Найти тему
Հայաստանն այսօր

Զրպարտությունն ու վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ․ Արցախի նախագահը օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներ՝ զրպարտությունն ու վիրավորանքը դարձնելով քրեորեն պատժելի արարքներ, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հաղորդվում է, որ համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ զրպարտությունը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով: Այն դեպքում, երբ այդ արարքները կատարվում են պարբերաբար, ապա պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ վիրավորանքը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

Նշվում է, որ այն դեպքում, երբ այդ արարքները կատարվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պարբերաբար, դրանք պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով:

Ըստ երկրի ղեկավարի ստորագրած օրենքների՝ պահպանվել է դատական կարգով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի հնարավորությունը, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: