Найти тему
Հայաստանն այսօր

Բաքուն ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը․ ՀՀ ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն այս օրերին ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը, հայերի տները, ինչպես օրինակ՝ հայկական Թալիշ գյուղում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ Մարաղայում հայերի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ հանդես գալով հայտարարությամբ։

«31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվեց ԼՂ Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Գերեվարվածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզված չեն, և վերջիններս համարվում են բռնի անհետացածներ»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ ոչ միայն 1988-1991թթ. ԼՂ տեղահանված հայերը տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չեն ստացել վերադառնալ իրենց տներ և իրացնել իրենց իրավունքները, այդ թվում՝ տնօրինել իրենց մասնավոր սեփականությունը, այլ նաև ներկայումս, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը խաթարում է տեղահանված անձանց և փախստականների վերադարձը ԼՂ և հարակից շրջաններ և ադրբեջանցիներով է բնակեցնում հայկական բնակավայրերը։

«Մարաղայի կոտորածը Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունն էր, և ադրբեջանական իշխանությունների՝ ազգային ինքնության հողի վրա զանգվածային ոճրագործությունների հերթական դրսևորումներից մեկը: ԼՂ խաղաղ բնակչության դեմ կանխամտածված ոճրագործությունները, ռազմական հանցագործությունները, դրանց անպատժելիությունն ու հերոսացումն Ադրբեջանի համակարգային քաղաքականության մաս կազմեցին և նոր դրսևորումներ ստացան ԼՂ դեմ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի, իսկ ավելի մեծ մասշտաբներով՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, որի հետևանքով տեղահանվեցին նաև Հադրութի, Շուշիի և հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր»,- հայտնում է ԱԳՆ-ն:

Ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է պղծել, վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը՝ նպատակ ունենալով իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից ջնջել հայկական հետքն առհասարակ: Միևնույն ժամանակ, ամենաբարձր մակարդակով շարունակվում է հայության նկատմամբ ատելության քարոզը:

«Մարաղայի ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակված է պահում ԼՂ մնացյալ աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը: Նման ոճրագործությունների հետագա կանխարգելման համար ևս մեկ անգամ ընդգծում ենք միջազգային հանրության գործուն քայլերի, այդ թվում՝ տրամադրության տակ առկա միջազգային մեխանիզմերի կիրառման հրատապությունը»,- ասված է հայտարարությունում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության ու անվտանգության հաստատմանը, որը հնարավոր է Ադրբեջանի կողմից առավելապաշտական ու ագրեսիվ քաղաքականությունից հրաժարվելու և առկա խնդիրներին արդարացի լուծումներ փնտրելու ճանապարհով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում