ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել սուզանավ, որը կարող է կրել մինչև 154 «Tomahawk» թևավոր հրթիռ, հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը հայտնել է, որ ատոմային սուզանավն ապրիլի 7-ին անցել է Սուեզի ջրանցքով: Նա հրաժարվեց մեկնաբանել սուզանավի խնդիրները կամ դրա տեղակայման պատճառները:
Գործակալությունը նշում է, որ սուզանավ ուղարկելն, ամենայն հավանականությամբ, ուժի ցուցադրում է Իրանի նկատմամբ տարածաշրջանում վերջին շրջանում լարվածության սրումից հետո:
Մարտին ԱՄՆ-ն ավիահարվածներ հասցրեց Սիրիայում Իրանի կողմից աջակցվող ուժերին այն բանից հետո, երբ Սիրիայի հյուսիս-արևելքում հրթիռակոծության հետևանքով զոհվեց ամերիկացի պայմանագրային զինծառայող, ևս յոթ ամերիկացի վիրավորվեց: