Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:
Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված հարցեր։
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 13-ին։ Կողմերն ընդգծել էին ԼՂ վերաբերյալ բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։