Найти тему
Հայաստանն այսօր

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում լարվածության պահպանումը կապել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունների հետ

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ТАСС  -ը: Նա հավելել է, որ աշխարհում ուժեղացող կոնֆլիկտային ներուժն ազդում է ՀԱՊԿ սահմանների ողջ պարագծի իրադրության վրա։ «Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակներ՝ հակամարտության ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով։ Բացասական միտումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծի իրադրության վրա», - նշել է Թասմագամբետովը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ միջազգային հարաբերությունները խորը տրանսֆորմացիա են ապրում, փոխվում են տասնամյակներ շարունակ հաստատված աշխարհակարգի հիմքերը։ «Համաշխարհային քաղաքականության առանցքային ոլորտներում հաստատվում է սեփական շահերն ապահովելու ձգտումը՝ ի վնաս համընդհանուր տարածաշրջանային անվտանգության հրամայականների», - նշել է Թասմագամբետովը:

Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:

Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում