Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերջին փաթեթում ներառել է դեմարկացիայի քարտեզներն ամրագրելու հարցը․ ԶԼՄ

Հայաստանն Ադրբեջանին ուղարկած խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներում ներառել է դեմարկացիայի քարտեզներն ամրագրելու հարցը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ԱԳՆ աղբյուրներին։ Թերթը մանրամասնում է, որ խոսքը հունվարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթի մասին է, որտեղ այլ տեխնիկական առաջարկներ են ներառված։ «Հայկական կողմի համար ընդունելի են 1974-1978 թվականների ռուսական Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ հունվարի 10-ին Ալիևը հայտարարել էր, որ այդ քարտեզներն իրենց համար ընդունելի չեն»,- հիշեցրել է թերթը։ Հունվարի 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հունվարի 4-ին Հայաստանը փոխանցել է հայկական կողմի առաջարկները։ Նա ընդգծել էր, որ Հայաստանին փոխանցած ադրբեջանական առաջարկների մեջ որոշ հոդվածներով որոշակի առաջընթաց, որոշներով՝ հետընթաց են արձանագրել։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին հայտարարել էր, որ հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին և այժմ սպասում են Բաքվի պատասխանին։ Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման պայմանագիր ստորագրել և ապառազմականացնել սահմանը։ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և որ Երևանը պատրաստ է տալ համապատասխան երկարատև և անշրջելի երաշխիքներ ու ակնկալում է նույնատիպ երաշխիքներ Ադրբեջանից։