Հայաստանի իշխանությունները պատրաստվում են 9 մլն դոլար հատկացնել ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպման համար, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը հիշեցրել է, որ կառավարությունը ավելի քան 2,3 մլրդ դրամ (6 մլն դոլար) է հատկացրել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ Երևանում կայանալիք համերգի համար։
Այդուհանդերձ, թերթի տեղեկություններով, Սնուփ Դոգի բուն հոնորարը լինելու է 1,8 միլիոն դոլար, ևս 250 հազար դոլար են կազմելու նրա լրացուցիչ պահանջները` կեցության և այլ խնդիրների համար:
«Իսկ ինչի՞ վրա է ծախսվելու 3 միլիոն 950 հազար դոլարը: Ոչ մի համերգային միջոցառում Հայաստանում չի կարող այդքան արժենալ, ինչը նշանակում է, որ իշխանությունը մեծ «լվացք» է նախաձեռնել` փողերի լվացք»,-հավելել է թերթը։
Օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg)-ի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։