ սպասում էինք հաջորդ լուսաբացին, երբ մեր աչքերի առաջ բացվելու էր Արարատյան դաշտավայրը իր դարավոր Մասիսյան ու վեհանիստ Երևանով: Բացվեց 1924-ի նոյեմբերի 19-ի առավոտը: Աշնանային զովասուն, արևաշող առավոտ:Գնացքը իր վերջին հևքով սուրում էր արարատյան դաշտավայրով: Գնացքի պատուհաններից մենք հիացած դիտում էինք հեռվում արևի ճառագայթներով ողողված մեծ ու փոքր Մասիսները իրենց ձյունափայլ գագաթներով: Բացվեց Երևանյան համայնապատկերը, և գնացքը շչակի երկարատև սուլուցով կանգ առավ կառամատույցում: Մեծ ցուցանակի վրա գրված էր խոշոր տառերով «Երևան»: Կառամատույցը բազմամարդ էր, բոլորի դեմքերն ուրախություն էին արտահայտում: Կառամատույցի շքամուտքին ամրացված կարմիր պաստառի վրա խոշոր տառերով գրված էր, «Բարի գալուստ մեր հայրենակիցներին Խորհրդային Հայաստանի նոր քաղաքացիներին»: Իսկ երբ ներգաղթողներս սկսեցինք իջնել վագոններից, կառամատույցում բարձրացավ ծափահարությունների ալիքը և հնչեց փողային նվագախմբի երաժշտությունը: Մեզ հետ վագոնից իջան նաև Բաթում ժամանած հանձնաժողովի անդամները, որոնք կառամատույցում հանդիպելով ներգաղթի կոմիտեի ղեկավարներին, նրանց հետ կարճատև զրույցից հետո ավտոբուսներով ներգաղթողներիս տեղափոխեցին քաղաք: Մենք ժամանակավորապես տեղավորվեցինք Երևանի կուլտուրայի տան մի քանի ընդարձակ սենյակ: Նույն օրը երեկոյան պետական առաջին թատրոնում ներկաներիս համար ներկայացվեց «Կարմիր դիմակ» Լունաչարսկու բեմադրությունը: Ներկայացմանը մասնակցում էին թատրոնի անվանի դերասանների գրեթե մեծ մասը: Նրանցից շատերի անունները ես լսել էի դեռևս Հալեպում: Առաջին իսկ ընդմիջման ժամանակ իմ խնդրանքով թատրոնի հերթապահ աշխատավորուհիներից մեկը սիրով ինձ ուղեկցեց բեմ գնալու: Դերասանները հավանաբար իմ արտաքինից կռահելով, որ ես ներգաղթողներից եմ, ջերմորեն շրջապատեցին ինձ: Ես ծանոթացա թատրոնի առաջատար դերասանների Հասմիկի, Արուս Ոսկանյանի. Միքայել Մանվելյանի, Գրիգոր Ավետյանի, Մկրտիչ Ջանանի, Հրաչյա Ներսիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Ավետ Ավետիսյանի հետ: Երբ ես նրանց համառոտակի պատմեցի Հալեպահայության մշակութային հատկապես թատերական կյանքի մասին, դերասանները խնդրեցին, որ հետագա օրերին այցելեմ թատրոն և ավելի մանրամասն զրույց ունենամ Հալեպի «Անդրանիկ» թատերակազմի գործունեության դերասանական կազմի, բեմադրված պիեսների և հայկական այլ թատերախմբերի կամ առանձին դերասանների մասին, որոնք եղել են Հալեպում: Ի դեպ երբ ես հիշատակեցի «Անդրանիկ» թատերախմբի ղեկավար, դերասան, նկարիչ Հակոբ Առաքելյանին և Էֆրազի անունները, Մկրտիչ Ջանանն և Հրաչյա Ներսիսյանը ճանաչելով նրանց Կ.Պոլսից, բարձր գնահատեցին երկու արվեստագետների դերասանական կարողությունները: Ընդմիջումն ավարտվեց: Ես հրաժեշտ տվեցի դերասաններին ու գնացի դահլիճ ներկայացման հաջորդ գործողությունը դիտելու:
1932 թվականի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը բեմադրեց Շեստակովի «Հեռու ճամփորդություն» պիեսը, որտեղ ես կատարում էի ֆրանսիացի պատանի Պոլ Մարտիի դերը: Երևանի կարմիր բանակի տանը այդ պիեսի հերթական ներկայացումն էր: Առաջին գործողության ընդմիջման ժամանակ թատրոնի դիրեկտոր Վարյա Ստեփանյանի ուղեկցությամբ բեմ եկավ պատկառելի արտաքինով, գրեթե բարձրահասակ ու նիհարակազմ մի անձնավորություն: Հյուրին ներկայացնելով դերասաններիս դիրեկտորն ասաց.
–Հանրի Բարբյուսն է:
Ֆրանսիայի ականավոր գրողի անսպասելի այցը մեծ ոգևորություն պատճառեց, և մենք սկսեցինք ծափահարել: Հետո մենք մոտեցանք Հանրի Բարբյոսին: Վարյա Ստեփանյանը, որը բավականին վարժ խոսում էր ֆրանսերեն, մեզանից յուրաքանչյուրին անձնապես ներկայացրեց մեծ գրողին: Հավանաբար առաջին արարվածում իմ մենախոսության ժամանակ դիրեկտորը որոշ տեղեկություններ էր տվել իմ մասին, որովհետև երբ ես նույնպես մոտեցա Բարբյուսին` նա հարցրեց.
–Դուք կարծեմ Սիրիայից եք եկել, այո՞:
–Այո ընկեր Բարբյուս, 1924 թվականի վերջին Հալեպից, - պատասխանեցի ես նրան ֆրանսերեն:
–Երևի ֆրանսիական քոլեջ եք ավարտել։
–Ավարտել եմ հայկական դպրոց, բայց երկու-երեք տարի ֆրանսերենի իմ ուսուցիչը Հալեպի ֆրանսիական քոլեջի պրոֆեսոր Պոլ Բորենն էր, որը միաժամանակ գրականագետ էր: Թերևս լսած կլինեք:
Բարբյուսը ժպտաց:
–Պոլ Բորենին ճանաչում եմ դեռևս Սորբոնից: Իսկ մի քանի տարի առաջ, երբ այցելեցի Հալեպ, հյուրընկալվեցի նրա տանը:
Այնուհետև Հանրի Բարբյուսը գոհունակությամբ, հակիրճ կերպով խոսեց ներկայացման առաջին արարվածից ստացած իր տպավորությունների մասին: Վերջում Հանրի Բարբյուսն ասաց.
–Դուք շատ շնորհակալ գործ եք կատարում սիրելի ընկերներ` ձեր ընդունակությունները երիտասարդական եռանդ ու ջանքերը նվիրաբերելով մատաղ սերնդի գեղագիտական և ինտերնացիոնալ դաստիարակությանը: Ես տեսնում եմ, որ Սովետական միությունում կոմունիստական կուսակցությունն ու երկրի կառավարությունը հսկայական միջոցներ են հատկացնում մանկապատանեկան թատրոնների ցանկը ավելի ընդարձակելու, և մեծ հոգատարություն ցուցաբերում այդ թատրոնների կոլեկտիվների նկատմամբ: Մեր երկրում, օրինակ` Ֆրանսիայում կամ Եվրոպայի այլ երկրներում և կամ Ամերիկայում պատանեկության համար հատուկ թատրոններ չկան: Մեր պատանեկությունը զուրկ է գեղարվեստական նման բարիքներից: Ձեր պատանեկությունը երջանիկ բացառություն է կազմում:
Լսվեց երկրորդ գործողության զանգը: Հանրի Բարբյուսը դիրեկտորի ուղեկցությամբ գնաց դիտելու ներկայացման շարունակությունը: Երբ ներկայացումն ավարտվեց, Բարբյուսը նորից եկավ բեմ, շնորհավորեց դերակատարներիս, ներկայացման ռեժիսոր Գուրգեն Գաբրիելյանին, որը նույն պահին եկել էր բեմ, և շնորհակալություն հայտնելով ջերմագին ընդունելության համար, հրաժեշտ տվեց: Մենք խանդավառ ծափահարությամբ ուղեկցեցինք մեծ գրողին և մեր ժողովրդի մեծ բարեկամին:
1936 թվականի հուլիսին Երևանի «Ֆլորա» զբոսայգու ամառային թատրոնում Հովհաննես Աբելյանի ներկայացումներն էին: Վերջին ներկայացման օրը մեծ դերասանին ես հանդիպեցի Սունդուկյանի անվան թատրոնի շքամուտքի մոտ մենակ կանգնած: Հարգալից ողջունելով վարպետին` ես նրան հարցրի.
–Ում եք սպասում Հովհաննես Արտեմիչ, գուցե հերթապահին խնդրեմ, որ կանչի:
–Ինչ որ վատ եմ զգում, սպասում եմ, որ փորձը վերջանա, տղաներից մեկնումեկը ուղեկցի հյուրանոց:
–Ինքս կարող եմ Ձեզ ուղեկցել Հովհաննես Արտեմիչ, ասացի ես:
–Այ դա լավ կլինի, եթե միայն որևէ տեղ չէիր գնալու:
–Ոչ Հովհաննես Արտեմիչ, աշխատանքս արդեն վերջացրել եմ, իսկ տուն գնալ չեմ շտապում, պատասխանեցի ես սիրալիր:
Մենք սկսեցինք քայլել: Աբելյանի շնչառությունը լավ չէր: Նա թևքը դրեց ուսերիս և միասին շատ դանդաղ քայլերով սկսեցինք բարձրանալ դեպի «Ինտուրիստ»:
–Երեկոյան վերջին հրաժեշտի ներկայացումս է, մի երկու ժամ հանգստանամ, ասաց Աբելյանը ծանր հևալով:
Աբելյանի վերջին հրաժեշտի բառերը ինչ-որ վատ նախազգացում առաջացրին իմ մեջ…
–Հովհաննես Արտեմիչ լավ չէ՞ր լինի, որ տեղափոխվեիք Երևան, հաճախակի ճամփորդությունը հավանաբար վնասում է Ձեր առողջությանը:
–Անցյալ օրը նույն ցանկությունը հայտնեց հարգելի Աղասին (խոսքը Հայաստանի կոմկուսի քարտուղար ընկեր Խանջյանի մասին էր): Նա ասաց.
–Հովհաննես Արտեմիչ, կարծում եմ ժամանակն է, որ Բաքվից տեղափոխվեք Երևան, այստեղ նույնպես Ձեզ համար բոլոր պայմանները կստեղծենք, որպեսզի Դուք լավ զգաք:
Ես նրան ասացի.
–Աղասի ջան, Երևանի դիրքը շատ բարձր է գիշերները ես համարյա արթուն եմ անցկացնում: Հիվանդությունս` այս չարաբաստիկ «ասթման» շատ է խանգարում ինձ: Եթե ուրիշ հիվանդություն լիներ, ես Երևանից չէի հեռանա:
Թեև մեր քայլերը շատ դանդաղ էին, բայց մտահոգում էր Աբելյանի շնչարգելությունն ու հևոցը:
–Գուցե մի փոքր կանգ առնենք Հովհաննես Արտեմիչ, որպեսզի հանգստանանք:
Նա համաձայնվեց: Գնունյանցի փողոցի անկյունում մենք կանգ առանք:
–Հա լսիր սիրելիս, կարծես ինչ որ բան հիշելով, անցյալ օրը Արուսյակի հետ խոսում էինք «Տրիլբի» նորից ներկայացնելու մասին: Իհարկե ոչ այս անգամ: Նա ասաց, որ մի քանի տարի առաջ իր և Միշոյի հետ Բիլլի ես խաղացել: Ու վատ չես եղել: Այնպես որ` պատրաստ եղիր սեպտեմբերին մասնակցելու իմ ներկայացմանը:
Աբելյանի առաջարկը ներքուստ իհարկե շատ ուրախացրեց ինձ: Սակայն ստեղծագործական որոշ մտավախություն ստիպեց դիմել Աբելյանին:
–Շնորհակալություն Հովհաննես Արտեմիչ, միայն չգիտեմ կկարողանամ արդյոք արդարացնել Ձեր վստահությունը:
–Եթե Արուսյակն ու Միշոն հավանել են, ուրեմն ես էլ կհավանեմ: Մենք շարունակեցինք քայլել և մի քանի րոպե անց արդեն «Ինտուրիստ»-ի շքամուտքի մոտ էինք: Հենց այդ պահին էլ մուտքի առաջ կանգնած գլխավոր ադմինիստրատորը մոտեցավ թևանցուկ արեց Հովհաննես Արտեմիչին և նրանք միասին մտան հյուրանոց: Նույն օրը երեկոյան Աբելյանը մեծ անզգուշություն էր թույլ տվել ու «Ֆլորա» զբոսայգու ամառային թատրոնում տեղի ունեցած իր հրաժեշտի ներկայացումից հետո քրտնած վիճակում դուրս էր եկել թատրոնից ու գնացել հյուրանոց: Հաջորդ օրը նա ծանր կերպով հիվանդացել էր թոքերի սուր բորբոքումով: Հիվանդության երրորդ օրը մեր բեմի հսկա կաղնին` Հովհաննես Աբելյանը ընդմիշտ փակել էր իր աչքերը…
1927 թվականի ամառային մի օր մայրս Երևանի շուկայում պատահական դիպվածով վերագտնում է իմ հորաքրոջ տղային, որի մասին 1915-ի եղեռնից հետո ոչ մի տեղեկություն չունեինք: Հորաքրոջս տղան` Մկրտիչ Ասլանյանը, մորս հայտնում է, որ ամուսնացել է բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի աղջկա հետ: Նա խոստացել էր գալ մեր տուն` տեսնելու իր մորեղբոր զավակներին` ինձ և եղբայրներիս: Հաջորդ օրը, երբ աշխատանքից եկա, ազգականս մեր տանն էր, մենք երկար խոսեցինք մեր ծննդավայրի` Խարբերդի մասին: Արցունքոտ աչքերով վերհիշեցինք 15 թվի ապրիլյան արհավիրքները, տառապանքներով լի բռնագաղթը, արյունոտ յաթաղանների զոհ դարձած մեր հարազատներին: Ես ազգականիս խնդրեցի ծանոթացնել Շուշանիկ Կուրղինյանի հետ: Երկու օր հետո ազգականս նորից եկավ և ինձ տարավ Նոր Մալաթիա, որտեղ ապրում էր իր ընտանիքը` նորակառույց, հարամարավետ բնակարանում: Չնայած նրան, որ Կուրղինյանը տառապում էր ծանր հիվանդությամբ, սակայն նա ուրախությամբ ընդունեց իմ ներկայությունը: Ես ծանոթացա ազգականիս տիկնոջ` Անուշի հետ, որը մեծագույն սիրով և բացառիկ հոգատարությամբ էր տանում իր թանկագին մոր խնամքը: Իսկ Կուրղինյանի թոռնիկները` Մարգոն, Ալիսը և Վովան չէին հեռանում իր սիրելի տատիկի մոտից:
– Գիտեք, երբ ինձ մոտ են գալիս գրչակից ընկերներ, արվեստի մարդիկ են, ավելի լավ եմ զգում, ավելի թեթև է անցնում իմ հիվանդությունը,–ասաց սիրելի բանաստեղծուհին, որի երազկոտ աչքերում դեռ առկայծում էին իր պոետական քնարի անմար ստեղծագործությունների «Հանգցրեք ջահերի», «Ազատության ղողանջների», «Բանվորների մարտական ոգին»: Ես Կուրղինյանին հարցրեցի թե արդյոք հաճախ են այցելում իր գրչակից ընկերները–երբեմն իհարկե գալիս են, չեն մոռանում, բայց այժմ ամառ է և, հավանաբար, շատերը Երևանում չեն, – ասաց նա ու շարունակեց, – բացի այդ Նոր Մալաթիան բավականին հեռու է քաղաքից, իսկ փոխադրական միջոցները ինչպես գիտեք սակավ են: Ոչինչ բարեկամ, ասում են երկու երնեկ մի տեղ չի լինում, կատակեց բանաստեղծուհին ու ժպտաց: Հետո նա փոքր դադար տվեց և նորից շարունակեց – Այ, օրինակ իմ հոգևոր եղբայրը` Ավետիք Իսահակյանը, արտասահմանից վերադառնալուց հետո դեռևս չի եկել: Չեմ կարող մեղադրել, ժողովուրդը կարոտել է նրան, ամեն տեղից հրավիրում են նրան, բոլորը ուզում են տեսնել, հանդիպել մեծ բանաստեղծին: Կուրղինյանը չնայած իր հիվանդությանը, չէր կտրվում օրվա լրագրերից և ամսագրերից: Նա շատ էր հետաքրքրվում արվեստի նորություններով, թատրոնների նոր բեմադրություններով: Գրականության և արվեստի գործիչների առջև ծառացած նոր խնդիրների, նրանց ստեղծագործական մտորումների իրագործման ուղղությամբ Շուշանիկ Կուրղինյանի արտահայտված մտքերը ուղենշող դեր կարող էին խաղալ:
-Գրողն ու դերասանը, երաժիշտն ու նկարիչը կոչված են նոր մարդու հոգեբանության մեջ սերմանել գեղեցիկի, ազնիվի և մարդասիրության վսեմ հատկանիշները. - Գրողն ու արվեստագետը կոչված են իրենց ստեղծագործությունում պատկերել մեր նոր կյանքը, նոր մարդուն մեր ժողովրդի սոցիալիստական հաղթարշավը` իր վեհ գաղափարները իրականացնելու նպատակասլացքով: Այդ հաղթարշավի հերոսների` շինարարի, դաշտերի աշխատավորի, առաջավոր մասնագետի ու մտավորականի աշխատանքային սխրանքները:
Որպես երիտասարդ դերասան ինձ համար շատ ուսանելի էր ունկնդրել նրա խոհուն մտքերը, սակայն նկատելով, որ բանաստեղծուհին հոգնած տեսք ունի, բավական համարեցի առաջին օրվա մեր հաճելի զրույցը և պատրաստվեցի հրաժեշտ տալ:
– Նորից եկեք Էդվարդ, հիվանդությունս թող ձեզ չանհանգստացնի, ոչինչ կանցնի, անպայման եկեք, երբ ազատ ժամանակ ունենաք, չէ որ մենք բարեկամներ ենք, ջերմ բարևներ հաղորդեք ձերոնց:
Ես Կուրղինյանին խոստացա կրկին այցելել և հետագայում սիրով էի կատարում թանկագին բանաստեղծուհուն տված իմ խոստումը: 1927 թվականի դեկտեմբերյան ցրտաշունչ մի օր ազգականս ինձ հայտնեց Շուշանիկ Կուրղինյանի մահվան տխուր լուրը: Հուղարկավորության ժամանակ բանաստեղծուհու դագաղի ետևից գնում էին գրողներ, արվեստագետներ, գրական երիտասարդությունը, տեղացող ձյան խոշոր փաթիլներն ասես որպես սպիտակ փարվաններ (թիթեռնիկներ) իջնում էին դեպի հավերժություն գնացող բանաստեղծուհու աճյունի վրա: Այն բանաստեղծուհու, որը երգել էր «Հոգ չէ, թե կմեռնեմ», «Պետք չի», «Մեծ հաղթանակի», «Կծագի արև ազատ հոգեթով նրա ցոլքերը կարմիր շեշտակի կցրեն մռայլ խավարը մթին»:
1932 թվականի հունվարի 18-ին Երևանի Կարմիր բանակի տանը կայանալու էր մի համերգ վաստակավոր դերասանուհի Արուս Ոսկանյանի և վաստակավոր դերասան Միքայել Մանվելյանի մասնակցությամբ: Համերգի ազդագիրը դեռևս չէր հրատարակված, սակայն ես տեղեկացել էի, որ մեր անվանի արվեստագետները` Ոսկանյանն ու Մանվելյանը ներկայացնելու են առանձին հատվածներ Գ.Գեի «Տրիլբի» դրամայից: Տրիլբիի դերում հանդես էր գալու Արուսը իսկ Սվենգալիի դերում Մանվելյանը: Ինձ հայտնի չէր միայն թե ով է լինելու Բիլլիի դերակատարը: Համերգից մեկ շաբաթ առաջ երբ ես Կարմիր բանակի տանը զբաղված էի մեր թատրոնի (պատանի հանդիսատեսի) հերթական ներկայացման փորձով, հայտնեց դերասաններից մեկը, որ Արուս Ոսկանյանն ու Միքայել Մանվելյանը ճեմասրահում են և ուզում են ինձ տեսնել: Բարեբախտաբար փորձի վերջին րոպեներն էին և ես երկար չսպասեցրի հարգարժան իմ ավագ արվեստագետներին: Այցելության պատճառը մասամբ կռահում էի: Մի քանի առիթով Արուս Ոսկանյանին ու Միքայել Մանվելյանին պատմել էի կովկասահայ դերասան, երգիչ Հայկ Արծիվի կողմից Հալեպում բեմադրված «Տրիլբի» դրամայում Բիլիի դերը կատարած լինելու մասին: Ես շտապ քայլերով մտա ճեմասրահ և մոտեցա բազմոցի վրա նստած սիրելի արվեստագետներին: Ողջունելով նրանց նստեցի բազմոցի մոտ դրված աթոռին: Ընդունված սովորույթի համաձայն միմյանց առողջական վիճակի և անձնական գործերի մասին կարճատև հարցուփորձից հետո Արուս Ոսկանյանն ասաց.
–Հավանաբար լսած կլինես Էդվարդ, որ մոտ օրերս այստեղ` բանակի տանը կայանալիք համերգին ներկայացնելու ենք առանձին հատվածներ«Տրիլբիից և ես ու Միշոն (Մանվելյանի անվան կրճատ հապավումը) Բիլիի դերը վստահել ենք քեզ: Կարծում եմ հանձն կառնես:
–Սիրով տիկին Արուս, ինձ համար երջանկություն է Ձեզ և Միքայել Գևորգիչին խաղակից լինելը:
Հաջորդ օրն իսկ թատրոնի ցերեկային աշխատանքից հետո մենք սկսեցինք Տրիլբիի հատվածների փորձերը Արուս Ոսկանյանի բնակարանում: Փորձին երբեմն ներկա էր լինում Արուսի ամուսինը` Ցոլակ Պարզյանը` համակրելի, համեստ ու բարեկիրթ մի անձնավորություն: Չնայած նրան, որ նա պատասխանատու աշխատանքից տուն էր գալիս հոգնած, սակայն անհրաժեշտ պարագաներում սիրով օգնում էր Արուսին տնարարական գործերում:
Մենք փորձում էինք մեկու կես ժամից ոչ ավելի, որպեսզի ժամանակ մնա ճաշելու, հանգստանալու և երեկոյան նշանակված ժամին ներկայանալ թատրոնում փորձի կամ ներկայացման: Պետք է անկեղծորեն խոստովանել, որ Տրիլբիի փորձերի ընթացքում ես շատ բան սովորեցի Արուսից և Մանվելյանից, որոնք իրենց բեմական հարուստ փորձով ու պրոֆեսիոնալ գիտելիքներով երիտասարդ դերասանիս բացատրում էին ստեղծագործական բազում նրբերանգներ: Ի դեպ դեռևս պետական առաջին թատրոնում որպես սկսնակ, իմ աշխատանքի երկամյա ժամանակաշրջանում ես միշտ ջանում էի օգտվել մեր բեմի վարպետների ուսանելի խորհուրդներից:
Վերջապես եկավ հունվարի 18-ը` մեր համերգի օրը:
Երևանի կարմիր բանակի տան հանդիսասրահը լեփ լեցուն էր: Հանդիսականները մեծ մասամբ մարտիկներ էին, քաղաքի հրամանատար, զինվորականների ընտանիքի անդամներ: Համերգի առաջին բաժնում հանդես եկան Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի Ռինդիան և անվանի հանրաճանաչ երգիչ Շարա Տալյանը: Հանդիսականները ջերմորեն էին ընդունում նրանց ելույթները: Սկսվեց երկրորդ դրամատիկ բաժինը:
Բեմի վրա Տրիլբի-Արուս Ոսկանյանի և Սվենգալի-Միքայել Մանվելյանի հայտնվելը ծափահարությունների ալիք բարձրացրեց դահլիճում: Հանդիսատեսները լարված ուշադրությամբ հետևում էին իրար հաջորդող հատվածներին: Իսկ երբ վերջացավ Տրիլբի-Սվենգալի-Բիլլի եզրափակիչ հատվածը, հանդիսականները բուռն ծափահարություններով իրենց հիացմունքն էին արտահայտում սիրված արվեստագետներին` Արուս Ոսկանյանի ու Միքայել Մանվելյանի փայլուն տաղանդի նկատմամբ: Համերգից հետո Արուս Ոսկանյանը ու Ցոլակ Պարզյանը, Միքայել Մանվելյանին, Շարա Տալյանին և ինձ հրավիրեցին ընթրելու «Ինտուրիստ հյուրանոցի ռեստորանում: Մենք սիրով ընդունեցինք հրավերը: Սովորաբար գիշերային ժամերին ներկայացումներից հետո ռեստորանում շատ արվեստագետներ ու գրողներ էին լինում: Մենք զբաղեցրեցինք այն սեղաններից մեկը, որը սպասարկում էր մատուցողների շեֆը` պատկառելի Սահակ Դային: Ընթրիքը ու խմիչքը պատվիրելիս (Արուսի ամուսինը) Պարզյանը նկատի առավ յուրաքանչյուրիս նախասիրությունը: Սեղանի շուրջ մեր զրույցը սկսվեց համերգի թողած տպավորություններից: Մենք ավելի շատ ուզում էինք լսել Շարա Տալյանի և Պարզյանի կարծիքները, քանզի նրանք գտնվում էին հանդիսականների դերում: Մեր զրույցը ակտիվացավ երբ սեղանի վրա դրվեցին պատվիրված ընթրիքն ու խմիչքը: Երաժշտախումբը սկսեց նվագել հաճելի մի տանգո և երկու երիտասարդ զույգեր սկսեցին պարել:
Այդ րոպեներին իմ ուշադրությունը գրավել էր մոտիկ սեղանի շուրջ նստած սիրունատես մի աղջիկ ու բարեկիրթ արտաքինով մի երիտասարդ, որոնք մերթ ընդ մերթ մեր կողմն էին նայում: Երբ երկրորդ անգամ նայեցի, երիտասարդը չկար, իսկ աղջիկը նստած էր մենակ: Շատ չանցած տղան վերադարձավ` ձեռքին փոստային մի ծրար: Նորից նստելով սեղանի մոտ նա ծրարը տվեց աղջկան: Նրանք երկուսն էլ նայեցին մեզ ու ցածրաձայն մի երկու խոսք փոխանակելուց հետո աղջիկը վեր կացավ համարձակ մոտեցավ մեր սեղանին ծախկեփունջ տվեց Արուս Ոսկանյանին: Հետո նա ձեռքի փոքրիկ պայուսակից հանեց մի լուսանկար, որը նույնպես տվեց Արուսին, խնդրելով մակագրել: Դա Ոսկանյանի լուսանկարն էր: Արուսը գրկեց անծանոթ աղջկան, համբուրեց, Պարզյանից վերցրեց ինքնահոսը (գրիչը) և լուսանկարի վրա գրեց հետևյալ տողերը «Սեդային, որին ցանկանում եմ, որ միշտ մոտ լինի բեմարվեստին որպես հոգին ազնվացնող» դնելով իր ինքնագիրը, վերադարձրեց աղջկան: Շնորհակալ ժպիտով աղջիկը լուսանկարը թեթևակի սեղմեց կրծքին, հրաժեշտ տվեց ու քայլեց դեպի իր սեղանը: Արուսը իր ջինջ երկնագույն աչքերով գոհունակ հայացքով նայում էր մերթ սիրունատես աղջկան, մերթ ծաղկեփնջին: Հարկ կա արդյոք մեկնաբանել ջերմ ու հուզիչ այդ դրվագը… Կարծում եմ` ոչ:
Մենք ավարտեցինք մեր հաճելի ընթրիքը Սահակ Դայու արծաթե սկուտեղից վերցնելով, տաճկական սուրճի անուշաբու՜յր տաք գավաթները …
Երկու անմոռաց հանդիպում
Հալեպից դեպի Լաթաքիա ձգվող ճանապարհին միայն արև էր ու փոշի: Հիմա գուցե բետոնե մայրուղիներ են, բայց գրեթե կես դար առաջ, երբ նայում էիր լուռ ու մռայլ անապատին, թվում էր թե ուր որ է կլսես զանգերի մեղմ ղողանջը և ծույլ մի քարավան կերևա հեռավոր հորիզոնի կողմերում: Եվ եթե հնադարյան Մախարա հասնելով, տեսնեիր արմավենիների հովանու տակ նիրհող հազարամյա գերեզմանը կթվար, թե քարավանն իրոք անցել է անապատով, իսկ Աբու Լալա Մահարին, մեծ բանաստեղծը Բաղդադի…
Այո, հինավուրց տապանաքարի վրա փորագրված է արաբական աշխարհի հռչակավոր բանաստեղծ Աբու Ալ Ալա Ալ Մահարու անունը ծննդյան ու մահվան տարեթիվը` 973-1057 թթ.: Հուշասյուն կոթողի վրա նրա կիսանդրին է: Կանգնում ես, նայում տապանաքարին, տարեթվերին, կանաչ արմավենիներին, իսկ մտքումդ հնչում են Ավետիք Իսահակյանի անմահ պոեմի տողերը…
«Եվ քարավանը Աբու Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով…»
Բանաստեղծների հետ սովորաբար ծանոթանում են այն ժամանակ, երբ արդեն գիտեցած են լինում նրանց բանաստեղծությունները և երևակայության մեջ գծագրում նրանց կերպարը: Հաճախ հանդիպումը ստիպում է հրաժարվել նախապես ունեցած պատկերացումներից: Սովորաբար, այդպես էր լինում նրանց հետ, ովքեր հանդիպում էին Չարենցին: Զարմանալի էր և դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ «Ամբոխները խելագարված»-ի հեղինակը փոքրամարմին, հատուկ շարժումներով մարդ է: Մինչդեռ Ավետիք Իսահակյանին ես պատկերացնում էի ճիշտ այնպիսին, ինչպիսին, որ տեսա առաջին անգամ, 1927 թվականին:
Կեսօրին մոտ էր, երբ մտա «Գրական դիրքերում» - ի խմբագրատուն: Հենց այն է, բացել էի Նորայր Դաբաղյանի առանձնասենյակի դուռը, երբ տեսա որ ներսն այցելու կա: Ուզեցի ծածկել, բայց Դաբաղյանն արդեն նկատել էր ինձ.
- Խնդրեմ, խնդրեմ, - ձեռքով արեց նա:
Այցելուն շրջվեց, որ տեսնի, թե ով է եկողը: Ես անմիջապես ճանաչեցի Իսահակյանին:
- Գուցե ավելի ու՞շ գամ, - դիմեցի ես Դաբաղյանին:
Նա վեր ելավ, մոտեցավ ինձ, բռնեց թևս ու տարավ դեպի սեղանը:
- Նստիր, - ժպտաց նա, - առիթը մի կորցրու, ծանոթացիր բանաստեղծի հետ:
Ես ներկայացա: Իսկահակյանը հարցական նայեց Դաբաղյանին, հետո գլխով ցույց տվեց սեղանին դրված ամսագրերի համարները: Առաջին պահ ես ոչինչ չհասկացա, բայց Իսահակյանը իսկույն ևեթ հարցրեց.
- Ուրեմն, արաբ պատանու մասին ակնարկը դու՞ք էիք գրել:
Ես անկեղծորեն զարմացա: Բանն այն է, որ նախորդ համարներից մեկում տպագրվել էր «Սեֆերը» խորագրով իմ փոքրիկ ակնարկը: Բայց իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ Իսահակյանը կարող է ուշադրություն դարձնել իրեն ոչինչ չասող անուն ազգանվան վրա, կարդալ ու հիշել: Այն ժամանակ ես քսան տարեկան էի և, ինչ մեղքս թաքցնեմ, համոզված էի, որ Իսահակյանին շատ է դուր եկել իմ գրական այդ փորձը /նա, ի դեպ, գովեց/ և հենց այդ պատճառով է հիշել: Բայց հետագայում հասկացա, որ երիտասարդների նկատմամբ ուշադրությունը նրա բնավորության հիմնական գծերից էր, եթե կարելի է ասել, սկզբունք: Եվ իրոք: Մեր մեծ արվեստագետները, նրանք, ովքեր ազնվորեն մտահոգված էին հայրենի մշակույթի հարստությամբ, զարգացմամբ, աչքից բաց չէին թողնում ոչ մի նորածիլ բողբոջ և եթե ծլարձակումը հուսալի էր, հետևում էին հոգատարությամբ:
Իսահակյանը հարցրեց, թե ես ուրիշ ինչ ունեմ գրած: Պատասխանեցի, որ փոքր բաներ են` մանկության ու պատանեկության տարիների տպավորությունների, փոքրիկ դրվագների հիման վրա փոքրիկ ակնարկներ:
- Հիմա նորը չե՞ք բերել, տվեք` կարդամ, - առաջարկեց նա:
Ինձ մոտ ոչինչ չկար…
… Իսկ տարիներ հետո ես նրան հանդիպեցի պատահաբար: Լսել էի, որ Իսահակյանը վերադարձել է արտասահմանից, այս անգամ` մեկընդմիշտ ու բնակություն հաստատել մեր տանից մի քանի քայլ հեռավորության վրա, բայց դեռ չէի տեսել: Համարձակորեն մոտեցա:
- Հիշեցի, հիշեցի, - ասաց բանաստեղծը, հետո, սովորական հարց ու փորձից հետո, հետաքրքրվեց: - Դու ի՞նչ լեզու գիտես:
- Ֆրանսերեն, - պատասխանեցի ես:
- Այ, լավ է, - ասաց նա, - գնանք մեր տուն, եթե ժամանակ ունես: Հենց քո ֆրանսերենն էլ ինձ հարկավոր է:
Գրքեր, գրքեր, գրքեր… Սեղանին` նամակների կույտ: Իսահակյանը փափուկ մաշիկներ հագավ, դրեց թասակը:
- Առանց թասակի չեմ կարող, - ասաց նա: Գլուխս շուտ շուտ մրսում է:
Հետո ավելացրեց.
- Տիկին Սոֆի, սուրճ պատրաստիր, մենք գործ ունենք:
Սեղանին դարսված բազմաթիվ նամակների, թերթերի, ամսագրերի տակից գտավ ֆրանսիական մի պարբերական, որը, ինչպես ասաց, նոր էր ստացել Փարիզից: Այնտեղ թարգմանաբար տպագրված էին մի քանի բանաստեղծություն:
- Կարո՞ղ ես ինձ համար բարձրաձայն կարդալ, - խնդրեց նա:
Իսահակյանն, իհարկե, ֆրանսերեն գիտեր: Բայց ուզում էր լսել թարգմանությունը: Հիշողությանս մեջ տպավորվել է, թե ինչպես նա ասաց.
- Բանաստեղծությունը նաև ականջի համար է: Խոսքը պիտի լսել:
Ես կարդացի: Վարպետը լսում էր ուշադիր, բանաստեղծության ռիթմի հետ հազիվ նկատելի շարժում գլուխը:
- Գեղեցիկ լեզու է, - ասաց նա, երբ ընթերցումն ավարտեցի:
- «Արաքսի ափին բոստանս լինի…», - արտասանեցի հայերեն, - դե արի ու թարգմանիր` բոստան…
- Վարպետը ծիծաղեց:
- Բանաստեղծություն թարգմանելը ավելի դժվար է, քան գրելը, - ասաց նա, - իսկ սուրճ եփելն էլ պակաս դժվար չէ: Ես լավ սուրճ չեմ եփում: Տիկին Սոֆիի սուրճն աննման է, բայց դու Խարբերդցի ես: Խարբերդցիք ու ակնցիք և՛ սուրճ են լավ եփում և՛ լավ բանաստեղծություններ են գրում: Տեսնենք ի՞նչ գնահատական ես տալու տիկնոջս սուրճին:
Նա դարձյալ ծիծաղեց: Կես ժամ չկար, ինչ ես ոտք էի դրել նրանց տուն առաջին անգամն էի հյուրընկալվում Իսահակյանին, բայց ինձ թվում էր, թե այս տան հին բարեկամն ու այցելուն եմ: Փոքրիկ գավաթներով սուրճը, ռահաթ լոխումն ու երևանյան սառը ջուրը, որ մենք խմում էինք կում կում, ինձ աննման թվացին: Կարծես ոչ մի տեղ ավելի լավ սուրճ չէի խմել, ավելի համեղ լոխում չէի կերել…
«Բանաստեղծությունը պիտի լսել»: Պիտի լսել բանաստեղծներին: Երբ նրանք խոսում են, ամենասովորական մարդիկ են: Բայց երբ Իսահակյան - բանաստեղծի հետ հանդիպելուց հետո գալիս էիր, բացում գիրքն ու կարդում, քիչ առաջվա սովորական, նախշավոր թասակով, փոքրիկ, կոկիկ մորուքով մարդը հանկարծ դառնում էր արտասովոր: Եվ կրկին հասկանում էիր, թե ինչ երջանկություն է հանդիպումը ընտիր խոսքի, զուլալ բանաստեղծության հետ և ինչ երջանկություն է ճանաչել մեկին, որի գրչի տակից հորդել են ժողովրդական պարզ ու խորն իմաստությամբ հագեցած հանճարեղ ստեղծագործություններ…
ԱՆՄՈՌԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հազար ինը հարյուր քսանվեց թվականի գարնանն էր։ Երկրորդ տարին էր, որ մեր ընտանիքը Սովետական Հայաստան ներգաղթողների առաջին քարավանի հետ եկել էր Երևան, հազիվ քսան տարեկան պատանի, սիրող աշխատակից էի պետական առաջին թատրոնի կազմում:
Դեռևս Հալեպի Հայկազյան վարժարանում, աշակերտական տարիներիս, երազում էի դերասան դառնալ։ Երազում էի տեսնել Վահրամ Փափազյանին, Եղիշե Չարենցին։
Չարենցի մասին լսել էի հազար ինը հարյուր քսանչորս թվականի մայիսին, Վահան Թեքեյանից, որը մեր վարժարանի երգեցողության ուսուցիչ Բարսեղ Կանաչյանի նախաձեռնությամբ, հանդիպում էր ունեցել շրջանավարտներիս հետ: Հիշում եմ «Օթել Բարոնը», որտեղ Թեքեյանը ընդունեց մեզ։ Հիշում եմ նրա, կարծես փոքր-ինչ ներողամիտ հայացքը, սիրալիր աչքերը, երբ մի խումբ գրասեր պատանիներիս հետ զրուցում էր բանաստեղծական արվեստից, գրականությունից։ Հենց այդ զրույցի ժամանակ էր, որ նա մեծ համարումով խոսեց Չարենցի մասին։
Իսկ հազար ինը հարյուր քսանվեցին, երբ Երևանում էի, արդեն կարդացել էի Չարենցի բանաստեղծությունները, արդեն ծանոթ էի նրան իր գրքերի միջոցով, արվեստակից ընկերներիս պատմածներով։ Բայց հանդիպելու առիթ դեռ չէի ունեցել։
Հենց այդ ժամանակ էր, որ հյուրախաղերի համար Թիֆլիսից Երևան վերադարձավ Վահրամ Փափազյանը։ Մինչև այդ Պետթատրոնն արդեն բեմադրել էր Շեքսպիրի «Համլետը» և երիտասարդ Հրաչյա Ներսիսյանը մեծ հաջողությամբ անձնավորում էր Դանեմարքայի իշխանին: Բայց Փափազյանի մասնակցության առթիվ հարկ եղավ բեմական մեկ-երկու փորձ անել։
Ողբերգության երրորդ արարվածի երկրորդ տեսարանի փորձի ժամանակ Արշակ Բուրջալյանն ու Լևոն Քալանթարը Փափազյան-Համլետի տեղը որոշելու համար մի քանի տարբերակներ փորձելուց հետո, նկատեցին, որ Փափազյանին այնքան էլ չեն համոզում առաջարկված բեմավիճակները: Բուրջալյանն իրավացիորեն համարվում էր բեմական մասսայական գործողությունների ու տեսարանների և հմուտ բեմադրող-ռեժիսոր: Բայց այս անգամ նա ընդհատեց փորձը ու խնդրեց, որ Փափազյանն ինքը հարմար բեմավիճակ ընտրի:
Փափազյանը նախաբեմում կանգնած ծխում ու զրուցում էր Կլավդիոս թագավորի դերակատար Ջանանի հետ: Հետո նա հայացքը սևեռեց բեմի տարբեր անկյուններում խմբված դերասաններին, արագորեն տեղաբաշխեց նրանց նոր կետերում, իսկ ինքը մոտենալով Օֆելյա-Արուս Ոսկանյանին, բռնեց նրա ձեռքն ու տարավ, նստեցրեց բեմի կենտրոնում դրված բազմոցին, թագավորի ու թագուհու բազկաթոռներից փոքր ինչ հեռու։ Ապա կիսով չափ պառկեց հատակին՝ Օֆելյայի ոտքերի առաջ, գլուխը նրա ծնկներին դրեց ու հարցրեց.
-Համաձա՞յն եք, Արկադի Սերգեիչ: Բուրջալյանը գոհունակ դեմքով պատասխանեց. - Խարաշո ՜ Վագրամ Կամերովիչ։
Քալանթարը նույնպես հավանություն տվեց Փափազյանի ընտրած բեմավիճակին:
Քիչ անց փորձը վերջացավ: Ես տեսա, որ Փափազյանը հայացքով ինձ էր փնտրում։ Բանն այն է, որ նախորդ օրը խոստացել էի բերել Թեոդիկի ամենամյա «Տարեցույցի» 1923 թվականի հրատարակությունը, որտեղ ընդարձակ հոդված կար Փափազյանի մասին: Զետեղված էին նաև նրա մի քանի լուսանկարները՝ Փափազյանի արտիստական կերպարանափոխությունները:
Ես մոտեցա և ասացի, որ գիրքը բերել եմ: Փափազյանը վերցրեց այն, թերթեց, հետո անսպասելիորեն առաջարկեց.
- Երթանք միասին ճաշելու: Ոտքի վրա զրուցել չեմ սիրում։
Մենք դուրս եկանք թատրոնից և քայլեցինք դեպի մոտակա տաղավար-ճաշարանը։ Փափազյանի հրավերով, մեզ միացան Արուսը, Հրաչյան ու Ջանանը: Նոր էինք սեղանի շուրջ տեղ գրավել, նոր էր Փափազյանը պատվերներ տվել մատուցողին, երբ տաղավար մտավ փոքրամարմին մի անծանոթ: Արուսը նկատեց նրան, ժպտաց, ձեռքի շարժումով հրավիրեց։ Նորեկը մոտեցավ, հին ծանոթի նման ողջունեց բոլորիս, իսկ Փափազյանը, Ջանանն ու Հրաչյան նրան մեծ խանդավառությամբ դիմավորեցին: Տաղավարի տարբեր անկյուններում նստած մարդիկ նույնպես հետաքրքրությամբ նայում էին նրան։ Արդյոք ո՞վ է ՝ մտածեցի ես, և նույն պահին անծանոթը ինքը հետաքրքրվեց իմ ով լինելով։ Իսկ Փափազյանը հարցրեց ինձ.
— Հալեպում երբևիցէ լսե՞լ ես Եղիշե Չարենցի մասին: Նույն ինքը Չարենցը։ Վերջերս է վերադարձել արտասահման կատարած ուղևորությունից:
-- Ծանոթացիր, Էդվա՜րդ:
Երևի շատ էի հուզվել: Հիշում եմ, որ սեղմեցի ձեռքն ու ասացի.
-- Սիրելի պոետ, երբ երկու տարի առաջ, Հալեպում Վահան Թեքեյանին հայտնեցի, որ պատրասվում եմ հայրենիք մեկնել, նա պարտավորեցրեց ինձ ձեզ հանդիպելու դեպքում իր սրտագին ողջույնները հաղորդել...
Հետո պատմեցի, թե ինչպես էր Թեքեյանը մեզ ներկայացրել Չարենց-բանաստեղծին: Լսեց Չարենցը, հուզվեց, ապա վերցրեց Ոսկեվազի շիշը, պռունկե-պռունկ լցրեց բոլորիս գավաթներն ու ասաց.
— Իմ հեռավոր, բայց սրտիս մոտիկ գրչակցի,
մեծ բարեկամիս՝ Վահան Թեքեյանի կենացը: Ուրիշ ոչինչ չասաց, բայց ես, չգիտես ինչու, մտածեցի, որ մտքում նա անդրադարձավ նաև արևմտահայ մյուս մեծերի՝ Սիամանթոյի, Վարուժանի, Ռուբեն Սևակի հիշատակին, որովհետև երջանիկ դիպվածով ողջ մնացած Վահան Թեքեյանը — վաղամեռիկ դասականների սերնդակիցն ու ընկերը — նրանց պոեզիայի ու ավանդների ապրող շարունակությունն էր: Քիչ անց, երբ սեղանի շուրջ վերսկսվել էր ընդատված զրույցը, Չարենցի ուշադրությունը գրավեց «Տարեցույցն» ու նա հարցրեց Փափազյանին:
— Էս քո՞նն է:
Իսկ երբ իմացավ, որ գիրքը պատկանում է ինձ և միայն մի քանի օրով կարդալու համար եմ տվել Փափազյանին, ծիծաղեց ու խորամանկորեն աչքով արավ ինձ։
— Էդվարդ ջան, դժվար թե Վահրամից ետ ստանաս «Տարեցույց»-դ։ Ավելի լավ է նվիրես իրեն: Բայց մի պայմանով, որ Վահրամն էլ ինձ տա, կարդալու:
Ինչ էր մնում անել: Չարենցն ինքը ինձ գրիչը տվեց: Վերցրի գիրքը, էջի վրա կատարեցի հետևյալ պարզ մակագրությունը. Վահրամ Փափազյանին՝ մեծ սիրով։
Հիմա իմ ձեռքին է մեկ ուրիշ գիրք, որը տարիներ հետո Փափազյանը ինձ նվիրեց: Դա նրա «Աշխարհի թատրոններով» ինքնակենսագրական նոթերն են։ Արդեն փոքր-ինչ խունացած մակագրությունը ստիպում է ինձ վերստին հիշել Փափազյանին, վերապրել նրա հետ անցած ամոռաց ժամանակը։ Փափազյանը գրել էր «Սիրելի Էդվարդին. թող իմիս պես կյանք ունենա, բայց ինձմե ավելի խելացի վարվի՝ կյանքին հետ»։ Հիմա չգիտեմ, թե ի՞նչը ի նկատի ուներ մեծ արտիստը: Նրա կյանքը ավելի քան իմաստալից էր, քանի որ նվիրաբերված է մայր ժողովրդի արվեստին: Նրա կյանքը հարուստ էր բազում իրադարձություններով, պայծառ էջերով: Բայց յուրաքանչյուր մեծ մարդու սրտի խորքում, ըստ երևույթին, ինքն իրենով, սեփական արածով չգոհանալու թաքուն զգացմունք կա: Իսկ գուցե Փափազյանը նկատի ուներ նաև այն, որ անմնացորդ նվիրվելով արվեստին, չխնայել իրեն, ինչպես երևի ինքն էր կարծում, փոքր-ինչ անփո՞ւյթ եղավ իր կյանքի նկատմամբ։ Ենթադրությունները բազմազան կարող են լինել։ Ով գիտե՝ ի՞նչ էր մտածում Փափազյանը իր մակագրությունը կատարելիս....
Ի դեպ, բնավ հավակնություն չունեմ թատերագիտական էքսկուրսիա կատարել և անդրադառնալ Վահրամ Փափազյանի ստեղծագործական, դասական դիմանկարին, քանզի մեծ դերասանի արվեստի վերլուծման ու գնահատման ուղղությամբ, անվանի և հեղինակավոր թատերական բազում տեսաբանների, մշակույթի ականավոր գործիչների՝ արվեստագետների ու գրողների կողմից ստեղծվել է հարուստ գրականություն:
Իսկ քսանական թվականներից մինչև ամենայն հայոց դերասանի կյանքի վերջալույսը, ժամանակակից բազմահազար ու բազմազգի հանդիսատեսներ, Սովետական Միության գրեթե բոլոր հանրապետություններում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում ականատես են եղել Փափազյան-ողբերգակի արտիստական շքեղ, անկրկնելի անհատականունության ու հզոր տաղանդի փայլատակումներին:
...Փափազյանի մեկնելուց մի քանի օր հետո թատրոնը նորից ազդարարեց «Համլետ» այս անգամ՝ Հրաչյա Ներսիսյանի մասնակցությամբ: Բայց, ի զարմանս բոլորի, Հրաչյան հրաժարվեց բեմ դուրս գալ:
-- Փափազյանի Համլետը հանդիսատեսի վրա խորն ու անջնջելի տպավորություն է թողել, — ասել էր Հրաչյան, — ես չեմ կարող առայժմ ընդմիջել այդ տպավորությունը։ Իմ հանդես գալը կարող է ընկալվել իբրև մրցակցի հավակնություն։
Համեստությունը Հրաչյայի էությունն էր, Ներսիսյան–արտիստի բնածին արտակարգ տաղանդի զարդը, որն ավելի մեծ հմայք էր հաղորդում նրան։ Եվ միայն Փափազյանի մեկնումից մեկ ամիս անց նա Համլետ խաղաց:
Հետագայում, երբ Փափազյանը նորից Երևանում էր, բարեկամաբար կշտամբեց Հրաչյային, որ ինքը բնավ էլ «մրցակցի հավակնություն» չէր համարի Հրաչյայի ելույթը: Կարծում եմ, որ տվյալ դեպքում նրանք երկուսն էլ յուրովի իրավացի էին:
...1927 թվականի հունվարի վերջին նշվում էր Պետական առաջին թատրոնի հիմնադրման հինգերորդ տարեդարձը: «Նաիրի» ռեստորանում հոբելյանական ճաշկերույթ տեղի ունեցավ։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Ներս մտնողը անմիջապես նկատում էր Շիրվանզադեի ալեհեր գլուխը: Վահան Թոթովենցը իր կապույտ աչքերի խորքում թաքնված մեղմ ժպիտով, պատասխանում էր բարևներին։ Փոքրամարմին Չարենցի կողքին Համո Բեկնազարյանն ավելի հաղթանդամ էր թվում։ Կողք-կողքի նստած էին մեր թատրոնի բոլոր առաջնակարգ դերասանները՝ Հասմիկն ու Արուս Ոսկանյանը, Միքայել Մանվելյանն ու Սյուզան Գարագաշը, Հրաչյա Ներսիսյանն ու Մկրտիչ Ջանանը, Գրիգոր Ավետյանը, Խաչանյանը, Ջանիբեկյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանն ու Գուրգեն Գաբրիելյանը։ Մեկ առ մեկ վերհիշելով այդ անունները, կրկին անգամ համոզվում ես, որ մայր թատրոնի ստեղծագործական ամենաբարձր մակարդակի տարիներն էին դրանք: Հոբելյանական բանկետը մինչև ուշ գիշեր շարունակվեց: Լուսադեմին մասնակիցները սկսեցին հրաժեշտ տալ միմյանց։ Ես էլ էի պատրաստվում գնալ, երբ երգիծաբան Էդվարդ Խոճիկը խնդրեց, որ սպասեմ: Քիչ հետո նա վերադարձավ Չարենցի, Ջանանի ու Ջանիբեկյանի հետ: Ձեռքին մի փոքրիկ զամբյուղ էր բռնել, որի պարունակությունը խոստանում էր հաճելի պահեր պարգևել մեզ: Ձմեռային գիշեր էր, բայց եղանակը մեղմ էր, և մենք քայլեցինք դեպի Պլանի գլուխ: Փոքրիկ պուրակի նստարանների վրայից մաքրեցինք ձյան բարակ շերտերը, հետո Խոճիկը դատարկեց զամբյուղը։
Չարենցի առաջարկությամբ մեկական բաժակ կոնյակով ողջունեցինք երևանյան վաղ այգաբացը, թեև հունվարյան անսովոր պարզ երկնքում դեռ փայլում էին աստղեր:
Գուրգեն Ջանիբեկյանը սկսեց երգել «Երևան բաղ եմ արել»-ը։ Մենք ձայնակցում էինք նրան։ Հետո երգեցինք «Քեզ եմ մնում անուշ գարուն», որին հաջորդեց «Դու անմեղ ես, քո աչերն են մեղավոր» Ջանիբեկյանի շրթնային վիրտուոզ կատարմամբ։ Ըստ երեվույթին, մեր ոգևորությունը շատ բուռն էր, որովհետև երբ սկսեցինք ծափահարել, հայտնվեցին երկու երիտասարդ միլիցիոներներ և խնդրեցին, որպեսզի մեղմենք մեր ձայներն ու եռանդը։
-- Մոտակա տնակներում մարդիկ դեռ քնած են։ Ավելի լավ կլինի ավարտեք ձեր կերուխումը, — ասաց ավագ միլիցիոները:
Չարենցը խնդրեց Խոճիկին բաժակները լցնել, ապա սիրալիր ժպիտով դիմեց ավագ միլիցիոներին.
-- Եկեք այս վերջին բաժակով էլ ձեզ հետ խմենք մեր անվանի արվեստագետների՝ Մկրտիչ Ջանանի, Գուրգեն Ջանիբեկյանի, երգիծաբան Էդվարդ Խոճիկի, երիտասարդ դերասան Էդվարդ Մուրադյանի (Չարենցը ձեռքի շարժումով ներկայացնում էր յուրա- քանչյուրիս), ձեր և ձեր հարգելի պետի կենացը։ Եվ եթե ընկեր պետը հետաքրքրվի մեր ով լինելով. խնդրում եմ զեկուցել, որ ընկեր Չարենցը և իր մտերիմները բնության գրկում գերագույն հաճույքով եզրափակում էին մեր առաջին պետական թատրոնի հնգամյակի բանկետը:
Երկու միլիցիոներները անսպասելի այդ ծանոթությունից շփոթված պատիվ բռնեցին: Հետո սիրալիր հրաժեշտ տվեցին մեզ:
Լուսանում էր:
Մենք Չարենցի հետ, Չարենցը մեզ հետ սկսեցինք իջնել Աբովյանով։ Մեր ետևում մնացին Պլանի գլուխը և փոքրիկ պուրակը՝ մոտակա տնակներով։ Իսկ նրանից վերև, բարձունքին, Չարենցի երգած Նորքն էր, ձյունածածկ իր այգիներով։
Դանդաղ քայլերով մենք իջնում էինք արթնացող Աբովյան փողոցով ու մեղմորեն երգում «Երևան բաղ եմ արել»...
ՆԱՄԱԿ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԷՆ
Հալէպէն ներգաղթած Խարբերդցի Տոքթ. Մուշեանի քրոջ զաւակները, որոնք պարի ուսուցիչ են Երեւանի Պետ. Օբերային մէջ, ու հին բարեկամներ` Ե. Ամատունիին, գրած են հետեւեալ նամակը:
Երեւան, Մայիս 25, 1957
Սիրելի Երւանդ,
Մարտ 7 թւակիր նամակդ բոլորիս մեծ ուրախութիւն պատճառեց. պատասխանը ուշացնելու պատճառը այն է, որ սպասում էինք Պոսթոնից քրոջս Վիկտորիայի նամակին, որը գրել է քո Պոսթոն կատարած այցելութեան եւ իրենց հետ ունեցած ջերմ հանդիպման մասին, թէ ինչպէս մեր նւեր գաւաթներով խմել են մեր կենացը: Քոյրս շատ ուրախացել է քո տւած խմբանկարների մասին, ջերմ տողերով գրում է «Լրաբեր»ի Օրւա առթիւ հանդէսի մասին եւ նշում է, որ Հայաստանի ծաղկման եւ մեծ յառաջդիմութեան մասին քո տւած բանախօսութիւնը, նաև ցուցադրւած լուսանկարները ու կինոն շատ մեծ և ուրախալի տպաւորութիւն են թողնել ներկա եղողներին ու իրենց վրա:
Երւանդ ջան. ես այստեղ «Լրաբեր»-ում, «Նոր Կեանք»-ում ու «Ս. Հայաստան» ամսագրում կարդում եմ քո մասին, յօդւածներ հարազատ Հայաստանի մեծ վերելքի, մեր կուլտուրայի, գրականութեան, արւեստի աննախընթաց ծաղկման քո բանախօսութիւնների և ցուցադրած պատկերների թողած վառ տպաւորութեան մասին սփիւռքահայերի մէջ:
Այս բոլորը, սիրելի Երւանդ, մեր սրտերը լցնում են հպարտութեամբ ու նոյն զգացումներով են լեցնում սփիւռքահայերի հայրենակարօտ սրտերը:
Մի քանի օր առաջ ես, Հայկանուշը, Շաքէն, վաղամեռիկ Տոքթ. Մուշեանի կինը, Դաւիթը, Իվետտան, այցելեցինք քրոջդ Սրբուհուն. բոլորն էլ շատ լաւ են ու ջերմ բարեւներ են ուղարկում ու սպասում են 1960 - ի կրկին այցելութեանդ:
Յունիս 15 ին Օպերայի եւ Պալէտի մեր թատրոնի խումբը մեկնում է Սոչի ծովափ, այնպէս որ մի քանի օրից ընտանիքով մեկնում ենք մի ամսւա համար:
Սրանով վերջացնում եմ նամակս, ջերմագին բարեւներ նոյնպէս Զարեհից, Տիրանից, Հայկանուշից ու քույրերից, փեսաներից ու երեխաների կողմից, քեզ ու տիկնոջդ Յասմիկին:
Իվետտա ջան
Նամակդ ստացանք: Ուրախացանք, որ հաջող տեղավորվել եք և բոլորդ էլ լավ եք զգում ձեզ: Մանավանդ, որ ծովին մոտիկ եք:
Աշխատեք, որ լավ հանգստանաք ու ժամանակը լավ օգտագործեք, որպեսզի բարեհաջող վերադառնաք: Մենք լավ ենք, Դավիթն ու Նորան եկան մի քանի ժամ ուշացումով, գիշերվա ժամը 12:30-ին: Նորայի հայրը, մայրը և մեծ եղբայրը դիմավորել էին, նաև Զավենը իր մեքենայով: Այնպես, որ բոլորը միասին օդանավակայանից եկան մեզ մոտ: Որոշ պատրաստություն էինք տեսել և մինչև ժամը2-ը նստեցինք: Նորան այսօր գնաց աշխատանքի: Վետա ջան, եթե ժամանակ ունենաս, մի քանի տող գրիր և տեղեկացրու, թե ամսի 15-ին առավոտյան ժամը քանիսի՞ն եք լինելու Երևանում: Թեև ես նույնպես կարող եմ զանգահարել կայարան և նրանք ճիշտ ժամը կհայտնեն:
Ձեզ լավ նայեք, շովում զգույշ եղեք, աշխատեք ձեզ չմրսեցնել:
Գոհարիկ ջան, անուշիկ նամակդ կարդացինք և շատ ուրախացանք, որ քեզ լավ ես զգում: Ինչպես դու ես գրում` աշխատիր զգույշ լողալ, խորը չգնալ, միշտ պապայի, մամայի կողքին լինել, նրանց հսկողության տակ:
Անուշիկս, բոլորս էլ քեզ շատ կարոտել ենք:
Նորան և Դավիթը ձեզ կարոտալի բարևներ են ուղարկում:
Բալիկ ջան, նամակս մի քիչ անկապ ստացվեց, որովհետև գրիժաս մասամբ անհանգստացնում է ու խանգարում:
Եթե լավ զգամ, անպայման կգամ կայարան ձեզ դիմավորելու:
Կարոտագին պաչիկներ քեզ:
Քո պապի:
3.8.75 թ. Երևան
Սիրելի Զավեն,
Անսպասելի ուրախություն պատճառեց քո նամակը, որը հենց ինքը` Դավիթը, հանձնեց ինձ: Բոլորս էլ ուրախ ենք, որ քեզ լավ ես զգում և ծառայությունդ անցնում է հետաքրքիր ու բարձր տրամադրությամբ: Վստահ ենք, Զավեն ջան, որ քո պարտականությունների լավագույն կատարումով կարժանանաս հրամանատարներիդ ուշադրությանն ու դրվատանքին: Մեզ վրա հաճելի տպավորություն թողեց նաև ձեզ մոտ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի հունվարյան համարի անակնկալ ստացումը և քո ու զինվոր ընկերներիդ ոգևորիչ վերաբերմունքը:
Ի սրտե քեզ բարեմաղթում ենք առողջություն, հաջողություններ ու գերազանց ծառայություն:
Ջերմ երևանյան ողջույններ քեզ, սիրելի Զավեն, և քո ընկեր- զինվորներին:
Մեծ շնորհակալություն նամակիդ համար:
Ցտեսություն
Է. Մուրադյան
22.7.1974 թ. Երևան
Սիրելիներս` Վիկտորիա, Զարեհ, Ալբերտ, Ազատ և Լիոնա
Զարեհ ջան, հուլիս 21 թվակիր նամակդ երեկ ստացանք: Ուրախ ենք, որ բարեհաջող հասել ես Բոստոն: Մեր թանկագին քրոջը` Վիկտորիային, նորից տեսնելու երջանկությունն ու սիրելի Ալբերտին, Ազատին, Լիոնային և սիրասուն երեխաներին, ինչպես նաև մեր մյուս հարազատներին ու բարեկամների հետ առաջին անգամ հանդիպելու պահը նկարագրող տողերդ չէին կարող չհուզել նաև մեր սրտերը:
Սիրելի Վիկտորիա և Զարեհ, միաժամանակ մեծ ցավ զգացինք մեր հորեղբոր որդու` Անդրանիկի, անժամանակ մահվան տխուր լուրը կարդալով: Մեր խոր ափսոսանքնու ցավակցությունը հայտնեք սիրելի Արտեմիսին ու Անահիտին:
Սիրելիներս, մենք լավ ենք:
Զարեհ ջան, գրում ես, որ քեզ տեղյակ պահեմ երևանյան կյանքից: Վերջերս մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց հայկական օպերայի100-ամյակը: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ հանդիասավոր երեկո, հոբելյանական համերգային ճոխ ծրագրով: Զեկուցողը Գյոդակյանն էր, որը խոսելով Երևանի օպերայի և բալետի թատրոնի մասին, նշեց նաև թատրոնի վետերաններին, մեր անվանի արվեստագետներին, որոնց թվում հիշատակեց նաև քո ազգանունը: Իսկ հեռուստատեսությամբ թատրոնի100-ամյակին նվիրված հաղորդման ժամանակ Վիլեն Գալստյանը նույնպես հայկական բալետի ստեղծման մասին խոսելով, բալետային արվեստի վարպետների թվում նույնպես հիշատակեց քեզ, որպես թատրոնի վետերան: Ինչպես գիտես, օգոստոսի 1-ից Սոչիյում սկսվեցին Երևանի օպերայի և բալետի թատրոնի հյուրախաղերը:
Զարեհ ջան, վերջերս այստեղ բավականին շոգ է անում, բայց երեկոները շատ զով են անցնում:
Մի քանի օրից ինստիտուտում սկսվելու են ընդունելության քննությունները: Այդ կապակցությամբ ես շատ զբաղված եմ: Աշխատում ենք նաև կիրակի օրերը, որպեսզի ժամանակին ավարտենք ուսանողների ընդունուելությունը և նախապատրաստվենք նոր ուսումնական տարվան:
Սրանով վերջացնում եմ նամակս:
Բոլորիս կողմից կարոտալի համբույրներ Վիկտորիային, Ալբերտին, Ազատին, Լիոնային և երեխաներին: Ջերմագին բարևներ Արտեմիսին, ամուսնուն, քրոջը, Գեղանիին, Հարրին, կնոջը, Արաքսիային և Գեղուհուն:
Համբույրներով`
Էդվարդ, Հայկուշ, Տիրան, Իվետտա, Դավիթ, Գոհարիկ, Ավետիս:
7-ին հուլիսի, 1971 թ., Երևան
Իմ հուշագրությունները հասան իրենց ավարտին, թե որքանով է հաջողվել ինձ ըստ արժանվույն պատմել մեր մշակույթի մի քանի մեծ երախտավորների կյանքից դրվագներ, թողնում եմ ընթերցողի կարծիքին: Սակայն ես չեմ կարող փակել իմ շարունակող կյանքի վարագույրը, առանց վերջին անգամ խոր ափսոսանքով հիշատակելու երիտասարդ այն դերասանուհուն, որը անզոր գտնվեց թոթափել օտար ափերը և հանգրվանել մայր Հայրենիքում, ուր հոգատար ձեռքերի շնորհիվ նա կկանգներ իր տաղանդին արժանի բարձր պատվանդանի վրա ու կտեսներ իրականացումն իր փայփայած երազանքների:
1914 թվականի Ամանորի նախօրեին մեր դպրոցի փոքրիկ բեմ վարագույրը դանդաղորեն բացվեց և ես բեմի մեջտեղում դրված թախտի վրա գրեթե պառկած, գլուխս բարձին հենած սկսեցի արտասանել վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի «Տրտունջք»-ը: Բեմականացված այդ տեսարանը պատկերում էր հանճարեղ քնարերգողին ըստ ավանդության մահամերձ վիճակում իր քնարի գլուխգործոցը ստեղծագործելիս: Երբ արտասանությունս վերջացրի և վարագույրը կրկին դանդաղորեն փակվեց, բեմ մտավ իմ դպրոցի տնօրենը, իմ մայրենի լեզվի առաջին ուսուցիչս, արևմտահայ ականավոր արձակագիր Երուխանը: Նա մոտեցավ ինձ, գրկեց և ճակատս համբուրելով ասաց
- Ապրիս տղաս: Դուն աղվոր դերասան մը կրնաս ըլլալ:
1975-1978 թվական, Երևան
Կազմեց կինոյի արտիստ Արմեն Մուրադյանը՝ 2009 թվական, փետրվար