Վարչապետի որդուն առևանգելու կասկածանքով այս պահին կալանավորված է միայն 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ նա 72 ժամով կալանավորել է, այժմ հարցաքննվում է։ Մելիքյանն ասաց, որ եթե քննիչը Հակոբյանին ազատ արձակելու որոշում չկայացնի, ապա կալանքի ժամկետը լրանալուց հետո քննությունը կարող է նրա կալանքի հարցը բարձրացնել։ Մյուս ձերբակալվածներն ավելի վաղ ազատ են արձակվել։
Փաստաբանի խոսքով՝ դեպքի մասին անգամ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը հանցակազմ չի պարունակում։ Նա նաև հայտարարել է, որ Քննչական կոմիտեն չի պնդում, որ վարչապետի որդին մեքենա է նստել իր կամքին հակառակ։ «Մեր կարծիքով՝ այստեղ առևանգման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր փորձել են առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին. նա վնասվածք է ստացել։ Ավելի ուշ «Որդիների Կանչ» ՀԿ նախագահը հերքել էր Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձը։ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածի շուրջ ձերբակալվել են 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ, տեղեկացրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Armenia Today-ը նաև տեղեկացրել էր, որ Շենգավիթի քննչական բաժնի մոտ հավաքվածների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։