Найти в Дзене

Լրագրող Գարիկ Ղազարյան- Մեր տան ցանկալի հյուրը (դերասանուհի Ժաննա Ամիրջանյանի մասին)

Քառորդ դարից մի փոքր ավելի է, ինչ Ժաննա Ամիրջանյանն աշ­խատում է որպես ռադիո հաղորդում­ների ռեժիսոր։ Իսկ դա նշանակում է ամենօրյա հանդիպումներ երիտա­սարդությանը, բանվորությանը, դաշտի աշխատողներին, գիտնական­ներին, արվեստի գործիչներին, ուսանողությանը...

Ժաննան գոհ է իր աշխատանքից, գոհ է այնքանով, որ հնարավորու­թյուն ունի շատ կարդալու, խաղալու, ասմունքելու, մասնակցելու ֆիլ­մերի հայերեն լեզուներով կրկնօրի­նակմանը։

– Դերասանուհի դառնալու ցան­կությունն իմ մեջ ծնվել է շատ վա­ղուց, – նշում է նա։ – Հիշում եմ, յոթ տարեկան էի, երբ մի առավոտ արթնացա և հայտարարեցի. «Մայ­րի՜կ, ես պետք է դերասանուհի դառ­նամ»։ Մերոնք ծիծաղեցին, իսկ հայտա­րա­րու­թյունս, ինչպես հետա­գայում պարզվեց, շատ լուրջ դուրս եկավ։

Երկու տարի շարունակ Ժաննանընդունելության քննություններ էր հանձնում հա­մամիութենական կինո­ինստիտուտում։ Երկու դեպքում էլ մրցույթով չանցավ։ Թվում էր, անհաջողությունը կհիասթափեցնի Ժաննային, սակայն դերասանուհի դառ­նա­լու համառ որոշումը նրան այս անգամ տարավ դեպի Երևանի գեղար­վես­տա­թա­տերական իստի­տուտ։ Դարձյալ անհաջողություն։ Եվ միայն չորրորդ տարին դարձավ դերասանական ֆակուլտետի ուսա­նողուհի, այն արվեստանոցի, որը գլխավորում էր հայ ականավոր ռե­ժիսոր Արմեն Գուլակյանը։

Ինչպե՜ս են թռչում տարիները։ Թվում է, երեկ էր, որ համակուրսե­ցիներով ստեղծեցին «Արշալույս» թատրոն-ստուդիան, որը գլխավո­րում էր Ալեքսանդր Գրիգորյանը։ Ժաննա Ամիրջանյանից բացի ներ­գրավված էին այսօր արդեն ճա­նաչված դերասաններ Վլադիմիր Մսրյանը, ՌաֆայելՔոթանջյանը։ Վ. Ռոզովի «Հարսանիքի օրը» ներ­կայացման մեջ Ժաննան խաղաց հերոսուհու դերը։

Որքան էլ զարմանալի է, աշխա­տանքային առաջին մկրտությունն ստացավ որպես մանկավարժ, դա­սավանդում էր Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումում, նոր հետո միայն աշխատանք ռադիոյում, հեռուստատեսությունում, կինոստու­դիայում։ Անմոռանալի էր առաջին ռադիոբեմադրությունը. Պավել Կոգոուտի «Այսպիսի սեր» պիեսի բե­մադրությունում նրա խաղընկերներն էին Հեղինե Հովհաննիսյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը։ Հետագայում նա ձայնագրվեց Լ․ Զորինի «Վարշավյան մեղեդիներ», Չ. Այթմատովի «Մայրա­կան դաշտ», Հ. Իբսենի «Նորա», Ս. Տոդրիի «Էդիտ Պիաֆն իր մասին» պիեսների հերոսուհիների դերերում։

Դերասանուհու համար ուսումնառության հրաշալի դպրոց էին նաև հեռուստա­տե­սային բեմադրություն­ները։ 60-ական թվականներին տե­սաձայնագրության մասին միայն երազել կարելի էր։ Եվ կենդանի, անմիջական խաղը ինչ-որ տեղ թատ­րոնի բեմ էր հիշեցնում։ Մի տար­բերությամբ, որ բեմի վրա դերասանն անմիջականորեն զգում է հան­դիսատեսի շունչը, իսկ այս դեպքում նա գործ ունի հեռուստախցիկի պաղ ու «անտարբեր» աչքի հետ։ Մեր հեռուստադիտողներից շատերը կա­րոդ են հիշել Ֆ. Դյուրենմաթի «Տարօրինակ միսիս Սևիջը», Ա. Մորավիայի «Կրկնողություն» հա­ջող­ված ներկայացումները, ուր ան­մոռաց էին Ամիրջանյանի մարմնա­վորած հերոսու­հիները։

Այսօր էլ Ժաննան չի խզել կա­պերը հեռուստատեսության հետ, ասմունքում է, սիրում է կարդալ Ս. Կապուտիկյանի, Գ. էմինի, Պ. Սևակի, Պուշկինի, Բլոկի, Եսենինի ստեղծագործությունները։

Աշխատանքային այս բազմապլանայնության հորձանուտում նա առանձնացնում է ֆիլմերի կրկնօրի­նակումը։ Սիրում է հայախոս դարձնել հատկապես այն հերո­սու­հի­ներին, ովքեր մեծ կրքեր և խոր ապրումներ են պարփակում, կա­նայք, որոնք ապրում են իրենց փոքր ու մեծ ուրախություններով, իրենց հոգսերով, նաև դժբախտությամբ։

Ինչ խոսք, ֆիլմը հաճելի է դի­տել բնագրով։ Սակայն, եթե թարգ­մանությունն արվում է որակով, իսկ կրկնօրինակող դերասաններն իրենց հոգին են դնում դերի մեջ, ապա ֆիլմն ասես «հայկականացում է», ընդունվում և սիրվում մեր հանդի­սատեսի կողմից։

Ժ. Ամիրջանյանի կրկնօրինակած ֆիլմերի թիվն այսօր անցնում է հարյուրից։ 100 մեծ ու փոքր դերեր, որոնցից նա հատկապես առանձ­նացնում է Ալիսա Ֆրեյնդլիխի մարմ­նավորած հերոսուհուն՝ Կալուգինային Է. Ռյազանովի «Ծառայողական սիրա­վեպ» ֆիլմում։

Դերասանուհին սիրով է կրկնօրի­նակում Տատյանա Դորոնինայի, Նատալյա Անդրեյչենկոյի, Ելենա Սաֆոնովայի, Իրինա Կուպչենկոյի և այլ հայտնի դերասա­նու­հիների կինոհերոսուհիներին։

Դերասանուհի, ասմունքող, ռե­ժիսոր... Որոշակի տարբերակում չկա այս երեք մասնագիտությունների միջև, քանզի դրանք ժաննա Ամիրջանյանի կյանքի և ստեղծագոր­ծության իմաստն են։

Մարդկային ձայներ ու դեմքեր կան, որոնք մուտք գործելով մեր տուն, դառնում են հարազատ ու մտերիմ։ Ժաննա Ամիրջանյանը հայ­կական շատ ու շատ ընտանիքների ցանկալի հյուրն է...