Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական հոգևոր ժառանգությունը: Այս մասին նշված է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի զեկույցում։
ԱՄՆ կառավարության անկախ, ինքնուրույն խորհրդատվական մարմնի զեկույցում Ադրբեջանը ներառվել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում։
«Միջազգային մարմինները և այլ կազմակերպություններ շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը ՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում։ Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն էր եկեղեցիներից հեռացնել Հայ Առաքելական արձանագրությունները, որոնք նա «ֆիկտիվ» էր անվանել: Ըստ ամենայնի, կառավարությունը միջազգային հանրության վրդովմունքից հետո հրաժարվել է այդ ծրագրից, իսկ մարտին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և այդ ժառանգությունը ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»,-ասված է փաստաթղթում:
USCIRF-ն ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը ֆինանսավորում տրամադրել ՝ «Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմա-մշակութային, կրոնական կամ մշակութային ժառանգության վերականգնման համար»: