ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր որոշում կայացնողների հետ Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումների վերականգնման ուղղությամբ։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այս պահին շարունակվում է երկխոսությունը բոլոր որոշում կայացնողների հետ, որպեսզի ճշտենք մեր տեղափոխումների հետ կապված որոշ մանրամասներ և կարողանանք հնարավորինս արագ սկսել մեր մարդասիրական գործողությունները Լաչինի միջանցքի երկայնքով», - նշեց Ամատունին։
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։