Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ Սոթքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները գյուղում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։
Նշվում է, որ առավոտից ամբողջությամբ դադարեցվել է նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ աշխատողների անվտանգության նկատառումներից ելնելով։
«Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները։ Խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի թիրախավորման առնչությամբ տարածված տեղեկատվությունը այն պայմաններում, երբ մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։ Հարկ է նկատի ունենալ, որ շտապօգնության մեքենան թիրախավորելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով»,- ասված է հայտարարությունում։