Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ Փարիզը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը մեղադրել է Երևանին հանրապետության տարածքով դեպի Նախջևան միջանցքի «կառուցմանը խոչընդոտելու և Լաչինի միջանցքը Երևանի կողմից չարաշահելու մեջ»։
Ալիևը Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումն անվանել է «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը»։
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։
Բացի այդ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ բողոքի բովանդակությունը կներկայացնեն դատարանից պատասխան ստանալուն պես: