Ադրբեջանը միտումնավոր կերպով քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անվտանգ և անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ, նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայում: Իր ֆեյսբուքյան էջում առողջապահության նախարարը հրապարակել է իր ելույթի տեսագրությունը։
«Արդեն վեց ամիս է, ինչ Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անվտանգ և անխոչընդոտ փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով 120.000 բնակիչ գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ: Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակումը սննդամթերքի, դեղորայքի և բժշկական ծառայությունների պակասի պատճառ է դարձել»,– ասել է Ավանեսյանն իր ելույթում։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անվտանգ և անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հումանիտար սկզբունքներին համապատասխան՝ այդպիսով զրկելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնությունից։
Այս համատեքստում Անահիտ Ավանեսյանը կարևորել է ԱՀԿ-ի ժամանակին և կոշտ արձագանքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։