Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի «Կին» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր հոբելյանական 20-ամյակը, այս մասին Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ «Կին» կինոփառատոնը կներկայացնի «Կինը հայ կինոյում» ֆիլմը՝ նվիրված հայ կինոյի այլընտրանքային պատմությանը՝ հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։Ֆիլմը կներկայացվի փառատոնի բացմանը՝ դեկտեմբերի 1-ին:
«Հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կցուցադրվեն նաև խորհրդային և հետխորհրդային տարիների ընթացքում աշխատած կին-ռեժիսորների՝ Արշա Օվանեսովայի, Սեդա Պումպյանսկայայի, Ռուզաննա Ֆրանգուլյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։ Փառատոնի ծրագրերում կներկայացվեն 53 ֆիլմ՝ 20 երկրից։ Մրցութային ծրագրից բացի, առանձին ծրագրում կցուցադրվեն նաև փառատոնի հյուրերի ֆիլմերը: Այս տարի առաջին անգամ փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակները»,- ասված է հաղորդագրության մեջ։