Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք․ ԱԽ քարտուղարը՝ բանակցությունների մասին

Բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններին, առաջիկայում սպասվելիք հանդիպումներին։

Թե որոնք են այդ կարևոր հարցերը, որոնց առումով առաջընթաց չկա, ԱԽ քարտուղարն ընդգծել է․ «Դա ՀՀ սուվերենության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեխանիզմի ստեղծումն է, ինչպես նաև միջազգային երաշիքների ստեղծումը»։

Նա հայտնել է նաև, որ այսօր Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպում չի սպասվում։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Բրյուսելյան հանդիպումից հետո բանակցությունները շարունակվելու են Քիշնևում, որին միանալու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Վաշինգտոնում նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարբերվում են։ Բլինկենն ընդգծել էր, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»:

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնեն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում