Найти тему

Արտիստ Արմեն Մուրադյան- Բաց պատուհան (պատմվածք)

Ամբողջ օրը նստեց ու անցկացրեց պատուհանի մոտ։ Երեկ էր վերջացրել Սթիվենսոնի «Սև նետը» և հիմա դրա տպավորության տակ էր։ Չէ որ գրողները այս նույն կյանքն են նկարագրում, իհարկե, մի քիչ վերաձևված, և հիմա ինչ կապ ունի, որ Ռիչարդ Երրորդի ժամանակը չէ, ընդամենը մի շոգ, ամառային օր է, և նա սպասում է Դիկին` Դիկ Շելտոնին, հմայիչ այդ տղային, որը վտանգի ենթարկեց իրեն բազում անգամներ, բայց վերջում։ Իսկ ինչ. վերջում էլի լավ վերջացավ` միշտ միևնույնը։ Հերոսը գտավ իր սիրեցյալին, և ամուսնացան, ինչպես հեքիաթում։

Իսկ ուր էին այդ գրողները, երբ ահա մեկ ամիս է, ինչ Արսենը չկա։ Վերջում պիտի ամուսնանային։ Խոստումներ միայն: Ակամա հիշեց հին երգը` «Խոստումներ` փաթիլների նման»: Մի պահ չարացավ, բայց երբ նայեց իրենց հողամասի մեծ պատշգամբի դիմացի սարին, միանգամից հանգստացավ։ Չգիտեր, թե ինչու, բայց ամեն անգամ այդ սարին նայելիս զարմանալի հանգստություն էր զգում։ Գուշակեց այն գաղտնիքը, որով հմայում էր իրեն խոժոռադեմ սարը։ Մանկությունը` անհոգ – ուրախ -փոքրիկ մի աղջնակ, երկար մազերով... Դեռ նոր էին սարքել 2-րդ հարկը և պատշգամբը։ Այն դեռ փոշոտ էր ու կեղտոտ, երբ ինքն առաջին անգամ վազելով բարձրացավ` շրջակայքը վերևից դիտելու համար։ Տեսավ սարը, հարևան տանիքները, անմիջապես մի սուր ցանկություն ունեցավ իմանալ, թե ինչ կար սարի ետևում։ Ուզեց հարցնել տատիկից, որը հևասպառ եկել-բարձրացել էր իր պես առաջին անգամ ու, գերանին հենված, աչքերը կկոցած, նայում էր ներքև, բայց... չհամարձակվեց։ Գուցե այն պատճառով, որ տատիկի համար ինքը սոսկ մի երեխա էր` անընդհատ հարցեր տվող, և տատիկը կասեր նրան «գայլն է սարի ետևում» ոտանավորը, իսկ ինքը հոգնել էր այդ ամենից։ Հիշելով այդ դրվագը, ժպտաց մի պահ, աչքերը փակեց, որ մանկությունը երկարի, բայց տեսիլքն անմիջապես «մոնտաժվեց», ինչպես ասում էր հարևան Գուրգենը, որը մի քանի ամիս է, ինչ աշխատում էր «Հայֆիլմ»-ում և հայֆիլմցիների լեզվով էր խոսում, մի գլուխ պատմում հետաքրքիր դեպքեր։ Բայց ինքը ձանձրանում էր, մյուսների պես չէր։ Հիշում էր այն աղջկան, որն անընդհատ սիրահարվում էր ուրիշներին և կանգնում խոսում էր նրանց հետ` ձեռքերը թափահարելով, և բոլորը հիասթափված հեռանում էին նրանից։

Իսկ ինքը միշտ սպասել է, սպասել այն արքայազնին, որ պետք է գար, տաներ իրեն շոգից, քաղաքից, սարերից։ Հիշեց Գրինի վիպակը` «Ալ առագաստները», որ կարդաց ու նոր եռանդով լցվեց, որոնեց մի արքայազն և գտավ համալսարանի իրենց բուֆետում, երբ կուրսով նստած էին մեծ դասամիջոցին, անկյունի սեղանի շուրջ։ Արսենը մոտեցավ։ Կուրսի տղաների հետ ծանոթ էր։ Բարևեց ու նստեց։ Այն ժամանակ նա ուշադրություն չդարձրեց` «արքայազնին»: Նունն էլ` տղան։ Նա ժպտում էր իր ընկերուհուն` Սոնային։ Սեղանի շուրջ միայն մեկ-երկու նախադասություն փոխանակեցին, և հետո Արսենն ասաց, որ այն ժամանակ հավանեց անմիջապես։ Հետո իջան խմբով մինչև Երիտասարդական մետրո, մի քանիսը գնացին ուրիշ ուղղությամբ, խումբը փոքրացավ, բայց խոսակցությունը չէր ստացվում, ցրված էր, մի քիչ էլ ամաչում էր կամ գուցե հենց այդ ժամանակ ինչ-որ մի ձայն հուշեց, որ եկել է ժամը սպասումի։ Երբ Արսենը խնդրեց հեռախոսի համարը, տվեց։ Երևի արդեն մոռացել էր, թե հիշում էր, բայց հենց այդ օրը հոգնած եկել էր հողամասից և ուզում էր տանը մնալ, բայց տղան զանգահարեց և խնդրեց հանդիպել։ Ու դրանից հետո ինքը փոխվեց։ Ոչ մեկը նրան չէր ճանաչում, առաջվա Հասմիկը չէր։ Մի պահ էլի սկսեց հավատալ բոլոր այդ վիպական Քատրիոնաներին, Ջոանաներին ու բոլորին սկսեց ավելի բարի նայել: Ընկերուհիներն ասում էին, որ հենց դա է սերը, իսկ ինքը պատասխանում էր` թե գիտեմ, հասկանում եմ: Չնայած այն ժամանակ ոչ մի բան ոչ հասկանում էր, ոչ իմանում։ Սիրո հետ չէր հանդիպել այս քաղաքում։ Բայց չէ հիմա հիշեց։ Հիմա, երբ հայրն ու մայրը իջել էին հարևան այգու համար նոր սերմեր բերելու, և նա մենակ էր այս ծառախիտ անապատում, դիմեց նկարչության դասվարին` ակնոցավոր գեղեցիկ։ Դասարանում միշտ մի քանիսը հերթով սիրահարվում էին դասատուներին։ Բայց այս մեկին չհասցրին սիրահարվել, որովհետև գնաց ուրիշ դպրոց։ Այն ժամանակ նա ուրախացավ, բայց հիմա մտածում էր` ինչու։ Եվ նոր միայն լռության մեջ հիշեց, որ մայրը պատմում էր, թե այդ ժամանակ ինչպես էր Հասմիկը երեսուն ամյա հորը համոզում, որ գոնե կես ժամ տատիկի ակնոցը դներ։ Բայց չէ, ինչքան էլ վատ վարվեր Արսենը, նրանք լավ օրեր անցկացրին, ոչ մի անգամ չկռվեցին, մինչդեռ հարևան կուրսի աղջիկը ամեն օր գորգոռում էր իր ընկերոջ վրա։ Հիմա նա չէր ուզում մոր վեպի ընթերցանություն սկսել, չէր ուզում տեսնել տողերի մեջ իդեալական հերոսների, որոնց ինչքան փնտրեց` չգտավ այս քաղաքում։ Մի քանի օր առաջ զանգեց ընկերուհին, թե մի տխրիր, դեռ քանի հոգու կհանդիպես և ուրիշ բաներ ասաց, բայց նրա համար հեշտ է ասելը.ոչ մի գիրք չի կարդացել, միայն մոդաների ամսագրեր ու թերթեր, և իրեն գիտունի տեղ է դնում։ Սակայն ինչը դուր եկավ Արսենի մեջ։ Երևի հենց այն, որ բոլոր տղաների նման է կամ միաժամանակ նման չէր։ Ինչ էր գտել այդ ապագա աշխարհագետի մեջ։ Չէր ուզում խոստովանել, որ գիտեր հեռացման պատճառը` ինքը վերջիվերջո սովորական աղջիկ չէ, ապրում է գրքերի աշխարհում, իսկ տղան իրական կյանք էր փնտրում և...գնաց։

Հիմա նրա սիրտը կոտրված էր։ Թվում էր, թե ընդմիշտ, բայց գիտեր, որ ժամանակներ հետո սրանից էլ կբուժվի, նորից կսպասի, էլի նույն հավատով, բայց այժմ հոգնել է, ոնց որ ավելի է մեծացել, մեծացել մի ամբողջ տարով, որի համար միաժամանակ և ուրախ է, և տխուր։ Ուրախ է, որովհետև սկսում ես հին հարցերիդ պատասխանները գտնել։ Տխուր է, որովհետև մի ներքին ձայն հուշում է անվերջ, որ ինչքան մեծանում է մարդը, այնքան փոքրանում են նրա երազանքները...