Վաշինգտոնյան բանակցություններում հնարավոր է եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված։ Այս մասին մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսում հայտնեց ՀՀ Արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հնարավոր է եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված, իսկ մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ ուղիղ և անկեղծ զրույց ծավալել, որի արդյունքում կողմերը ավելի լավ կարողացան հասկանալ մեկը մյուսի մտադրությունները և մտահոգությունները։ Անշուշտ կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից և դրանք հասկանալիորեն այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին, բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել», - հավելեց Միրզոյանը:
ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ-ի համար սկզբունքային է որոշակիություն ունենալ սահմանազատման գործընթացում, իսկ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում կողմերը ամենամոտն են վերջնական կարգավորմանը։
Վերջինիս խոսքով հայկական կողմը պատրաստ է և շահագրգռված տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ։
«Մենք պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- եզրափակեց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։