Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հայ բռնցքամարտիկները նվաճել են 10 բրոնզե մեդալ։ Ունենք նաև եզրափակչի 3 մասնակից։ Հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Այսօր անցկացվել են կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը։ Տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Ըստ նախարարության, աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը:
Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝ Գոռ Ազիզյանը (57 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ), վստահ հաղթանակներ են տարել կիսաեզրափակչում և դուրս գալով եզրափակիչ՝ կպայքարեն հաղթողի տիտղոսի համար:
Հայ բռնցքամարտիկների ելույթներին տրիբունայից հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, անվանի բռնցքամարտիկներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, բազմաթիվ երկրպագուներ:
Հավելենք, որ երիտասարդների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 3-ին՝ Երևանի «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է:
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. 10 բրոնզե մեդալ և եզրափակչի 3 մասնակից
1 минута
2 мая 2023