Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սահմանին սկսված փոխհրաձգության ինտենսիվությունը 19:00-ի դրությամբ նվազել է. ՊՆ

19:00-ի դրությամբ սահմանին սկսված փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է, հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

«19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է», -  նշվում է հաղորդագրության մեջ։

ՊՆ-ից հորդորում են չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Այսօր ավելի վաղ  Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել։

Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Կառավարության ապրիլի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Տեղ-Կոռնիձոր հատվածում 12 կմ-անոց հատվածը, հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում