Մայիսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մի խումբ անձինք փորձել են առևանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Լրատվականը չի նշել տեղեկատվության աղբյուրը։
Միջադեպը, ըստ հրապարակման, տեղի է ունեցել Փաշինյանի տան մոտ։ Առևանգման մասնակիցները, ըստ նախնական տվյալների, «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամներ են, մանրամասնել է թերթը։
«Նրանք ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին»,–գրում է թերթը։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը Armenia Today-ին հաստատեց, որ ոստիկանությունում հաղորդում է ստացվել վարչապետի որդուն առևանգելու փորձի մասին, և հավաքված նյութերը կուղարկվեն Քննչական կոմիտե։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գարի Գալեյանը, ով նույն կազմակերպության անդամ է, առևանգման փորձին կարող էր մասնակից լինել։ Գալեյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրն է։