Найти тему
Հայաստանն այսօր

Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Կեղծ մեղադրանքներով ձերբակալված և Բաքվի զինվորական դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովայի խոսքով՝ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել: Փաստաբանը հայտնել է, որ Խաչատրյանին տեսել է նոյեմբերի 24-ին, նա առողջական խնդիրներ չունի:

Նոյեմբերի 7-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Վագիֆ Խաչատրյանի դեմ գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 13-ին:

Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով ԿԽՄԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման:  Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչև օգոստոսի 8-ը․ վերոնշյալ տեղեկությունները փոխանցվել էին վերջինիս հարազատներին: