Найти в Дзене

Ռեժիսոր Երվանդ Ղազանչյան- Բալետի արտիստ Զարեհ Մուրադյան

Ի՜նչ երանելի ժամանակներ էին: Ինչպիսի մթնոլորտ, իրապես թատրոնի, մաշակույթի ժամանակն էր: Ի՜նչ կարգին մարդիկ… Արա Սարգսյան, Վավիկ Վարդանյան, Հայկուհի Գարագաշ, Ռուբեն Զարյան, էլի շատերը և այդ շատերի աստղաբույլում՝ Զարեհ Մուրադյան… Ի՞նչ ընդհանուր բան կար այս անուններ մեջ, տաղա՞նդը՝ այո, հայրենասիրությո՞ւնը՝ այո, նվիրումը իր գործի՞ն՝ այո, համեստությո՞ւնը՝ այո… Բայց կար ամենակարևորը՝ Բարությունը, որն, ավա՜ղ, վաղուց արդեն մոռացվում է…

Մեր սիրելի, թանկ ուոսուցիչներ, որ նաև հայրեր ու մայրեր էիք, երբ կայիք դուք… Երգում էինք՝ Կառուզո էինք՝ կարդում էինք Սուրեն Քոչարյան էինք, պարում էինք՝ Ստրուչկովա ու Մուրադյան էինք:

Սիրելի Զարեհ Մուրադովիչ, այսօր ձեր խաղընկերներն ու աշակերտները՝ Վանուշ Խանամիրյան, Վիլեն Գալստյան, Գեորգի Գեորգյանց, Վիոլետա Թորոսյան, Ֆրունզե Ելանյան, Հովհաննես Դիվանյան, Նադեժդա Դավթյան, Ռիմա Մանուչարյան, Ժաննա Թամիզյան, Էմմա Նահապետյան, Իվետա Մուրադյան, Ելենա Պավլիդի, Լուիզա Վարդանյան, Ռաշիդ Կարապետյան, Էլվիրա Մնացականյան, Կիմա Կուպալովա:

Հայ պարարվեստի փաղանգը եկել է հիշելու՝ մեծարելու ձեզ: Մարդ որի հսկայական վաստակն անգնահատելի է: Այն սակավ անունների կողքին որոնք պատիվ են ունեցել աշխատելու աշխարհի թիվ մեկ թատրոնում՝ Մոսկվայի Մեծ թատրոնում կա Զարեհ Մուրադյանի անունը: Զարեհ Մուրադյանը ազգային պարարվեստի փառքը ստեղծողներից ու վայելողներից է: Իսկ մանկավա՞րժ, ուսուցի՞չ: Հիշում եմ, երկրորդ կուրսի ուսանողներ էինք, մեր վաղամեռիկ ընկեր Արծրուն Մանուկյանը, մարքսիզմ - լենինիզմ հիմունքներ առարկայից երկուս էր ստացել: Ոչինչ և ոչ մեկը չօգնեց: Խնդրեցինք ձեզ բարեխոսել Խաչիկ Հակոբյանին և Արծրունը շարունակեց թոշակ ստանալ: Չեմ հասկանում, ինչո՞ւ է այն ժամանակ շնորհակալություն չհայտնեցինք: Չհայտնեցինք, որովհետև համոզված էինք, որ դա այդպես էլ պիտի լիներ: Սիրելի Զարեհ Մուրադովիչ, ձեր կյանքն ու գործը մի անգամ ևս հաստատում են այն միտքը, որ միայն կարգին մարդը կարող է ստեղծել կարգին արվեստ:

Տարիների հեռվից նորից ու նորից խոնարհվում ենք և ասում, որ միայն իմ սերնդի, այլ հաջորդող սերունդների մեջ եղած սերը, նվիրումը, փրկված բարությունը նաև ձեզանից է:

Ինչ բախտավոր մարդիկ ենք մենք, որ մեզ դեռ ուղեկցում են ազնիվ հիշողություններ: