Найти тему
Հայաստանն այսօր

«Արցախբանկը» կվերադարձնի Արցախից բռնի տեղահանվածների գրավադրած ոսկյա իրերը

«Արցախբանկը» կվերադարձնի Արցախից բռնի տեղահանվածների գրավադրած ոսկյա իրերը՝ առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարման, հայտնում են բանկից՝ տեղեկացնելով, որ գործընթացը կիրականացվի Երևանում։

«Նպատակ ունենալով որոշակի չափով աջակցել 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ բանկը վերադարձնում է Արցախում տրամադրված ոսկու գրավով վարկերի համար գրավադրված ոսկյա իրերն առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարմանը»,-հայտնում են բանկից։

Տեղեկացնում են, որ բանկը Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավելի վարկառուների վերադարձրել է վերջիններիս կողմից գրավադրած ոսկյա իրերը, նախատեսում է 500-ից ավել հաճախորդների ևս վերադարձնել:

«Հոկտեմբերի 11-ից սկսած բանկի այն հաճախորդները, որոնց չի հաջողվել Արցախում ստանալ գրավադրված ոսկյա իրերը, կարող են անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ բանկի Նաիրի մասնաճյուղ (հասցե՝ ք.Երևան 0001, Սայաթ-Նովա պող. 10/1): Ձեզ հուզող հարցերի դեպքում կարող եք դիմել բանկի մասնաճյուղեր, ինչպես նաև զանգահարել բանկի զանգերի կենտրոն՝ 012 777771, 777772 հեռախոսահամարներով»,- հայտնել են բանկից։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: