Դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում։ Համերգը լինելու է բարեգործական և տեղի կունենա ապրիլի 21-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Բացի մենահամերգից, դաշնակահարուհին անվճար վարպետության դասեր կանցկացնի հայ երիտասարդ երաժիշտների հետ։
Օսետինսկայան Հայաստան կայցելի Primavera Foundation of Armenia-ի հրավերով։ Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հայաստանի մարզերի դասական երաժշտության բնագավառում հայ երեխաների համար խոստումնալից կրթական ծրագրերին աջակցելուն։
Համերգին Օսետինսկայան կներկայացնի «Բարոկկո երաժշտությունը հեղինակային ֆիլմում» ծրագիրը։ Կհնչեն Բախի, Հենդելի, Պերսելի, Ռամոյի և բարոկկո ոճի այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք հնչել են 20-րդ դարի հեղափոխական ռեժիսորներ Սթենլի Կուբրիկի, Ինգմար Բերգմանի, Անդրեյ Տարկովսկու, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի և Լարս ֆոն Թրիերի կուլտային ֆիլմերում։