Найти тему
Հայաստանն այսօր

ՔՊ-ական պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրած անձանց գործն ուղարկվել է դատարան․ ՔԿ

2023թ․ սպետեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի նկատմամբ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրած երկու անձանց գործով նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննչական մարմինը հաղորդում է, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ժամը 08:30-ի սահմաններում, Ա․ Գ․-ն, Ա․ Ա․-ի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ՝ խմբի կազմում, սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել պատգամավորների նկատմամբ։

«Այդ ընթացքում Ա․ Գ․-ն ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, իսկ Ա․Ա․-ն հրել և սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել պատգամավորների հասցեին։ Այդ գործողություններով խոչընդոտվել և թույլ չի տրվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն»,- հայտնում է գերատեսչությունը:

Նշված երկու անձանց վերջնական մեղադրանք է ներկայացվել Խմբի կազմում խուլիգանություն կատարելու հոդվածով։ Նրանց մեղսագրվող արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Սեպտեմբերի 21-ին ՔԿ-ն հայտնել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հովիկ Աղազարյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվողի ձերբակալության մասին։