Ներկայիս դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար, և մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին առաջարկում ենք կարողություններն առաջարկել թե՛ մարդկանց թվաքանակի, թե այլ տեսանկյունից։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Գիտեք, որ Հայաստանն ինտենսիվ կերպով աշխատում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Բնականաբար, Ֆրանսիայի հետ ևս քննարկում ենք սա և ակնկալում ենք, որ աջակցություն կստանանք»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը շեշտել է նաև, որ Ֆրանսիան բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին։
«Գիտեք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է ուղարկվել Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որում կարևոր դերակատարում է ունեցել Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին և Արցախին օգնելու հարցում։ Ֆրանսիայի ԱԳ նախարարին առաջարկել էինք այցելել Ջերմուկ, որպեսզի տեղում տեսներ իրավիճակն ու ավելի համապարփակ պատկերացում կազմեր։ Կարող եմ ասել, որ քննարկումներից տպավորություն ունեմ, որ նա ամբողջովին պատկերացնում է իրավիճակը»,- նշել է նա։
Գրիգորյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ Հայաստան է ժամանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը, և այս պահին իրենք տեսնում են Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն՝ Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման հարցում։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Գրիգորյանը նշել է, որ մոտակա շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։
«Ադրբեջանը ևս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանն անտեղի ոչ կարևոր հարցերի շուրջ ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»,- ասել է Գրիգորյանը։
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։
Բացի այդ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ բողոքի բովանդակությունը կներկայացնեն դատարանից պատասխան ստանալուն պես: