Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը։
Globnews.am-ը զրուցեց ռուսական կինոյի արտիստ, պրոդյուսեր Արմեն Մուրադյանի հետ՝ բացահայտելու Ռուբեն Գևորգյանցի ստեղծագործ կյանքի հայտնին ու անհայտը։
«Կյանքից հեռացել է ազնվական ընտանիքից սերված հայ կինոյի դասական Ռուբեն Գևորգյանցը։ Նա բազմակողմանի զարգացած, ֆենոմենալ երևույթ էր, ով ուներ համաշխարհային անուն։ Եվ զարմանալի չէ, որ Ռուբեն Գևորգյանց վավերագրական ֆիլմերի ռեժիսորը20-ից ավելի համաշխարհային մրցանակներ է ստացել, մեկ անգամ էլ եղել է «Օսկար» կինոմրցանակի հավակնորդ»։
Արմեն Մուրադյանի համոզմամբ, Գևորգյանցը Փարաջանովի մասին վավերագրական ֆիլմերից լավագույնի հեղինակն է։ «Այս ֆիլմում Փարաջանովի մասին իրենց կարծիքն են հայտնել լեգենդար դեմքեր, ինչպիսիք են Ժան Լյուկ Գոդարը (ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ), Մարիա Վլադին (ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի, գրքերի հեղինակ) և Տոնինո Գուերան (իտալացի աշխարհահռչակ արվեստագետ)։ Տոնինո Գուերայի մասին ֆիլմ ևս Գևորգյանցը նկարել է։ Այդ ֆիլմը ողջ աշխարհում ցուցադրվեց»։
Հատկանշական է, որ բացի վավերագրական ֆիլմերից, Գևորգյանցը հեղինակել է նաև մի քանի գեղարվեստական և մեկ կոմեդիկ ժանրի ֆիլմ։«1990-ականների մութ ու ցուրտ օրերին նա նկարել է իր միակ կոմեդիկ գործը։ Բացի այդ, Գևորգյանցը եղել է հայաստանյան առաջին կինոփառատոններից մեկի՝ «Ես եմ»-ի հիմնադիրը»։
Ռեժիսուրայից բացի, Գևորգյանցը ունեցել է նաև այլ հետաքրքրություններ։ «Նա գրել է բանաստեղծություններ, որոնք հրատարակվել են մի քանի ժողովածուներում։ Եվ այնքան հաջողված գործեր են եղել, որ արժանացել են շատ հայ գրողների հավանությանը, նաև թարգմանվել մի քանի լեզուներով»։
Գևորգյանց ստեղծագործ մարդը եղել է նաև հայոց բանակի երախտավոր։ «Նա մասնակցել է Ղարաբաղյան գոյամարտին։ Իսկ այդ ժամանակահատվածում շատ քիչ արվեստագետներ գնացին այդ քայլին»։
Արմեն Մուրադյանի խոսքով, պատահական չէ, որ Գևորգյանցը1980-ականներից սկսած ղեկավարել է հայ կինոստուդիան։«1980-ականներից մինչ այժմ «Հայկ» կինոստուդիայի ղեկավարն էր։ Նա ընտրվում էր, քանի որ մեծ հարգանք և հռչակ ուներ։ Նրա օրոք ոչ մի սկանդալ չի եղել»։
Նշենք, որ Ռուբեն Գևորգյանցը ծնվել է1945 թվականի նոյեմբերի30-ին, հայտնի կինոռեժիսոր Ստեփան Կևորկովի ընտանիքում։ «Գևորգյանցի հայրը հայտնի կինոռեժիսոր էր, որդիները ևս ընտրել են պապի, ապա հոր ուղին։ Կարող ենք ասել, որ Ռուբեն Գևորգյանցը այս ազնվական դինաստիայի21-րդ դարի առաջնորդն էր», եզրափակեց Արմեն Մուրադյանը։
2017-06-23 17:03:50 Երևան Globnews.am