Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իրանի ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կկարողանան հաղթահարել լարվածությունը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխության:

Ինչպես հաղորդում է Press TV – ն, Շամխանին նշել է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունները ոչ մի երկրի օգուտ չեն տալիս: «Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածության սրման միջոց է, որը ձեռնտու կլինի տարածաշրջանային անվտանգության և կայունության թշնամիներին», — մեջբերում է պարբերականը Շամխանիին: Նա հավելել է, որ շարունակական երկխոսությունն ու փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային խնդիրների լուծման ցանկացած «կոշտ մոտեցմանը»: Շամխանին հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանը «զգայուն ժամանակաշրջան է ապրում»՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը «կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը զսպվածության և խոհեմության միջոցով»:

Իր հերթին Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Իրանը «կարևոր դեր» է խաղացել Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության պաշտպանության գործում: Գրիգորյանը «շատ արդյունավետ» է համարել Իրանի դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման գործում՝ ընդգծելով, որ «երկրների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը միակ միջոցն են առկա տարածաշրջանային ճգնաժամերը կարգավորելու և հետագա լարվածությունն ու հակամարտությունները կանխելու համար»:

Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գրիգորյանն ու Շամխանին հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում