Բնական թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելու արվեստի յուրահատուկ այս ճյուղին աշխարհում քչերն են տիրապետում: Նրանց թվում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Գևորգ Կարապետյանն ու Վարդան Վարդանյանը: Մեր հերոսներն արվեստի այս ճյուղին ծանոթացել և ժամանակի ընթացքում այն իրենցն են դարձրել կյանքում, որը կառուցել են պատերազմից հետո:
28-ամյա կոչումով սպա Գևորգ Կարապետյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո 2017-ից ծառայության է անցել Արցախի հարավային զորամասերից մեկում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից մարտադաշտում է եղել։ Հոկտեմբերի 25-ին ավիառումբի հարվածից վիրավորվել է ու վնասվածք ստացել:
«Մինչ «Զինվորի տուն» գնալը, երբ դեռ նոր էի վիրավորում ստացել, կարծում էի, որ ամբողջ կյանքում էլ ոչինչ չեմ կարող անել, պատկերացումն այնպիսին էր, որ ինչ-որ մեկն ամբողջ կյանքում պետք է անընդհատ օգնի։ «Զինվորի տուն» գալուց շատ կարճ ժամանակ հետո արդեն հասկացա, որ կյանքը շարունակվում է, որովհետև կարողանում ես ինքնուրույն ու լիարժեք ապրել», -Armenia Today-ի հետ զրույցում նշեց Գևորգ Կարապետյանը:
Նոր զբաղմունքի հանդեպ սերն ու հետաքրքությունը Գևորգի մոտ առաջացել է «Զինվորի տանը», ուր պատերազմից հետո այցելել է ամերիկահայ Հելենա Առաքելյանն ու որոշել բուժում ստացող զինծառայողներին սովորեցնել թիթեռների հետ աշխատելու արվեստը:
«Ես ու ինձ շրջապտող մարդիկ չէին պատկերացնի, որ մի օր կարող եմ նման գործով զբաղվել, բայց փորձեցինք ու ստացվեց։ Սկզբից որպես հոբբի էր, իսկ որոշ ժամանակ, երբ ցուցահանդես կազմակերպեցինք, հասկացանք, որ մեր թիթեռները հանրության շրջանում մեծ տարածում ունեն: Հետաքրքրության շրջանակը շատ էր մեծանում ու որոշեցինք կազմակերպություն բացել։ Բացի նրանից, որ մենք աշխատավարձ ենք ստանում, կարողանում ենք նաև ստացված հասույթով օգնել մեր նման տղաներին»,- ասաց Գևորգը:
Մեր պատմության մյուս հերոսը սպա, հրետանավոր 31-ամյա Վարդան Վարդանյանն է: Նա ծառայել է Հայաստանի հարավային զորամասերից մեկում։ Պատերազմի ժամանակ մարտական առաջադրանք կատարելու համար մեկնել է Ջրական, որտեղ էլ վիրավորվել է։ Վարդանը պարբերաբար վերականգնողական բուժում է անցնում: Նրա համար թիթեռների հետ աշխատելն սկզբում թերապիա է եղել, քանի որ նաև ձեռքի վնասվածք ուներ, հետո թերապիան դարձել է հոբբի, այնուհետև՝ սիրելի աշխատանք։
«Սկզբից զուտ հետաքրքիր զբաղմունք էր մեզ համար: Նկարչական որևէ հմտություն չունեմ, կարծում եմ՝ դեր խաղաց զինվորական լինելու հանգամանքը: Զինվորական լինելով՝ զենքի, պատերազմի, զինվորական համազգեստի հետ ենք առնչություն ունեցել: Իսկ այս արվեստը սովորելուց ու այս գեղեցկությունը տեսնելուց հասկացանք, որ, երևի, միշտ գեղեցիկի պակաս ենք ունեցել»,- նշեց Վարդանը:
Վարդանն ասում է՝ յուրաքանչյուր գործի մեջ սեր ու ջերմություն է դնում։ Բայց լինում են աշխատանքներ, որոնք ավելի սիրելի են դառնում ու որոնցից չի ցանկանում բաժանվել։ Վարդանի համար ամենաառանձանահատուկը մեծ թիթեռն է՝ վիրավոր թիթեռներից պատրաստած աշխատանքը, որը «Զինվորի տան» խորհրդանիշն է դարձել:
«Երբ թիթեռների հետ աշխատում ենք, իրենք վնասվում են։ Բնական թիթեռներ են, մի փոքր անզգույշ վերաբերմունք՝ թևը կարող է վնասվել, և այդ վնասված հատվածները չենք դնում կոմպոզիցիաների մեջ։ Վնասված հատվածները մի տարրայի մեջ հավաքել էինք ու որոշեցինք այդ վնասված ու առողջ թիթեռները միացնել ու մի մեծ թիթեռ ստանալ: Մենք չենք համարել, որ վիրավոր թիթեռներն անպիտան են։ Թեկուզ վնասված, բայց հավաքել ենք ու մեծ թիթեռ ստացել, ինչը խորհուրդ ունի: Մենք էլ՝ վիրավոր տղաներս, թեկուզ ինչ-որ չափով վնասվելով՝ ոչ պիտանի չենք համարվում։ Մենք վիրավոր տղաներով հավաքվել ու նման գեղեցիկ ստեղծագործություններ ենք ստացել»,- անկեղծացավ Վարդանը:
Գևորգն ու Վարդանն ասում են՝ զենքից հետո նուրբ թիթեռներով աշխատանքն իրենց համար կարծես նոր մարտահրավեր է, քանի որ առանձնահատուկ ուշադրություն ու հմտություն է պահանջվում։ Կան աշխատանքներ, որոնց պատրաստման գործընթացը կարող է անգամ ամիսներ տևել:
«Թիթեռներով կոմպոզիցիա սարքելը մեզ համար աշխատանք չէ, հանգստանում ենք: Կարելի է ասել՝ հոգևոր ուժ ենք ստանում։ Թիթեռներն իդեալական են, իրենց կյանքը վերանայելով, իրենց երկրորդ կյանք պարգևելով՝ մենք հաճույք ենք ստանում»,- նշում է Գևորգը:
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Սաթեն Միքայելյանի խոսքով, եթե սկզբից արվեստը վիրավոր զինծառայողների համար միայն թերապիա էր, հետո հասկացել են, որ այն մեծ բիզնես նախագիծ կարող է դառնալ։ «Գեղեցկություն զինվորներից» նախագիծն արդեն գրանցված կազմակերպություն է։
««Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի խնդիրը հենց զինվորական ծառայության կամ հայերնիքի պաշտպանության ժամանակ առողջական խնդիրներ ձեռք բերած տղաներին աջակցելն է, լուծել ոչ միայն առողջական, այլև սոցիալական, սոցիալական վերաինտեգրման խնդիրները, ինչը չափազանց կարևոր է: Գուցե մինչև պատերազմը, մինչև վիրավորում ստանալն ունեցել են մասնագիտություններ, որոնցով այսօր չեն կարող աշխատել ու ընտանիք պահել»,- ասաց Սաթեն Միքայելյանը՝ շեշտելով, որ իրենց նպատակը նաև տղաներին այլ մասնագիտություններով, այլ զբաղմունքներով ապահովելն է:
Նախագծի մեջ խորհրդանշանական գաղափար է տեսնում նաև «Զինվորի տան» ներկայացուցիչը:
Հիշելով տղաների խոսքերը՝ նա ասաց. «Տղաներն ասում են՝ «ինչպես մենք ենք վնասվածք ստանալուց հետո պիտանի մեր հասարակությանը, այնպես էլ այս վնասված թիթեռներն են պիտանի: Ասում են՝ «մենք գեղեցկություն ենք ստեղծում, մենք հավերժացնում ենք գեղեցկությունը»:
Վարդանն ու Գևորգը հայրենիքը պաշտպանելուց հետո վերականգնողական երկար ճանապարհ են անցել: Թեպետ այդ ճանապարհը դեռ շարունակվում է, բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ նրանք նոր կյանք ստեղծելու մեծ ուժ են գտել: Իսկ այն, ինչը կարող էր կարճ կյանք ունենալ, պատերազմի ամբողջ ծանրության միջով անցած տղաների շնորհիվ այսօր երկրորդ կյանք է ստանում:
Աննա Բադալյան