Найти тему
Հայաստանն այսօր

Էրդողանն ընդունել է ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության պարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է, որ իր կուսակցությունը մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների՝ խոշոր քաղաքների քաղաքապետերի ընտրություններում պարտություն է կրել, հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։

Նա ընդգծել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հարգում է ժողովրդի ընտրությունը։

«Ցավոք, մենք չստացանք ցանկալի արդյունքներ, բայց, իհարկե, կհարգենք ժողովրդի որոշումը և այն կասկածի տակ չենք դնի»,- հայտարարել է Էրդողանը։

Ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ բացի Ստամբուլում և Անկարայում իր դիրքերը պահպանելուց՝ կարողացել է հաջողությունների հասնել այլ քաղաքներում ևս, որոնցում նախկինում ավանդաբար հաղթել էր ԱԶԿ-ն։ Կուսակցությունը հայտնել է, որ հաղթանակել է այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Իզմիրը, Բուրսան, Անթալիան և Ադանան:

Հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ, նախնական տվյալներով՝ Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը ընտրություններում ստացել է 37,3%, ԱԶԿ-ն՝ 35,7% ձայն, ինչը նշանակում է, որ Էրդողանի կուսակցությունը շուրջ 20 տարվա ընթացքում առաջին անգամ պարտվում է։ Մարտի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայում ընտրությունների ժամանակ 1 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել։