Սիրելի քույրս Ալիսա ջան
21-ը նոյեմբերի1992 թ.
Եթե Դավթի հրավերը չլիներ` մասնակցելու Գերմանիայում կայանալիք կինոփառատոնին, ձեզանից լուր չէինք ունենա։ Ստեղծված առիթից ուզում եմ օգտվել քեզանից որոշ տեղեկություններ ստանալու, քանի որ մեր գրած նամակներից երկար ժամանակ անպատասխան մնալը մեզ շատ է անհանգստացնում:Ինչու խափանվեց մեր նամակագրությունը, իրարից լուր ստանալով ուրախանում էինք, իսկ այժմ զրկված ենք ամեն ինչից, որ մեղքի համար այս դաժան պայմաններում, զրկված լույսից, ջրից, գազից:Նույնիսկ փողոց դուրս գալուց, պատեհ-անպատեհ կարող ես մի խումբ խուլիգանների կողմից զոհ դառնալ, անհնար է փոխադրական նստել, երիտասարդությունը կախված է ավտոբուսի դռներից, այս դժվարությունների հետ էլ նամակները տեղ չեն հասնում։ Մինչև մերոնք վերադառնում են աշխատանքից, կես մարդ են դառնում, այս ինչ կյանքի հասանք, հացը` 250 գրամ օրական մեկ անձի համար, իսկ մյուս մթերքների մասին հնարավոր չէ պատմել։ Այստեղի չարչիները բիզնեսներ են խաղում աղքատ ժողովրդի հետ, պետք է դիմանալ և համբերել, Ալիս ջան։ Այսօրվա անգետները և տգետները զբաղված են միլիոններ կուտակելով, իսկ մտավորականության վրա թքած ունեն։ Ինչ օրի հասանք, գալիքն էլ ձմեռ է, որն ավելի է բարդացնելու ժողովրդի կյանքը, չես կարող պատկերացնել թե ինչ ահավոր է լինելու, պետական խանութ համարյա չկա, կամ էլ դատարկ է, քույր իմ, աղը և լուցկին, որոնք կոպեկներ էին, այսօր շատ են թանկացել։ Ինչպես մոռանալ անցյալ տարիները, որոնք թռան, գնացին մեր ձեռքից, այլևս չենք տեսնի այս քայքայված, ավելի շուտ բզկտված երկիրը։ Քույր իմ սիրելի, այնքան է սիրտս ցավում այս հոգսերից, մանավանդ այս տարիքիս, որ քեզ հետ ուզեցի կիսվեմ, որոշ չափով համգստանամ այս դժոխքային պատմություններից։
Ինչևէ, կյանքը շարունակվում է, սպասենք, տեսնենք ինչ է լինելու վերջը։
Սակայն ձեզանից ոչ մի տեղեկություն չունեմ և խնդրում եմ, այս նամակս ստանալուն պես, չզլանաս պատասխանելու, անհամբեր սպասում եմ քեզանից մի երկտող ստանալու հարազատներիդ և քո մասին մանրամասն տեղյակ պահելու։
Մեր բոլորի կողմից ջերմ համբույրներ ենք ուղարկում քեզ, Ալիսա ջան, Պերճին, Քրիստինային, Ասպետին, Նայիրիին, Պերճուհուն, Կարպիսին և քո սիրելի թոռնիկներին։
Կարոտալի համբույրներով քույրդ` Հայկանուշ
1992 թ.
Սիրելի քույրս Ալիսա ջան
Մայիսի 21-ի գրածդ նամակը ստացա հունիսի 29-ին և Ասպետի նոր տարվա ուղարկած բացիկը։ Զարմանում եմ, քանի ամիս է մնացել նամակը ճանապարհին, փառք տիրոջը, հասել է և կարողացանք իմանալ ձեր ընտանիքների առողջության մասին։ Քանի ամիս է լուր չունեինք, շատ անհանգիստ էի, այսօր մեծ է ուրախությունս, Ալիս ջան, ուրիշ ուրախություն չկա, բացառված է, միմիայն քո նամակներն ընթերցելով սիրտս լցվում է անհուն կարոտներով և երազելով այն գեղեցիկ օրվանը, որ կարողացանք գոնե մեկ անգամ հանդիպել ու գրկախառնված պատմեցիր քո և Էդվարդի մանկության անցկացրած օրերի մասին, որը մինչև հիմա հնչում է ականջումս քո ձայնը, բայց շատ ափսոս ժամանակը այնպես է փոխվել և անհնար է դարձել մտածել ապագայի մասին։ Առայժմ մեր վիճակը բարվոք չէ և մտահոգվելու շատ բարդ խնդիրներ կան, որոնք պետք է նորից վերանայելու, ապահովել ժողովրդի կացությունը վերականգնելու։ Քույր իմ սիրելի հույսերով ապրում ենք, շատ երիտասարդներ զոհվեցին հանուն հայրենիքի, բայց անազնիվ թուրք ազգը չի բավարարվում այս չորս տարվա վնասներ հասցնելով մեր ազգին, նույնիսկ գազից զրկելով, դրա պատճառով ժողովուրդը դժվար կացության մեջ է գտնվում, որ ցավի մասին մտածի, մեկը չէ, բազում հոգսեր կան, երբ պետք է այս հոգսերը կանոնավորվեն, մենք էլ մարդավարի կարողանանք ապրել այս լուսավոր երկնքի տակ, տեսնենք թե ինչպիսի վերջավորության կհանգեն դուրս գալու այս քաոսից։ Ինչևիցե, սիրելիս, քանի ուժ և կարողություն ունենք համբերությամբ պետք է տանենք մինչև մի լավ լույս բացվի այս չարչարված ազգի համար, շատերը մինչև այսօր օտար ափերում ծվարած, հույսերով սպասում են հայ ազգի վերածնունդին: Սակայն այս պայմաններում թոռնիկս՝ Դավիթի տղան՝ Արմենը, ավարտեց տասնամյակն ու պատրաստվում է մասնակցելու ինստիտուտի քննություններին այս ամսի ութից, տա Աստված, բարեհաջող անցնի, իսկ Սեդան փոխադրվեց 9-րդ դասարան, երեխաները մեծանում են, իսկ մենք ծերանում ենք, սակայն հույսերով ապրում և երազում կրկին հանդիպելու, բայց, որքան գիտեմ ահավոր թանկացել են ճանապարհորդության ուղեգրերը: Անհնար է պատկերացնել, թե ինչպես մեծ սիրով այս պատշգամբում կգրկեի ու կփաթաթվեի քեզ՝ անուշ առնելով հարսիս եփած սուրճը:
Թող Աստված քեզ երկար կյանք տա վայրելու քո հարսների սերն ու գուրգուրանքը, նրանք թող ուրախանան քեզնով և իրենց հարազատներով: Մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, սեր և հարգանք, ամենակարևորը ընտանիքի անդորրի համար խաղաղություն, դա միակ սրբությունն է, ավաղ շատերին չի հաջողվում: Սրանով ավարտում եմ նամակս մաղթելով ձեզ երկար կյանք, առողջություն: Մնամ սպասումով… ձեզ սիրող և հարգող քույրդ՝ Հայկանուշ:
Հատուկ բարևներ Իվետտայից, Ավետիսից, Գոհարիկից:
Կարոտ համբույրներով բոլորից-բոլորիդ
1992 թ. 2-ը հուլիսի ք. Երևան
Սիրելիներս Գոհարիկ, Իվետտա և Ավետիս
Պապան արդեն ամեն ինչի մասին գրել է, ինձ ոչինչ չի թողել պատմելու: Դավիթն ու Նորան բարեհաջող վերադարձան, որը մեզ շատ էր անհանգստացնում, իրենց լավ են զգում:
Ես շատ եմ հոգնել, ձեր գնալուց հետո անմիջապես անցա տան գործերիս և մինչև իրենց գալը վերջացրեցի։
Այս շաբաթ Երևանում ցերեկները շատ շոգ էր, իսկ երեկոները՝ զով: Ըստ մեր սովորության, գիտեք նստում ենք երեկոները պարտեզում և հանգստանում:
Երեկ Ժաննան Նանայի հետ գնաց Դիլիջան հանգստանալու, Հակոբը ուղեգիր էր վերցրել և ինքն էլ տարավ: Երեկ երեկոյան գնացել էինք Թամարենց մոտ, Ծաղիկն ու Աշոտը նույնպես այնտեղ էին։ Ծաղիկը վերջերս շատ է վատացել, հիմա լավ է: Արյան տոկոսը շատ ցածր էր, աշխատեցին վերականգնել: Այսօր նորից պետք է գնա բժշկի հերթական ստուգման:
Իվետտա ջան, աշխատեք լավ հանգստանալ, արդեն քիչ օրեր մնացին, հոգ տարեք ձեզ:
Մենք լավ ենք: Այսքանով վերջացնում եմ նամակս, ուրիշ գրելիք չունեմ:
Երբ վերադառնանք, այն ժամանակ երկար կզրուցենք։
Ձեզ առողջություն և բարի վերադարձ:
Համբուրում եմ քեզ, Գոհարիկին և Ավետիսին:
Օգոստոսի 2-ին 1975 թ.
Երևան
Սիրելիներ Ասպետ և Նաիրի ջան
Մեծ եղավ մեր ուրախությունը, երբ հեռախոսով հայտնեցին, որ նամակ ունենք ստանալու Ֆիլադելֆիայից։ Նույն օրը հարսս, Արմենի հետ, միասին գնացին Արտյոմի մոտ, բայց նա տանը չէր, պայմանավորվեցինք հանդիպել չորեքշաբթի օրը, ստացանք ձեր ուղարկած նվերները որոնց համար մեծապես շնորհակալ ենք։ Երբ ընթերցեցի ձեր գրած նամակը սիրտս լցվեց վառ հույսերով, որ գեթ մեկ անգամ կկարողանանք իրար տեսնել: Տա Աստված բոլորիս առողջություն և երկար կյանք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին: Եթե գալիք ձմեռ կարողանանք գոյատևել, փառք տիրոջը պետք է ասել, հույսերով պետք է ապրել մինչև տեսակցությունը:
Ասպետ ջան, այս նամակդ ինձ նոր կյանք տվեց: մամայիցդ երկար ժամանակ տեղեկություն չունեի։ Պերճը ասել էր Դավիթին, որ պետք է աչքերի վիրահատություն կատարեն: Այժմ իմացա, որ ամեն ինչ լավ է։ Ասպետ ջան գիտեմ, որ շատ ես զբաղված, աշխատանքով ծանրաբեռնված, բայց քանի որ Նաիրին արձակուրդում է թող իմ խնդրանքը կատարի: Գրի Ալիսի, Պերճուհու ընտանիքի մասին: Նախապես շնորհակալություն եմ հայտնում։
Գարնան առաջին ամիսներն անցան, գյուղացին չի կարողանում սկսել գարնանացանը: Պատերազմ է Արցախում, ինչ պետք է լինի խեղճ ժողովրդի հետ։
Առանց բերքի անհնար է ապրել, մեծ հոգս է բոլորի համար։ Դեռ դիմանում ենք: Մենք դեռ ոչինչ, կարևորը նոր սերունդն է տուժում դրանց ձեռքից։
Մնում է միայն համբերություն, այս դառը օրերը անցկացնելու։
Հավատքի և հույսի շնորհիվ ապրելու ենք:
Ջերմ համբույրներ եմ ուղարկում Ալիսին, Պերճին, Պերճուհուն, Կարպիսին, Քրիստինեին։
Գրկում և համբուրում եմ ձեզ բոլորիդ։
Ձեզ սիրող և հարգող Հայկանուշ Ասատրյան 8-ը ապրիլի 1992 թիվ։
Սիրելի քույրս Ալիս ջան
Նախ շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրը և նոր տարին, թող այս տարին լինի աշխարհի ժողովուրդների համար խաղաղության, երջանկության և լի տարի, որին երկար ենք սպասել, մեր թոռները մեզանից հետո գոնե ապրեն խաղաղ ու երջանիկ, որքան ենք սպասել այդ օրվան...
Ավաղ, երևի չտեսնենք, քանի որ տարիքը թույլ չի տալիս ապագան տեսնելու, Աստված երիտասարդներին ուժ և կարողություն պարգևի, որ կարողանան վայելել բնության ստեղծած բարիքները։
Քույր իմ, շատ ուրախացա, երբ Դավիթը պատմեց, որ հանդիպել է Պերճին և տեսնվել քեզ հետ, ով կսպասեր այդ գեղեցիկ օրվան, սակայն մեկ ամիս ավելի է ինչ վերադարձել է Գերմանիայից չտեսնված տպավորություններով, հիացած Պերճի և Քրիստինեի լավ վերաբերմունքով, մինչև իր կյանքի վերջը կմնա որպես հուշ և այս գեղեցիկ օրերի պատճառը հանդիսացավ ձեր այցի գալը Հայաստան - Երևանում և գտանք իրար, ավաղ, այդ տեսակացությունը շատ կարճ տվեց, հազար ափսոս, որ այլևս չի կրկնվելու: Սիրելի Ալիս քեզ առողջություն, երկար կյանք թող պարգևի տերը, միշտ էլ շրջապատված լինես սիրասուն զավակներովդ, ներող եղիր, որ նամակդ ուշացրի, քանի որ Դավիթն ասաց նոր տարին և սուրբ ծնունդը անցկացնելու ես հարազատներով Պերճիս մոտ: Սակայն երբ նամակս գրում էի, ստացանք քո ուղարկած ծրարը, մեզ շատ ուրախացրեց տեսնելով լուսանկարները, որոնց մասին մեզ պատմել էր Դավիթը: Քույր իմ սիրելիս, հատուկ շնորհակալություն եմ հայտնում բարի և ազնիվ հոգու տեր հարազատներից, ուղարկածդ հագուստների համար: Ալիս ջան, երբ հեռաձայնես Պերճին և Քրիստինեին, չմոռանաս հայտնելու մեր բոլորի խորին շնորհակալությունը նվերների համար, թող նրանց երկար կյանք տա Աստված և գործերին էլ հաջողություն։ Սրանով ավարտում եմ նամակս ցանկանալով բոլորիդ քաջ առողջություն, գործերին հաջողություն: Համբուրում եմ քեզ, Պերճուհուն, Կարպիսին, Ասպետին, Նաիրիին և բոլոր թոռնիկներիդ։ Իվետտան իր ընտանիքով և մենք բոլորս մաղթում ենք ձեզ երկար կյանք, քաջ առողջություն, ջերմ համբույրներ բոլորիդ:
Կարոտ համբույրներով քեզ շատ սիրող և հարգող քույր Հայկանուշ
10-ը հունվարի 1992 թ. ք. Երևան։
Սիրելի քույրս Ալիս ջան
Որքան ուրախացա, երբ Գյուլնարան հեռաձայնեց և ասաց պետք է Արայի հետ գան ձեզ մոտ ապրիլի 26-ին: Այդ պատճառով որոշեցի երկտողս ուղարկել իր հետ, քանի որ փոստով ուղարկելը երկար է տևում, կամ էլ տեղ չեն հասնում գրածս նամակները, չնայած ես դեռ սպասում եմ իմ նամակի պատասխանին, հույսս չեմ կորցնում: Քույր իմ սիրելի ամեն ինչ կպատմեի մեր կյանքի մասին, որ իրազեկ լինեք հայ ժողովրդի դժվարին օրերին։
Ալիսա ջան կներես այս փոքրիկ նվերների համար, որ ուղարկում եմ, քանի որ Գյուլնարան առանց այն էլ ծանրություն ունի ձեռքին, բացի դրանից Արայիկի խնամքը, այդ բոլորը դժվար է կին արմատի համար: Ալիս ջան, մեր կողմից ջերմ համբույրները հաղորդիր Պերճին, Քրիստինային, Պերճուհուն, Կարպիսին, Ասպետի Նաիրիին և անուշիկ թոռնիկներիդ:
Անհամբեր կսպասեմ քո նամակին, որը երկար ժամանակ է չեմ ստանում:
Քեզ շատ սիրող և հարգող քույր Հայկանուշ
մայիսի 1, 1992 թ։
Սիրելի Արաքսյա և Գեղուհի
1987 թ.11-ը օգոստոսի
Այսօր ստացա հուլիսի10-ի գրածդ նամակը, որով հայտնում եք մեր ամենասիրելի քույր Վիկտորիայի մահվան լուրը։ Երկար ժամանակ սպասում էի նամակիս պատասխանին և այդպես էլ չստացա իրենից։ Գիտեք որքան դժվար է մեզ համար, որովհետև Վիկտորիայի հետ կապված ենք եղել57 տարի, նամակներով քաղցր զրուցել ենք։ Նա բոլորիդ մասին տեղեկություններ էր տալիս ու պատմում Մուրադյան գերդաստանի կյանքից։ Այսօր Մուրադ Էֆենդիի վերջին աստղը մարեց։ Վիկտորիան այնքան էր սիրում Ալբերտին և Ազատին, միշտ գովեստով էր խոսում նրանց մասին։ Այսօր նրանք զրկվեցին իրենց անուշիկ մայրիկից։
Մեր բոլորի կողմից խորին ցավակցություն ենք հայտնում Ալբերտին և Ազատին։ Գեղանի ջան, ինչ վերաբերում է Տիրանին, նա վախճանվել է երկու տարի առաջ(1985 թ. ապրիլի1-ին):
Ես այդ լուրը չհասցրեցի Վիկտորիային, քանի որ ինքը ծանր վիճակի մեջ էր, վշտացնել չուզեցի։ Նա խորը տարավ Էդուարդի և Զարեի մահվան լուրը։
Թող Աստված Ալբերտին և Ազատին երկար կյանք պարգևի բարի զավակ լինելու համար։
Սիրելի քույրս Ալիս ջան
Որքան ուրախություն է մեզ համար,երբ քեզանից ստանում ենք նամակներդ, որովհետև միակ Մուրադյան տոհմից, Ալիսա ջան դուք մնացիք իմ հիշողության մեջ անջնջելի։ Սիրելիս երկու շաբաթից կլարանա ուղիղ մեկ տարին, ապրիլի 26-ին մենք հանդիպեցինք այդ օրը։ Երբեք չեմ մոռացել, անվերջ հիշողությանս մեջ եք և այս երկու ժամվա ընթացքում որքան հուշեր արթնացան,, ափսոս որ կարճ տևեց այդ հոգեպես մեծ բավականությունը։ Տա Աստված ձեզ և մեզ քաջ առողջություն և աշխարհին խաղաղություն որպեսզի նորից հանդիպենք, այս անգամ երկար կզրուցենք և կարոտներս կառնենք։
Ալիսա, սիրելիս, գրում ես, որ Պերճը, Քրիստինեն և Պերճուհին իրենց զավակներով պետք է ներկա լինեն իրենց հոր մահվան տարելիցին, թող հողը թեթև լինի վրան և դու մխիթարվիր քո սիրասուն զավակներով, նրանց սիրուց երջանիկ եղիր ու բախտավոր, ամենակարևորը պահպանիր առողջությունդ։ Ճիշտ է ամուսին-կյանքի ընկեր կորցնելը շատ ծանր է, պետք է հաշտվել բնության օրենքն է, ինչ արած։ Ալիսա ջան օրերը ձեզ։ Ապրիլի 1-ին վախճանվեց Տիրանը, 82 տարեկան էր, ընդամենը մեկ ամիս տևեց հիվանդությունը, այս շաբաթ զբաղված էինք Տիրանով, երեք եղբայրները հեռացան մեզնից։ Ճիշտն ասած առայժմ չեմ ուզում Վիկտորիային գրել Տիրանի մասին, քանի որ ինքը հիվանդ է, լուրը կազդի առողջության վրա, նա էլ կյանքում զրկված լինելով հարազատ եղբայրներից, միշտ կարոտը սրտում մնալով,մեծ ցանկություն ուներ կրկին այցելության գալ եղբայրներին տեսնելու, այդպես էլ չկարողացավ` առողջություն չունենալու պատճառով։ Քանի ամիս է ինչ նրանից լուր չունենք։ Այսպիսով ավարտում եմ նամակս` սպասելով քո նամակներին։
Մեր բոլորի կողմից կարոտալի բարևներս քեզ, Պերճին, Քրիստինեին, Պերճուհուն և անուշիկ թոռնիկներիդ։
Կարոտալի համբույրներով քույրդ Հայկանուշ
9-ը ապրիլի 1985 թ.
Երևան
Ասպետ սիրելիս
1937 թվականից աշխատել եմ Օպերայի թատրոնում՝ որպես պարուհի: Պարել եմ մինչև 1963 թվականը:
Այդ ժամանկաշրջանում աղջիկս՝ Իվետան, ավարտելով պարուսուցումը, ընդունվեց 1953 թվականին Օպերային թատրոն և միասին պարում էինք բեմահարթակում:
Ես էլ, նա էլ անցել ենք թոշակի:
Ամուսինս՝ Էդվարդը դերասան էր: Նրա եղբայր Տիրանը՝ նկարիչ, մյուս եղբայրը Զարէն օպերային թատրոնի վաստակավոր պարող և բեմադրող: Ընտանքով սիրահարված էինք արվեստին: Ցավոք, երեք եղբայրները մահացել են, լավ երիտասարդներ էին: