Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.), հայտնում են ՀՀ ՊՆ-ից
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Սոթքում ԱԹՍ է կիրառել. երկու զինծառայող է վիրավորվել։ Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Մայիսի 12-ին հակառակորդի կրակոցի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր նաև երկրորդ վիրավորի մասին։
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։