Անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելչուկ Բայրաքթարը այցով եղել է Բաքվում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Բայրաքթարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները»:
Հասանովը Բայրաքթարին պարգևատրել է նաև «ռազմական համագործակցության ոլորտում ունեցած վաստակի համար» մեդալով:
Նշենք, որ թուրքական ընկերության ղեկավարի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների արդյունքում տեղի ԶԼՄ-ները հրապարակել են լուսանկարներ, որոնցում Բայրաքթարը Ալիևին է հանձնում թուրքական քիչ նկատելի Kızılelma հարվածային անօդաչուի մակետը, որը ներկայումս մշակվում է Baykar ընկերության կողմից: Անօդաչու թռչող սարքի առաջին նախատիպն արտադրության է դրվել 2022 թվականի մարտին, իսկ Kızılelma-ի առաջին թռիչքի մասին հաղորդվել է 2022 թվականի դեկտեմբերին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք