ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն Արցախում 2 երեխաների մահվան մեջ Բաքվին է մեղադրել՝ որպես պատճառ մատնանշելով Լաչինի միջանցքը շրջափակելու փաստը։
«Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի տոտալ պաշարումն անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան զոհվել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով:
21-րդ դարում սա չի կարելի թույլ տալ»,-Twitter-ում գրել է Միրզոյանը։
Հուլիսի 8-ին Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաներ են մահացել, ծնողը նրանց մենակ է թողել տանը։ Նույն օրը Արցախի ՔԿ-ն հայտնել է, որ երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։