Найти тему

Բալետի արտիստ,բալետմեյստեր Զարէ Մուրադյանը հայկական բալետի մասին

Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որ վերջին տարիներս անդադար զբաղեցնում է հայ արվեստագետներին, և ամենից առաջ, իհարկե, պարի մասնագետներին։ Դրությունը բավականին ծանր է, ես կասեի կրիտիկական: Եվ, այնուամենայնիվ, դժվար է ռադիկալ միջոցներ, դեղատոմսեր առաջարկել մեր պարարվեստն այդ վիճակից հանելու համար։

Ես կարծում եմ, սխալ բան է բալետմեյստերների առջև սոսկ ազգագրականից կարչելու դոգմատիկ պահանջներ դնել։ Հայկական ազգային պարը գալիս է հնուց։ Եվ ի՞նչ է միայն ժողովրդական ստեղծագործության վրա՞ պիտի հենվենք, պիտի մտահոգվենք միայն նրա անաղարտությունը պահպանելու խնդրո՞վ և ուրիշ ոչի՞նչ: Ինչո՞ւ եք ուզում մնալ նույն մակարդակին, ինչո՞ւ առաջ չգնալ:

Ժողովրդական պարը, ինչպես և ամեն մի ժողովրդական ստեղծագործություն, հորինել են օժտված անհատներ, և երբ լավ է եղել, ժողովուրդն ընդունել է` երգել կամ պարել: Այսօր էլ են անհատները, այսինքն պարուսույցները, պար ստեղծում: Բայց մեկը ստեղծվում է, իսկ մի քանիսը չեն հավանում, հազար ու մի պոչ են կպցնում: Մի՞թե սա օգնություն է:

Չի կարելի մոռանալ ժամանակի գործոնը: Մեր ժամանակակիցը` այսօրվա բանվորը, գյուղացին առաջվանը չեն, փոխվել է կյանքը, կենցաղը, փոխվել են հայացքները, մտածելակերպը: Ժամանակը իրենը թելադրում է և միշտ էլ թելադրելու է: Չէ՞ որ մեր կոմպոզիտորները նոր պարեղանակներ են գրում. որոնք պետք է համապատասխան պարային մարմնավորում ստանան: Հասկանալի է, նոր պարը արդեն եղածի կրկնությունը լինել չի կարող:

Շատ անգամ հոդվածներում խոսվում է մեր վարպետներ Սրբուհի Լիսիցյանի և Վահրամ Արիստակեսյանի մասին: Ես շատ եմ հարգում նրանց գիտելիքները, նրանց վաստակը: Սակայն չեմ կարող հաշտվել այն բանի հետ, որ նրանք մի կողմ են քաշվել և քննադատում են գործող բալետմեյստերների յուրաքանչյուր նոր ստեղծագործություն: Եկեք մի փոքր էլ մեր հարգելի ընկերներին դիմենք ընկեր Լիսիցյան, ընկեր Արիստակեսյան, եկեք օգնեք գործնականորեն, գուցե կարողանանք մի քանի լավ պար ստեղծել։

ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆ – Խնդրեմ , թող հնարավորություն տան:

ԶԱՐԵՀ ՄՈՒՐԱԴՅԱՆ – Ես չեմ կարծում, որ քեզ հնարավորություն չտան : Խոսելը քիչ է, պետք է գործ անել, ստեղծել, հորինել նոր պարեր` ձեր ունեցած ահռելի պաշարների և մեծ գիտելքների օգնությամբ: Խնդրում ենք, եկեք և ստեղծեք:

Մենք կարող ենք այստեղ մեկ ուրիշ խնդիր առաջ քաշել` ունենալ ազգագրական պարերի թանգարան-անսամբլ: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, թէ մեր պարարվեստը պետք է տեղում դոփի:

Այժմ մի քանի խոսք երգի-պարի անսամբլի նոր ծրագրի մասին: Էդգար Հովհաննիսյանը հոյակապ ծրագիր ուներ: Ես անձամբ շատ ոգևորվեցի, երբ կարդացի նրա ինտերվյուն §Սովետական արվեստ¦ ամսագրում , ուր խոսվում էր անսամբլի անելիքների, հեռանկարների մասին: Եվ ինչ, Հոհաննիսյանին կես ճանապարհին քարկոծեցին, և նա էլ նահանջեց:

Օրինակ, ի՞նչ վատ բան կար §Դավիթ և Խանդութ¦ պատկերի առաջին տարբերակում: Դա ինձ վրա ավելի լավ տպավորություն էր թողել, քան նոր խմբագրությունը:

ՍԱՂԱԹԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Դա լրիվ էկլետիկ ստեղծագործություն է :

ԶԱՐԵՀ ՄՈՒՐԱԴՅԱՆ – Ոչ, այնտեղ ոչ մի էկլետիզմ չկա: Բոլոր շարժումները հայկական են: Ով կամենում է, կարող է գալ փորձի և կհամոզվի, որ այն , ինչ արել է Վիլեն Գալստյանը, ամբողջապես կազմված է հայկական պարաքայլերից ու շարժումներից:

Շատ լավ կլիներ, որ մենք գիրք, ձեռնարկ ունենայինք հայ ժողովրդական պարի մասին: Դա մեծապես կօգներ երիտասարդ պարուսույցներին և պարը ստեղծողներին:

Մի ցանկություն, ավելի ճիշտ, մի խորհուրդ մեր քննադատներին, հոդվածագիրներին: Յուրաքանչյուր քննադատական խոսք պետք է ասվի պահպանելով էթիկական նորմաները և ոչ թէ §համեմվի¦ վիրավորական էպիտետներով, ինչպես դա արվել է Կամարի Տոնոյանի հոդվածում: