Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը՝ կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ»,- հայտնում են գերատեսչությունից։
Արցախի ՊՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտնել էր, որ ստահոդ է Ադրբեջանի ՊՆ-ի այն հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Արցախի ՊՆ-ն նաև հերքել էր Ասկերանի շրջանում ադրբեջանական դիրքերին կրակելու Բաքվի տեղեկությունները։ Արցախի ՊՆ-ն պատասխանել էր դիվերսիոն ներթափանցում կատարելու Ադրբեջանի մեղադրանքներին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն։
Արցախի ՊՆ-ն երեկ՝ սեպտեմբերի 18-ին, երկու անգամ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունները։ Սեպտեմբերի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման և ԼՂ մեկ զինծառայողի վիրավորման մասին։