Հայ առաքելական եկեղեցում բարձր պաշտոններ զբաղեցնող քահանաները, հուսով եմ, բավարար փաստարկներ ունեն իրենց հոգեկան և սեռական առողջության համար, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսպես նա մեկնաբանեց ՀԱԵ այն հայտարարությունը, որ եկեղացագիտություն սովորել ցանկացողները կարող են ընդունվել հոգևոր ճեմարան՝ պայմանով, որ համոզիչ ապացույցներ ներկայացնեն իրենց առողջական վիճակի մասին։
«Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ սկսել են վիրավորական հռետորաբանություն կիրառել, բայց ես չեմ պատրաստվում նրանց նույն ոգով պատասխանել»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ պատրաստ է եկեղեցու մասին իր հայտարարությունների համար ներողություն խնդրել այն բազմաթիվ քահանաներից, ովքեր ադեկվատ և ազնվորեն կատարում են իրենց հոգևոր ծառայությունը։
«Ինչ վերաբերում է այս հայտարարության հեղինակներին, ես նրանց վիրավորանքներով չեմ պատասխանի, քանի որ քաղաքական մրցակիցներին վիրավորելը սխալ է։ Հուսով եմ, որ ճեմարանն ավարտած և եկեղեցում բարձր պաշտոններ զբաղեցրած բոլոր քահանաները ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր են ներկայացրել իրենց հոգեկան, ֆիզիկական և սեռական առողջության վերաբերյալ»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը մայիսին դպրոցականների հետ հանդիպմանն ասել էր, որ եկեղեցին պետությունից բարձր լինել չի կարող. «Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեությամբ զբաղվել, ապա նրան ոչինչ չի խանգարում կուսակցություն ստեղծել։ Կարծում եմ՝ ավելի ազնիվ կլինի ընտրողների հետ, և նրանք նույն հարթության վրա կլինեն այլ քաղաքական հակառակորդների հետ»,- պարզաբանել է վարչապետը։
Ի պատասխան՝ ՀԱԵ-ն հայտարարեց, որ աստվածաբանություն սովորել ցանկացողները կարող են ընդունվել հոգևոր ճեմարան՝ համապատասխան կրթական չափորոշիչները հաղթահարելու և առողջական նորմալ վիճակի համոզիչ ապացույց ներկայացնելու պայմանով։