Найти в Дзене

Բալերինա Իվետտա Մուրադյանի հանդիպումները արտիստ Վահրամ Փափազյանի հետ

Երբ ես նոր էի ծնվել մինչև խորեոգրաֆիկ ուսումնարան ընդունվելը այդ տարիներին մեր տունը,հայրիկիս` արտիստ Էդվարդ Մուրադյանի մոտ այցելության է եկել,շատ անգամներ, հանճարեղ արտիստ Վահրամ Փափազյանը և իմ մայրս` պարուհի Հայկանուշ Ասատրյանը մեծ հարգանքով ու հյուրասիրությամբ ընդունել է նրան։Ես այդ այցելությունները չեմ հիշում,շատ փոքրիկ եմ եղել,բայց հետագայում ծնողներս շատ են պատմել ինձ նրա մասին։

Երևանում 1960-ական թվականների վերջին,մի անգամ, ամառային մի օր, գնում էի օպերայի և բալետի թատրոնից դեպի տուն։Այդ օրը իմ հետ էր աղջիկս` Գոհար Մսրյանը։

Կիևյան փողոցում մտանք խանութ,մի քանի րոպե անց դուրս եկանք և շարունակեցինք ճանապարհը դեպի կանգառ,այդ պահին տեսա, որ դեպի մեզ է գալիս դանդաղ քայլերով արտիստ Վահրամ Փափազյանը։Ես ակամայից ժպտացի նրան,նա էլ տեսնելով իմ ժպիտը հետաքրքրությամբ նայեց ինձ կանգնելով։Ես տեսնելով, որ Փափազյանը կանգնեց ասացի նրան.

- Բարև Ձեզ,ես Իվետտան եմ,դերասան Էդվարդ Մուրադյանի աղջիկն եմ,իմ հայրը շատ է պատմել Ձեր մասին,երևի կհիշեք իրեն։

Փափազյանը երբ լսեց հայրիկիս անուն ազգանունը, միանգամից ժպտաց և ասաց.

- Ինչպես չեմ հիշում,և շարունակեց,–դուն Եդվարդին աղջիկն ե՞ս։

Հանճարեղ արտիստը կյանքում խոսում էր արևմտահայերեն և այդ պատճառով հայրիկիս անվանում էր ոչ թե Էդվարդ այլ Եդվարդ:

Հետո ժպտալով ասաց.

- Իմ կողմեն Եդվարդին բարևեք։

Տեսնելով աղջկաս` Գոհարին,ասաց.

- Սա ձեր աղջիկն է՞։

Ես նայելով Փափազյանին ասացի.

- Այո։

Զրուցեցինք հայրիկիս մասին,հետաքրքրվեց և հիշեց մայրիկիս պատրաստած ճաշերը։ Հետո ես ու աղջիկս` Գոհարը, հաջողություն ասելով գնացինք։

Այսպիսի մի կարճ հանդիպում ունեցա նրա հետ։

Տարիներ անց եղբայրս` գրող Դավիթ Մուրադյանը,տվեց ինձ կարդալու Փափազյանի §Հետադարձ հայացք¦ հիշողությունների գիրքը։

Տարիներ հետո ես կարդացի իմ հայրիկի հուշերը §Օրերի վարագույրը¦ վերնագրով, որտեղ նա պատմում էր իր բազմաթիվ հանդիպումներից մեկի մասին Վահրամ Փափազյանի հետ: Իսկ դրանից առաջ ես այդ հուշերից մի հատված լսել էի 1970-ական թվականներին, երբ հայրիկիս հրավիրեցին ռադիո և նա ելույթ ունեցավ:

Վահրամ Փափազանը մտերիմ էր նաև հորեղբորս՝ բալետի արտիստ, բալետմեյստեր Զարէ Մուրադյանի հետ, երբ ես փոքր եմ եղել Փափազանը իր ֆոտոն մակագրել է հորեղբորս և նվիրել նրան:

Անցան շատ տարիներ այդ հանդիպումից հետո։Ինձ,իմ ամուսնուս` օպերային երգիչ Ավետիս Մսրյանին,հորեղբորս`բալետի արտիստ Զարէ Մուրադյանին հրավիրեցին նկարահանվելու §ՀայՖիլմ¦-ում §Մսյո Ժակը և ուրիշները¦ գեղարվեստական ֆիլմում։

Այդ ֆիլմում նկարահանվում էր նաև Վահրամ Փափազյանը։ Ընդմիջմանը,նկարահանման տաղավարում նստած էինք և զրուցում։

Հրավիրված էր լուսանկարիչ,որը մեզ բոլորիս նկարեց,իսկ մի որոշ ժամանակ անց ստացա այդ լուսանկարը։

Ահա այդ լուսանկարը` Վահրամ Փափազյանը նստած է բազկաթոռին։

Այսպիսի երկու հանդիպումներ ունեցա Վահրամ Փափազյանի հետ։

Երևան

2023 թիվ հուլիս

-2