Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու կասկածանքով 4 ձերբակալված կա, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի ուշ Մելիքյանն Armenia Today-ին հայտնեց բերման ենթարկվածների անունները. «Ձերբակալվածների թվում են Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը և Վիգեն Ազատյանը` Արման Ազատյանի հայրը»,- նշեց նա:
Մելիքյանի խոսքով՝ կիրառվել է անհամաչափ ուժ: «Եղել է խայտառակ ուժի կիրառում, ձեզ հայտնի վատ ձևով են բերել` ձեռնաշղթաներով: Ոստիկանության բաժնում իրականացվել է նաև անձնական խուզարկություն»,- մանրամասնեց Ռուբեն Մելիքյանը։
Համաձայն Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման գարծով ձերբակալվածի կարգավիճակ ունի մեկ անձ: ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին պարզաբանեց, որ ոստիկանության բաժնում 4 ծնող կա՝ նրանցից մեկն ունի ձերբակալվածի կարագավիճակ, իսկ մյուսները՝ բերման ենթարկվածի:
Armenia Today-ին հաջողվեց պարզել, որ ձերբակալվածը Ժորա Մարտիրոսյանի մայրն է՝ Գայանե Մարտիրոսյանը, ով երևում է նաև հայտնի տեսանյութում:
Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանն Armenia Today-ին ասաց, որ այս պահին էլ քննչական գործողություններ են ընթանում և մանրամասեր հայտնել չի կարող: Բերման ենթարկվածները ոստիակնության բաժնում կարող են մնալ միայն 6 ժամ, դրանից հետո պետք է տեղեփոխվեն Քննչական բաժին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր փորձել են առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին. նա վնասվածք է ստացել։ Ավելի ուշ «Որդիների Կանչ» ՀԿ նախագահը հերքել էր Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձը։ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածի շուրջ ձերբակալվել են 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ, տեղեկացրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Armenia Today-ը նաև տեղեկացրել էր, որ Շենգավիթի քննչական բաժնի մոտ հավաքվածների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։