Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որևէ ձևով չեն արտացոլում հայկական շահը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ: Այդպես է գրված նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում:
Իսկ քննարկումներն այն մասին, թե անցակետում ինչպես պետք է բաշխվի ռուսական և ադրբեջանական գործառույթները, ով, որ դեպքում ինչպես պետք է գործի, առհասարակ հայկական կողմի համար չարիք են: Այդ թեմայով բանակցելու բան չկա»,- գրել է պատգամավորը:
Ըստ նրա՝ միգուցե այլ թեմաներում փոխզիջման հնարավորություն կա, սակայն կոնկրետ անցակետի հարցում պետք է լինել անզիջում, որովհետև եթե այն սկսեց գործել, ապա ամեն ինչ արագ կավարտվի:
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։