Найти тему
Հայաստանն այսօր

ՄԻՊ-ն արձագանքել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ գերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը, հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա և որ այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։

«Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից»,- ասված է հայտարարությունում:

Ընդգծվում է, որ ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։

«Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները»,- ասված է հաղորդագրության մեջ»,- նշում է պաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև կոչ է արել հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։

Նշվում է, որ հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում