Найти тему
Հայաստանն այսօր

«Առանց թուրքական դրոնների Ադրբեջանը դժվար թե վերցներ Ղարաբաղը». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ առանց թուրքական դրոնների Ադրբեջանի համար դժվար կլիներ 2020 թվականին վերցնել Ղարաբաղը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: «Այսօր Թուրքիայի ազգային պաշտպանական արդյունաբերության 80 տոկոսն արտադրվում է երկրի ներսում։ Եթե մենք չարտադրեինք բոլոր տեսակի ցամաքային, հակաօդային և հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանի համար դժվար կլիներ վերցնել Ղարաբաղը», - ասել է նա Աֆյոնկարահիսարում «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրական կենտրոնի բացման ժամանակ։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել ռազմական արդյունաբերությունը՝ փորձելով նվազագույն կախվածություն ունենալ այլ երկրներից:

Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանային և հրթիռային հարվածների է ենթարկել Արցախը՝ կիրառելով նաև արգելված զինատեսակներ:

2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հայտարարություն ստորագրեցին հրադադարի և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց Հադրութը, Շուշին, ինչպես նաև անվտանգության գոտին կազմող 7 շրջանները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել են շուրջ 2 հազար ռուս խաղաղապահներ և 470 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև դիտակետեր Արցախի և Ադրբեջանի շփման գծում և Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքի երկայնքով:

Իրենց «էկոակտիվիստներ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին փակել էին Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Արցախը հայտնվել էր շրջափակման մեջ։ Բացի այդ, Ադրբեջանը պարբերաբար դադարեցնում է գազի մատակարարումը Արցախ, ինչի կապակցությամբ հանրապետությունում վառելիքի տնտեսման հատուկ ռեժիմ է սահմանվել։ Հունվարի 10-ից Արցախում Գորիս-Ստեփանակերտ էլեկտրահաղորդման գծի վթարի պատճառով սկսվել են հոսանքի հովհարային անջատումներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում