Найти тему
Հայաստանն այսօր

Ի՞նչ է նշանակում, երբ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը․ ԲԴԽ անդամը հրաժարվեց պատասխանել

Ի՞նչ է նշանակում, երբ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը։ ԱԺ նիստի ընթացքում նման հարցադրմամբ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Որպես միջազգային իրավունքի մասնագետ, կարո՞ղ եք մեկնաբանել, երբ որ ասում են՝ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք դա նշանակում է, որ ճանաչում է այդ երկրի սահմանները քար առ քար, թուփ առ թուփ, թե՞ դա ընդհանուր ձևակերպում է, որը գալիս է ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնարար դրույթներից։ Ձեզ՝ որպես միջազգային իրավունքի մասնագետի, հայտնի՞ է արդյոք որևէ դեպք, որ երկու երկիր մեկմեկու տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն արձանագրելու հետ մեկտեղ կիլոմետր-քառակուսիներով արձանագրեն այդ երկրի ծավալը»,- նշեց Մանուկյանը։

ԲԴԽ անդամը հրաժարվեց պատասխանել պատգամավորի հնչեցրած հարցին՝ մեկնաբանելով, որ չունի իրավասություն ԱԺ ամբիոնից նման քննարկման մասը դառնալու։

«Ձեր հարցադրումները շատ հետաքրքիր են, սակայն ես չեմ կարող այս ամբիոնից մտնել նման քննարկման մեջ՝ հաշվի առնելով այն օրենսդրական կարգավորումները, որոնք կանոնակարգում են ԲԴԽ անդամների վարքագիծը և բացառում են քաղաքական կամ ապաքաղաքական քննարկումների մեջ մտնելը»,- հարցին ի պատասխան նշեց Քոչարյանը։

Մանուկյանը մտահոգություն հայտնեց երկրում տիրող իրավիճակի շուրջ և նշեց, որ ցավում է Քոչարյանի նման հմուտ
միջազգային իրավունքի մասնագետին տեսնել ԲԴԽ-ում՝ սահմանափակ լիազորություններով։

«Ես ցավում եմ, որ ձեր նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է և դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների, որոնք ոնց ուզում՝ մեկնաբանում են միջազգային իրավունքը, երկիրը տանում են ուղղակի խայտառակ վիճակի և դավաճանական ընթացքով պատրաստվում են թշնամուն հանձնել Արցախը, ՀՀ ազատագրված մասնիկները»,- հավելեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում