ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի կարող մեկնաբանել իր խոսքերը։
«Ռուսաստանում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չի կարող իմ զրուցակիցը լինել։ Իմ զրուցակիցներն են ՌԴ նախագահն ու վարչապետը։ Նույնիսկ Ռուսաստանի նման բարեկամ և հարգված պետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չի կարող մեկնաբանել իմ խոսքերը, այլ պարզապես պետք իմ ասածներն ականջին օղ անի»,- ասել է վարչապետը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել էր Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը «դե յուրե կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե արձանագրի, որ ՀԱՊԿ-ն ինքն է հեռացել Հայաստանից՝ մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու առումով»։
«Ես տեխնիկապես չեմ հասկանում, թե ինչպես է այդ ամենը ներկայացվում այնտեղ: Այս մասին մենք արդեն բազմիցս խոսել ենք։ Եթե սա խոսք է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դիրքորոշման լոբբինգի համար, ապա ինձ թվում է, որ մենք դեռ պետք է հասկանանք խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը հեռանալ Հայաստանից։ Մենք արդեն խոսել ենք այս մասին, նույնիսկ պարզ չէ, թե ինչն է վտանգված», - ասել էր Զախարովան: