Պաշտպանության նախարարությունը բացի նախազգուշական կրակոցներից կարող էր ճանապարհներին ժամանակավոր լարային արգելափակոցներ տեղադրել: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ դրանց տեղադրումը րոպեների, եթե ոչ վայրկյանների խնդիր է: Ըստ պատգամավորի՝ դա հակառակորդին կկանգնեցներ, չէր լինի այս կրակոցների կոնֆլիկտը: Իսկ եթե նրանց մեքենան կանգնեցվեր մեր զինվորականները կմտնեին խրամատներ, կլինեին անվտանգ: Ըստ նրա՝ այս դեպքում կբանակցեր մեկ-երկու հոգի, իսկ մյուսները կհետևեին ու ոչ ոք չէր համարձակվի նշանի տակ գտնվելով սադրանքի գնալ:
Օհանյանը համոզված է, որ միջադեպը կանխել հնարավոր էր:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։