Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Այս մասին իր շնորհավորական ուղերձում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ դա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությամբ:
«Միջազգային փոթորկալից իրադրությունն ավելի է սրում այդ իրավիճակը, որովհետև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգերը դեֆորմացված են»,- գրել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այս իրավիճակում Հայրենիքի համար իրենց կյանքը տված նահատակների առաջ ամենամեծ պարտավորությունը պետականության ուժեղացումն ու զորացումն է, և այս ծրագրի մաս պիտի լինի տարածաշրջանում հարաբերությունների կարգավորումը:
Այս մոտեցումն է, որ, ըստ վարչապետի, պիտի երաշխավորի հայ ժողովրդի լինելիությունն իր Հայրենիքում: Ուժեղ ու զարգացած Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի դառնա մեր բոլոր նահատակների մեծարման ու հիշատակի առհավատչյա:
«Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի, դաշնակցային բանակների կազմում, պարտիզանական և դիմադրության ընդհատակյա գործունեության մեջ զգալի ներդրում ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ պատերազմում ունեցանք ավելի քան 300 հազար զոհ:
«Շուրջ 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, բազմաթիվ հայեր բարձր պարգևներ են ստացել ԽՍՀՄ-ի և դաշնակից երկրների կողմից՝ հայ ժողովրդի պատվավոր տեղն ապահովելով ֆաշիզմի դեմ պայքարում»,- նշել է երկրի ղեկավարը: