✅ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190 հոդվածի՝ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության օրոք սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Ըստ կտակի ժառանգն այն անձն է, որին կտակով պետք է հանձնվի ժառանգության ամբողջ զանգվածը կամ կտակով նշված մասը: Այս առումով ըստ կտակի ժառանգի սահմանման հետ կապված խնդիր չի առաջանում:
✅ Ժառանգատուի կտակի բացակայության դեպքում հանդես են գալիս Ըստ օրենքի ժառանգները, որոնց մասին և խոսվում է ստորև:
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը ըստ օրենքի ժառանգներին բաժանել է չորս խմբի ` ըստ նրանց ժառանգման հրավիրելու հեթի և հիմք ընդունելով ժառանգատուի հետ նրանց ունեցած ազգակցական կապը:
Օրենքով սահմանված չորս հերթի ժառանգների խմբերից յուրաքանչյուր խումբ ժառանգության հրավիրվում է միայն իրեն նախորդող հերթում նշված ժառանգների բացակայության դեպքում:
✅ Համաձայն ՀՀ քաղ. օր.-ի 1216 հոդվածի՝ առաջին հերթի ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Այն դեպքում, երբ առաջին հերթի ժառանգներից և ոչ մեկը կենդանի չէ, կամ այն դեպքում, երբ այդպիսիք կան, սակայն ժառանգատուն իր կտակով զրկել է այս կամ այն ժառանգին, կամ եթե ժառանգներն իրենք են հրաժարվել գույքը ժառանգելուց, կամ եթե այդպիսիք ճանաչված են անարժան ժառանգ, ապա ժառանգության են հրավիրվում երկրորդ հերթի ժառանգները:
✅ Երկրորդ հերթի ժառանգներ են` ժառանգատուի հարազատ քույրերն ու եղբայրները (Քաղ. օր. 1217 հոդվ.):
Երկրորդ հերթի ժառանգների հարցում ուշադրության է արժանի այն, որ օրենքը նկատի ունի միայն ժառանգատուի հարազատ քույրերին և եղբայրներին:
Հարազատ են համարվում այն քույրերն ու եղբայրները, որոնք սերված են նույն հորից և նույն մորից: Համահայր (նույն հորից, սական տարբեր մայրերից սերված) և համամայր (նույն մորից, բայց տարբեր հայրերից սերված) քույրերն ու եղբայրները օրենքի իմաստով, երկրորդ հերթի ժառանգներ չեն համարվում եթե խորթ հոր կամ խորթ մոր կողմից չեն որդեգրվել: Համաձայն ՀՀ քաղ. օր. 1223 հոդվածի` ըստ օրենքի ժառանգության դեպքում որդեգրվածն ու նրա երեխաները մի կողմից, և որդեգրողն ու նրա ազգականները մյուս կողմից հավասարեցվում են ըստ ծագման ազգականներին / արյունակից ազգականներ/:
✅ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1218 հոդվածի` երրորդ հերթի ժառանգներ են հանդիսանում ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի տատը և պապը: Ընդ որում նշանակություն չունի նշված անձանց աշխատունակության աստիճանը, նյութական վիճակը, ժառանգատուի հետ համատեղ ապրելու հանգամանքը և այլն:
✅ Համաձայն ՀՀ քաղ. օր. 1219 հոդվածի` չորրորդ հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրներ, հորաքույրներ, մորեղբայրներ, մորաքույրներ): Մինչև ժառանգության բացումն այս ժառանգների մահացած լինելու դեպքում նրանց երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Ինչպես տեսնում ենք, ըստ օրենքի ժառանգների շրջանակը սահմանելիս ժառանգների չորս հերթում էլ օրենսդիրն ընդգրկել է միայն ժառանգատուի ազգականներին:
✅ Այդ սկզբունքից որպես բացառություն, ՀՀ Քաղ. օր. 1220 հոդվածով ըստ օրենքի ժառանգների թվին են դասված նաև այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում` նրանք ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որոնք ժառանգության են հրավիրվում:
✅Թվարկված չորս հերթից յուրաքանչյուրում ներառված ժառանգները ժառանգման հրավիրվելու իրենց հերթում օգտվում են ժառանգության իրենց բաժինն ստանալու իրավունքից, եթե որպես անարժան ժառանգ չեն մեկուսացվել ժառանգությունից: